Անընդունելի է՝ նախնական ուսումնական 6-ամսյա պրոցես անցնող կանայք շատ ավելի մեծ գումար են ստանալու, քան սպաները. Տիգրան Աբրահամյան
Կանանց զինծառայության անցնելու համատեքստում մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: 6 ամսվա ծառայություն է լինելու: Այս պահին քննարկում են նաև ամսվա աշխատավարձի չափը, որը կարծես թե մինչև 100 000 դրամ է լինելու, և 6 ամիս հետո պատվո վճար՝ 1.5 միլիոն դրամ: Դրանից հետո կանայք հաշվառվելու են պահեստազորում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ այս իրավիճակում մեծ թվով հարցեր են առաջանում:
«Երբ որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը սկսում է 125-130 000 դրամից, այս պայմաններում ո՞րն է իմաստը՝ 6-ամսյա կուրսեր կազմակերպել, ամեն ամիս տալ 100 000 դրամ աշխատավարձ, վերջում տալ 1.5 միլիոն: Պետությունն ի՞նչ է շահում այստեղից: Բանակը սոցիալական ծրագիր չէ, որ մի հատ ինչ-որ բան ուռճացնես, և սա այն դեպքում, երբ դու ունես ստորաբաժանումներ, որոնք մարտական խնդիր են լուծում, բայց միջինացված այդքան գումար փաստացի չեն ստանալու»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ երբ այդ գումարը բաժանում ես 6 ամսվա կտրվածքով, ամսվա գումարը հսկայական գումար է կազմում, շատ ավելին, քան նույնիսկ սպաներն են ստանում:
Այսինքն՝ այն կանայք, աղջիկները, ովքեր գնալու են նախնական ուսումնական պրոցես անցնելու, ստանալու են շատ ավելի բարձր աշխատավարձ, քան մեծ թվով սպաներ, ովքեր միգուցե 20-25 տարի զինված ուժերում են»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանը նշեց՝ շատ կարևոր է, թե ինչ խնդիր ենք լուծում:
«Եթե խոսքը զուտ Զինված ուժերում կանանց ներգրավվածության մասին է, ես երկու ձեռքով կողմ եմ: Ես ինքս կողմ կլինեմ, որ ձևավորվեն առանձին ստորաբաժանումներ, անհրաժեշտ պատրաստվածության կուրս անցնելուց հետո նաև կանանց կարելի է ներգրավել մարտական հերթապահության: Այդ դեպքում կարելի է մտածել նաև հավելավճարների մասին, որոնք կանայք կարող են ստանալ այդպիսի ծանր ու պատվաբեր առաքելության մեջ ներգրավվելու համար: Բայց միայն 6-ամսյա կուրսեր անցնելու, հետագայում այդքան մեծ գումարներ ծախսելու և դրա նպատակների մասով ես ունեմ բավականին մեծ կասկածներ»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ եթե դա պահեստազորում հաշվառում է, կարելի՞ է ենթադրել, որ, աստված մի արասցե, մարտական գործողության ժամանակ, երբ պահեստազորում ներգրավված են հարյուր-հազարավոր տղամարդիկ, որպես պատրաստված մոբիլիզացիոն ռեսուրս՝ զորակոչելու են այդ կանանց:
«Եթե այդ կանանց նաև մարտական գործողությունների ենք ներգրավելու, ապա, կներեք, բայց այս դեպքում այլ հարց է առաջանում: Եթե մենք այնքան գումար ունենք, որ այդտեղ ենք դնում, դնենք մեր առաջնային պահեստազորային տղամարդկանց նախապատրաստելու համար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը տարբերություն չի դնում կանանց ու տղամարդկանց միջև, սակայն պարզ է, որ առաջնային օղակը տղամարդիկ են, ովքեր նաև ժամկետային զինծառայություն են անցնում:
Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ եթե խոսում են կանանց զինծառայության մասին, ապա պետք է ասեն՝ ինչ նպատակով, հետագայում ինչ խնդիր լուծելու համար:
«Պետք է չէ ձախ ձեռքով աջ ականջը բռնել: Այսօր էլ կանայք տարբեր օղակներում ներգրավված են Զինված ուժերում: Կարելի է հստակ տարանջատել այն ուղղությունները, որտեղ կարող են կանանց մասնակցությունը մեծացնել, ընդհուպ մարտական հերթապահության իրականացման մեջ, բայց դա ենթադրում է առավել նպատակային ծրագրեր, կոնկրետ երևացող արդյունավետություն՝ սկսած մարտական հերթապահության իրականացումից, վերջացրած պատրաստված, բանիմաց, ինտելեկտուալ կանանց՝ Զինված ուժերում մասնակցությունից: Բայց այս իրավիճակում անիմաստ գումար վատնել չերևացող նպատակների համար՝ անընդունելի է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: