Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով 28 հիվանդի հնարավոր չի եղել Արցախից հասցնել Հայաստան, նրանց թվում՝ հղիության վերջին փուլում գտնվող կնոջ և սուր լեյկոզով 9 տարեկան երեխայի

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:
Չկայացած ուղերթում է նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում: Չեղարկված տեղափոխման մեկ այլ դեպք առնչվում է 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու:
Առողջապահության նախարարությունը շարունակում է պաշտոնական հաղորդակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օր առաջ կազմակերպելու ուղեգրված բուժառուների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն»,- նշված է հաղորդագրությունում: