Կարևոր չէ, թե ինչ եք դուք այժմ բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ նիստին
Հայկ Մամիջանյանի ելույթը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ:
«Տիկի’ն նախագահող, հավատացեք, որ սոցիալական խնդիրները չունեն ազգություն կամ տարածքային ծագում: Խորին հարգանքով այլ հակամարտություններից բոլոր տուժածների իրավունքների նկատմամբ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ ևս ունեն իրենց իրավունքների հանդեպ հարգանքի դրսևորման իրավունք։
Նախ ցանկանում եմ արձագանքել ադրբեջանական պատվիրակության հայտարարությանը։ Մենք միակը չենք, ով հայտարարում է Լաչինի միջանցքի շրջափակված լինելու մասին։ Այդ մասին է հայտարարում Եվրոպական պառլամենտը, նույնն են հայտարարում ԵԽԽՎ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը և այլ միջազգային կառույցներ։ Այնպես որ, երբ դուք մեղադրում եք մեզ ճշմարտությունը չասելու մեջ, զուգահեռաբար ճշմարտությունը չասելու մեջ եք մեղադրում նաև Եվրոպական պառլամենտը և այլ միջազգային կազմակերպություններին։
Այս գործելաոճի մեջ որևէ բան զարմանալի կամ առանձնահատուկ չէ. տարիներ շարունակ Ադրբեջանի դիվանագիտության ձեռագիրն է եղել պատանդներ պահելը։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմից մինչև օրս Բաքուն որպես պատանդ դեռևս պահում է 30-ից ավելի հայ ռազմագերիների, և ես ներկայացնում եմ միայն պաշտոնական թվերը, իսկ այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես են Արցախում պատանդառել 120.000 մարդկանց՝ Ադրբեջանի համար դիվանագիտական կռվաններ ստեղծելու նպատակով։ Սա է իրենց դիվանագիտության ոճը։
Հաջորդ կետը, որով ցանկանում եմ կիսվել, վերաբերում է Բաքու փորձագետի այցին։ Ես իրապես զարմացած եմ, քանի որ տարիներ շարունակ մարդկանց, ում ազգանունն ավարտվում էր «յան»-ով, անկախ նրանից, թե որ երկրի անձնագիրն ունեին՝ լիներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե եվրոպական, արգելված էր այցելել Ադրբեջան, և այս փաստն ապացուցող բազմաթիվ դեպքեր կան։
Ցանկանում եմ պարզաբանել և միաժամանակ կրկնել իմ միջազգային գործընկերների համար՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զորքեր չկան, և դրա մասին հայտարարվել է բազմիցս։
Խոսվեց խաղաղության պայմանագրի կամ խաղաղություն կնքելու շուրջ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների և տարածքային ամբողջականության փոխճանաչման մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չի եղել և չէ։ Այն ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ ծագած հակամարտություն է: Ես վստահ եմ, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կամ խաղաղություն կնքելու շուրջ տարվող բանակցությունները պետք է իրականացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտարարություններում առկա հիմնարար սկզբունքների հիման վրա: Թերևս այս սրահում կարևոր է նաև նշել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքնված CEPA համաձայնագրում, որն իր հերթին վավերացվել է ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից նշված են այդ նույն երեք հիմնարար սկզբունքները: Ուստի կարծում եմ, որ ձեր օրենսդիր մարմինների, խորհրդարանների որոշումները կարևոր պիտի լինեն ձեզ համար։
Կարևոր չէ, թե ինչ եք դուք այժմ բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ըստ հարցումների Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 90%-ն է համարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այնպես որ դրա մասին միայն իմ գործընկեր Արթուր Խաչատրյանը չէ հայտարարում, այլ Հայաստանի բնակչության ավելի քան 90%-ը։
Չցանկանալով ավելի ծանրաբեռնել ձեզ հերքելով այն ամենը ինչի մասին խոսում էր ադրբեջանական պատվիրակությունը, նշեմ, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ունի ծանր սոցիալական հետևանքներ և վերածվում է հումանիտար աղետի։
Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ իմ կողմից օգտագորված եզրույթների ճնշող մեծամասնությունը վերցված են Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված բանաձևից։
Շնորհակալություն»