2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի. Փաշինյանի ուղերձը
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթի
Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ
Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝ մեզնից յուրաքանչյուրի և մեր երկրի կյանքում բացելով մի նոր ժամանակ:
Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական և հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք հույս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները և տեսնել մեր երազանքները՝ իրականացված:
Ամանորի մասին այս մանկական պատկերացումը մեծ հաշվով մարդուն ուղեկցում է ողջ կյանքում, մինչև այն կետը, երբ մարդը հասկանում է, որ երազանքն այլ կերպ՝ կարելի է անվանել ռազմավարություն, իսկ երազանքի կատարումը` միջոցառումների ծրագիր, մի անելիք, որ քոնն է բացառապես, և այդ երազանքի իրագործման ճանապարհին պիտի հույս դնես ինքդ քեզ վրա, միայն ինքդ քեզ վրա, և ուրեմն՝ երազանքդ ու անելիքդ պիտի լինի կոնկրետ, չափազանց կոնկրետ, չափելի և իրագործելի:
Սա է թերևս նկատի ունեցել մեր մեծը, Եղիշե Չարենցը՝ «Երկիր Նաիրի» վեպը գրելիս, որը քիչ կարդացված և քիչ հասկացված ուղերձ է մեզանում, և մենք այսօր, թերևս կրում ենք այն քիչ կարդալու և առավել ևս քիչ հասկանալու ծանր հետևանքները: Ավելի քիչ ընկալված է հայոց մտքի ու հոգու գագաթի՝ Հովհաննես Թումանյանի հանրային գործունեությունը, ինչի մոռացումը ձևախեղել է ազգային ու պետական շահի մեր պատկերացումը:
2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց: Որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում: Իսկ տեղի է ունենում հետևյալը. մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն: Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության:
Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր հարաբերությունների որակը մեր տարածաշրջանում, նախևառաջ՝ մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական և սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ հաճախ սպառնում են, շատ հաճախ խոցում և շատ հաճախ սպանում:
Բայց այսօրվա խոսակցությունը մեր սեփական և ոչ թե ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձևը մեկն է՝ սիրել հայրենիքն ըստ Չարենցի և ըստ Թումանյանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը սիրել որպես հայրենիք, և դա դնել բոլոր գործողությունների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարությունների հիմքում:
Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար:
Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը: