22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2020 թվականի պատերազմից ու դրա հարաբերական ավարտին հաջորդած աղետներից հետո մենք, լայն իմաստով, կորցրել ենք բնականոն կյանքի նախկին նորմերը, սովորույթներն ու ավանդույթները, որոնց ուժով նաև ընդունված է ամփոփել անցնող տարին և մաղթանքներ հղել գալիք տարվա համար։

Դրանք նորմալ, սովորական կյանքի ավանդույթներն են, որոնց հետևելն անգամ այսօր անպատեհ է դարձել։

Մենք՝ որպես հանրություն, կորցրել ենք բազմաթիվ կենսական հատկանիշներ՝ սկսած պարզ ապրումակցումից ու կարեկցանքից, մինչև աղետների մասշտաբի ընկալում։ Մենք կորցրել ենք անգամ մեր կորուստները գիտակցելու կարողությունը և բոլոր կորուստների հանրագումարով մենք շատ մոտ ենք ընդհուպ ինքնության կորստի սպառնալիքին։

Շարունակվող աղետները, նաև այս կորուստները չգիտակցելու ու համարժեք վարքագիծ չդրսևորելու հետևանքներ են՝ սկսած անպատկառ կամ դավաճանական իշխանության հանդուրժումից, մինչև անկարող ու կեղծ ընդդիմության նկատմամբ պահանջների բացակայություն։

Պատահական չէ, որ անցած երկու տարիներին մեր հանրային կյանքի ամենաբնորոշիչ գնահատականը դարձել է անտարբերությունը։

Ահա այդ անտարբերությունն իրար հաջորդած ու շարունակվող, մեկը մյուսից ավելի խորը կորուստների ու դրանք չգիտակցելու տրամաբանական հետևանքն է։

Այդ կորուստների մասին, սակայն, չպետք է խոսել մեղադրելու նպատակով, մեղադրելը և դատավճիռներ կայացնելն ամենահեշտ, բայց ամենաանարդյունք զբաղմունքն է, երբ խոսքը վերաբերում է հանրությանը։

Չպետք է բացառել, որ հանրային անտարբերությունն իրականում ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, յուրատեսակ փախուստ իրականությունից, որն արտահայտվում է անհատական մակարդակում երջանկության պատրանքի շղարշով, ինչի տակ, շատ հնարավոր է՝ թաքնված է խորը դժբախտություն։

Մենք ահա, դարձել ենք դժբախտ, բայց երջանկություն խաղացող հասարակություն՝ փախչելով այդ իրականությունից, հրաժարվելով ընդունել մեր կորուստների ծանրությունն ու խորությունը։

Այսինքն՝ իրականում, մակերեսից ավելի ներքևի շերտերում մենք ապրում ենք գուցե չգիտակցված, բայց տառապանքի պայմաններում, ինչը, եթե առաջին հայացքից վհատեցնող է, ավելի լայն պատկերում վերածննդի հույս է պարունակում, որովհետև, ինչպես մեծերից մեկն է ասել, բոլոր մեծ գործերը ծնվում են մեծ տառապանքից։

Մենք ահա, հիմա ապրում ենք այդ մեծ տառապանքի պայմաններում, որը մեծ գործի վերածելու համար պետք է վերագտնենք մեզ, վերագտնենք կորուստները գիտակցելու, դրանից համարժեք հետևություններ կատարելու և նոր վարքագիծ դրսևորելու մեր կարողությունը՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ հանրային մակարդակում։

Մեզ վերագտնելուց հետո, վստահաբար, գտնվելու են նաև բոլոր խնդիրների լուծման ուղիները, փակվելու են աղետների դռները և բացվելու են կյանքի ճանապարհները։ Դա ամենևին չի նշանակում հրաշքի ակնկալիք, մեզ՝ որպես հանրություն, սպասում է դժվարին ճանապարհ, գոյաբանական որոշումների կայացում, ընտրություն ոչ միայն՝ լավի ու լավագույնի, այլև ավելի հաճախ՝ վատի ու վատթարագույնի միջև։

Բայց բոլոր այդ դժվարությունները հաղթահարելի են, եթե մենք կարողանանք վերագտնել մեզ, մեր արժանապատվությունն ու մեր ինքնությունը։

Թող 2023 թվականը մեզ համար դառնա գտնումի ու վերագտնումի տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Հարություն Ավետիսյան

 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ