23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աստծու գոյությունը

1. Հարց – Ինչպե՞ս կարող ենք իմանալ Աստծու իրական գոյության մասին:

Պատասխան – Աստվածաշունչ Սուրբ Գրքի միջոցով, որը վկայում է Աստծու գոյության մասին: «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1): «Գիտես, թե ումից ես սովորել, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը» (Բ Տիմ. 3։14-15):

2․ Հարց – Աստվածաշնչից բացի ուրիշ ի՞նչը կարող է մեզ վկայել Աստծու գոյության մասին:

Պատասխան – Մեր մտքի բնական լույսը, որով քննում ենք այս աշխարհի գոյության հարցը, մեզ առաջնորդում է այն մտքին, որ Աստված կա, և այդ աշխարհի գեղեցկությունից ու մեծությունից երևում է նրա Արարիչը: «Քանզի արարվածների մեծությունից և գեղեցկությունից՝ նույն համեմատությամբ էլ երևում է դրանք արարչագործողը» (Իմաստ. Սողոմոնի 13։5):

3․ Հարց – Ովքե՞ր են կարողացել մտքի լույսի առաջնորդությամբ ճանաչել Աստծու գոյությունը:

Պատասխան – Հեթանոսներից շատ քչերը և որոշ փիլիսոփաներ:

4․ Հարց – Աստծուն ճանաչող հեթանոսները կարողացա՞ն արժանավորապես պաշտել Նրան:

Պատասխան – հեթանոսներից շատ քչերն աստվածապաշտներ եղան, իսկ նրանց մեծ մասը, ընդհակառակը, իրենց խավարած մտքերով ընկան կռապաշտության մեջ: «Ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին Նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին..․. Եվ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի» (Հռոմ. 1։21-23):

5․ Հարց – Աստված ինչպիսի՞ն է:

Պատասխան – Մենք գիտենք, որ Աստված գոյություն ունի («Ես քո հոր Աստվածն եմ…» (Ելք 3։6)), սակայն թե Նա ինչպիսին է, դա չգիտենք: Այդ մասին սուրբ Ներսես Շնորհալին իր «Ընդհանրական նամակ»-ում ասում է. «Մենք հավատում ենք, որ Աստված կա, բայց թե Նա ինչպիսի՞ն է, անտեղյակ ենք»: Ընդ որում «Աստված» բառը Նրա արարչագործ կարողության մասին է խոսում և ոչ թե Աստծու էության:

6․ Հարց – Ուրեմն ինչպե՞ս է, որ Աստվածաշունչն Աստծուն այս անուններն է ընծայում՝ «Հոգի է Աստված», «Լույս է Աստված», «Աստված սեր է, հուր է» և այլն:

Պատասխան – Աստծուն վերագրվող այդ անուններն այլաբանորեն են կիրառվում: Աստծուն Իր ամենապարզ նրբության համար «հոգի» անունն է տրվում, Իր անսուտ ճշմարտության համար Աստված «լույս» է կոչվում, մեզ սիրելու համար կոչվում է «սեր», իսկ Իր անաչառ արդարության համար՝ «հուր»: Սուրբ Ներսես Լամբրոնացին իր «Ատենաբանության» մեջ նշում է, որ «սովորություն է Աստծուն Իր մաքրության համար «հուր» անվանել, պարզության համար՝ «լույս» կոչել, սակայն այդ հատկորոշիչներից և ոչ մեկը չի բնութագրում Աստծու Էությունը»:

7․ Հարց – Ի՞նչ է Աստծու անունը:

Պատասխան – Իր անվան վերաբերյալ Աստված Մովսեսին ասաց. «Ես այն Աստվածն եմ, որ Է» (Ելք 3։14), «Ես եմ Տեր Աստվածը, սա է Իմ անունը» (Ես. 42։8): Եվ այս խոսքերից վստահություն առնելով՝ Մովսեսն Աստծուն Տեր, Արարիչ և ամեն ինչի ստեղծող խոստովանեց:

8․ Հարց – Մարդիկ Աստծուն տեսե՞լ են, թե՞ ոչ:

Պատասխան – Մարդիկ Աստծուն երբեք չեն տեսել, և ոչ էլ կարող են տեսնել, քանի որ մարմնեղեն, զգայական աչքերով Աստծու անմարմին Էությունը տեսնելն անհնարին է: «Դու չես կարող տեսնել Իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել Իմ երեսն ու կենդանի մնալ» (Ելք 33։20):

9․ Հարց – Բացի միակ Աստծուց ուրիշ ճշմարիտ Աստված կա՞, թե՞ ոչ:

Պատասխան – Ո՛չ, ճշմարիտ Էությամբ միայն մեկ Աստված կա: «Ե՛ս եմ Աստված, Ինձնից բացի չկա մեկը» (Ես. 43։11), «Մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ Օր. 6։4):

10․ Հարց – Ինչո՞ւ ենք Աստծուն «Տեր» և «Արարիչ» կոչում:

Պատասխան – Քանի որ Աստծու զորությունն Իր արարածների հանդեպ շատ մեծ է՝ Տիրոջ նմանողությամբ, ուստի և այդ ու տարատեսակ ուրիշ կատարելությունների և հատկությունների համար Աստծուն զանազան անուններ են ընծայվում:

Աբել արք. Մխիթարյան, «Քրիստոնեական հավատքի դասագիրք», հատոր առաջին, Սուրբ Էջմիածին, 1874թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ