Կարկառուն քպականներից մեկը, որը իր մասին հիշեցրեց՝ կարտոֆիլամարտի բռնվելով, շարունակում է մարգարիտներ շաղ տալ․ «Փաստ»
Կարկառուն քպականներից մեկը, որ օրերս հերթական անգամ հիշեցրեց իր մասին՝ կարտոֆիլամարտի բռնվելով, շարունակում է մարգարիտներ շաղ տալ: Գիտեք, թե ում մասին է խոսքը: Նրա, ով հանրությանը համոզում էր, որ փողոցում «պեռաշկի» ուտելով ֆռֆռալը, այդ դարակազմիկ եղելությունը լուսանկարելն ու հանրայնացնելը իրենց՝ ՔՊ-ի ներկայացուցիչների հավաքական նկարագիրն է: Հայտնի միջադեպից հետո նրան կարելի է հիշատակել նաև «կարտոֆիլային չիփսերի սարսափ», «կարտոֆիլի «ժարիտի» հակառակորդ», «մեծն կարտոֆիլատյաց» տիտղոսներով: Ինչևէ… Հիմա մի հատ էլ հարցազրույց է տվել ու պատմել, թե ինչպես տեղի ունեցավ աղմկահարույց «կարտոֆիլամարտը» և, ամենից կարևորը, ինչու ինքը նման բան արեց:
Ասածի իմաստն այն էր, որ ինքն ուղղակի չէր կարող անտարբեր լինել, քանի որ կարտոֆիլավաճառը կամ կարտոֆիլավաճառները ապրանքն արդեն փողոցի երթևեկելի մասում էին դնում, ինչը խոչընդոտում էր երթևեկությանը, ինչի հետևանքով կարող էր այդտեղով շտապ բուժօգնության երևակայական մեքենան չանցնել, ինչի հետևանքով կարող էր անհապաղ օգնության կարիք ունեցող մի 4 տարեկան երեխա մահանալ (ենթադրաբար, որպես օրինակ էր ասում): Եվ ահա ինքը՝ «կարտոֆիլային չիփսերի սարսափը», անտարբեր չէր կարող լինել, հակառակ դեպքում՝ ինքն իրեն չէր ների, չէր կարողանա մյուս օրը սափրվելիս նայել հայելուն, նայել իր աչքերի մեջ… Սա սենսացիոն հայտարարություն է: Գիտե՞ք, թե ինչու: Որովհետև, պարզվում է, ՔՊում կարողանում են նայել սեփական աչքերի մեջ: Բայց դրան դեռ կվերադառնանք:
Մինչ այդ նկատենք, որ կարտոֆիլամարտի բռնված, ճանապարհի երթևեկելի մասից արհեստական խոչընդոտները վերացնելու վեհ ու մարդասիրական նպատակներ հետապնդած անձը ա) ԱԺ պատգամավոր է, բ) իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավոր է, գ) այդ իշխող ուժի կարկառուններից է: Հարց է ծագում (չի կարող չծագել)՝ բա ամբողջ իշխանությունը ձեր ձեռքերում կենտրոնացված, քաղաքային իշխանությունով, վարչական շրջանների ղեկավարներով-բանով, մի՞թե չեք կարողանում մի բան մտածել այդ խոչընդոտն օրինական կարգով վերացնելու մասին: Լավ, դժվա՞ր է դրա վրա քաղաքային իշխանության ուշադրությունը հրավիրել, վարչական շրջանի ղեկավարին ասել կամ հորդորել: Թե՞ ասել են, բայց չեն արել: Չնայած, ի՞նչ պահանջել մի պատգամավորից, որը մինչև հիմա վարչական շրջանի ղեկավարին թաղապետ է անվանում: Չէ՜, ինչպե՜ս կարելի է օրինական եղանակներով, իրենցը՝ անձամբ զոռբայություն անելն է, կարտոֆիլն ասֆալտին փռելը, տեսարան ու պատմություն սարքելը:
Հայելու մասին: Ու աչքերի: Իրենց: Այն մասին, որ կարողանում են իրենց աչքերի մեջ նայել: Այսինքն, որ տեսնում են, օրինակ՝ կարտոֆիլի պարկը վաճառողը, ենթադրենք, սխալ տեղում է դրել, քպականները քունուդադարը կորցնում են, չեն կարողանում անտարբեր գտնվել, անմիջապես բորբոքվում են, կարգն անձամբ են ձգտում վերականգնել, որպեսզի… խիղճները չտանջի և կարողանան նայել սեփական աչքերի մեջ: Ո՞նց: Ինչպե՞ս, էլի: Ուրեմն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո դուք ձեր աչքերի մեջ կարողանո՞ւմ եք նայել: «Եռաբլուրը» եռապատկելուց հետո դուք հանգիստ քնո՞ւմ եք, հանգիստ սափրվում, նայում հայելուն ու ձեր աչքերի մե՞ջ ու, ասես ոչինչ չի պատահել, գնում եք աշխատավա՞յր կամ կարտոֆիլի պարկեր շուռ տալո՞ւ: Հազարավոր զոհերի, կորուստների, աղետների, մահերի պատճառ դարձած իշխանության ներկայացուցիչ լինելով… ձեր աչքերի մեջ կարողանո՞ւմ եք նայել:
Ձեր իշխանության պայմաններում պատերազմում զոհվածների մարմինները պարկերի մեջ դրած նետվում են գավառական ինչ-որ հիվանդանոցի նկուղն, ու դուք կարողանում եք ձեր աչքերի մեջ նայե՞լ: Իսկ կարտոֆիլի պարկերի պատճառով չէիք կարողանալո՞ւ… Կարո՞ղ է ձեր հայելիների հետնամասում թունավոր սնդիկ է լցված, որ ձեր նայելու ժամանակ հայելին ցաքուցրիվ չի լինում: Ընդամենը մեկուկես ամիս առաջ 15 զինվոր կացարանի մեջ այրվեց: Ու դուք կարողանում եք ձեր աչքերի մեջ նայե՞լ: Այս ո՞վ եք դուք, որպես մարդ-արարած, որ կարողանում եք: Որ այդքանից հետո հանգիստ քնում-ելնում եք, «պեռաշկի» ու չգիտեմինչակողր ուտում, հարցազրույցներ տալիս, սրտաճմլիկ բաներ հորինում առ այն, թե՝ բա որ հանկարծ ճանապարհին եղած խոչընդոտի պատճառով շտապօգնության մեքենան չկարողանար անցնել, ֆլան-ֆստան…
Որ հայելու մեջ նայում եք, ձեր վարչապետի ավտոշարասյան կողմից սպանված Սոնա Մնացականյանի ու նրա չծնված զավակի պատկերը աչքներիդ առաջ չեն գալի՞ս: Որ հայելու մեջ նայում եք, հազար-հազարավոր զոհվածների, նրանց՝ ձեր ոստիկանության կողմից քաշքշված, գետնին նետված ծնողների հայացքները դեմներդ չեն գալի՞ս, հայելու միջից ձեր աչքերը չեն ծակո՞ւմ… Ամեն առավոտ քանի՞ րոպե եք ծախսում ձեր հայելիները ձեր բերած արյունից մաքրելու վրա, որ կարողանաք ֆիզիկապես նայել հայելուն: Մի շատ հայտնի ֆիլմի հերոսի խոսքով ասած՝ ամենից ահավորը ամպուտացված հոգով անձերն են, հոգին պրոթեզով չես փոխարինի: Ձեզ թվում է, թե փոխարինել եք: Բայց… միայն թվում է: