Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում գործել է 5-րդ շարասյուն։
«Մենք պետք է իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք, խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է, ու բանակը դրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, նրանից է, որովհետև պահանջը կամ, գուցե, պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության», – Ազգային ժողովում հայտարարեց Պապիկյանը։
Նախարարը հարց հնչեցրեց՝ եթե մարդը դավաճան է, պետք է չխոսե՞լ դավաճանի մասին։
Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ Զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե «մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում»։ Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ պարսավանքի ենթարկեք, ասում եք՝ «մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք»։ Ո՛չ, պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի», – նշեց Սուրեն Պապիկյանը։