23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախում աղետի թիվ մեկ մեղավորը նստած է Հանրապետության հրապարակում. Արմեն Մանվելյան

Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին հերթին տուժում է Արցախի բնակչությունը, բայց շրջափակման նպատակներից են նաև ՌԴ հեղինակազրկումը, նոր հակառուսական ճակատ ստեղծելը:
«Ադրբեջանում վերջին հարցումները ցույց տվեցին, որ այդ երկրում ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես թշնամի պետութուն, իսկ բարեկամ պետություն է համարվում Թուրքիան: Հայաստանում համեմատաբար դեռ պահպանվում է պրոռուսական կողմնորոշումը, սակայն Հայաստանում հարցումներն արձանագրեցին, որ որպես բարեկամ երկիր է ընկալվում Ֆրանսիան, ինչն աբսուրդ է»,- ստեղծված իրավիճակի ենթատեքստերին անդրադառնալով՝ նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն անհնար է, որովհետև Ռուսաստանը խորքային համագործակցություն է սկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ. «Ուղղակի օգտվում են, որ ՌԴ-ն պատերազմի հետևանքով բավականին թուլացել է և չի կարող մի քանի ճակատներով պատերազմել, որ ընդամենը սպասողական դրության մեջ է՝ մինչև ուկրաինական իրավիճակը կայունանա, ինչը, ցավոք սրտի, դեռ շուտ չի լինի»:
Անդրադառնալով խնդրի էներգետիկ համատեքստին, ինչն ըստ Արևմուտքի պատկերացումների՝ ենթադրում է ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, կանխել Իրանի դերակատարության մեծացումը, Արմեն Մանվելյանը նկատեց.

«Ադրբեջանը լուրջ էներգետիկ խաղացող չէ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Արևմուտքն էներգետիկ առումով ճգնաժամի մեջ է: Ադրբեջանն այս պահին անում է մաքսիմումը գազի արտահանման առումով, ինչ-որ պայմանագիր է կնքել էլեկտրաէներգիայի արտահանման համար, ինչի ապագային ես չեմ հավատում: Հիմա էլ նպատակ ունեն միանալ Թուրքմենստանին, որպեսզի թուրքմենական գազը տանեն (Թուրքիայի նախագահի ծրագրերից մեկն է, ինչն ուղղակի փիառի բնագավառից է. լուրերը տարածում են, որ մասմեդիան սկսի արձագանքել):
Այս ծրագրերն աշխարհաքաղաքական առումով ռեալ պոլիտիկի մեջ չեն. այդ ամենը անհնար է: Կառուցել գազամուղ Կասպից ծովի ընդերքով՝ առանց ՌԴ և Իրանի համաձայնության՝ անհնար է, բացի այդ՝ Թուրքմենստանի էներգետիկ համակարգում հիմնական ներդրողը Չինաստանն է, և չեմ կարծում, թե չինացիները կհամաձայնեն գազը կիսել ուրիշ երկրի հետ»:
Միջազգային անվտանգության հարցերով մասնագետը վերահաստատեց համոզումը, որ Լաչինի միջանցքը պատահաբար չեն փակել և պատահաբար նույն ժամանակ Կոսովոյում իրավիճակը չեն լարում:
Նա հավելեց՝ գործընթացները պետք է դիտարկել հակառուսական քաղաքականության ծիրում, սակայն նաև ընդգծեց.
«Արցախում աղետի թիվ մեկ մեղավորը նստած է Հանրապետության հրապարակում. ինքն է ստեղծել այս իրավիճակը, ինքն է հանձնել թուրքերին, ադրբեջանցիներին, ռուսներին ու հիմա հայտարարում է՝ խաղաղապահները գործառույթները չեն իրականացնում»:

Արդյո՞ք աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ հակառուսական ալիքը կկարողանա ՌԴ-ն դուրս մղել Հայաստանից՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Արմեն Մանվելյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական էներգետիկ մատակարարն է՝ գազի, հարստացված ուրանի առումով, որ ռուսական համակարգերն են սպասարկում գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:
«Այսինքն՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելն ուղղակի ֆիզիկապես անհնար է, որովհետև այս ամբողջ ծավալները, որ ես թվարկեցի, անհնար է փոխանակել այլ հզորությամբ. ո՛չ այդ ներդրումները կանեն, ո՛չ այդ ծախսերը, ո՛չ էլ շուկայականից մատչելի գներով գազ ու ուրան կբերեն՝ ինչպես այժմ:
Ի դեպ, Հայաստանը հիմնականում բենզին և այլ վառելիք ներկրում է ՌԴ-ից, և այս պահին Ռուսաստանում այդ ապրանքների՝ սանկցիաներով պայմանավորված քիչ արտահանումը բերել է գների նվազման, ինչն ազդում է նաև ՀՀ-ի վրա: Եվ նաև՝ նշենք, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, սկսում է կառուցել նոր էներգետիկ շուկա ԵԱՏՄ անդամ երկրների հետ»,- ամփոփեց Էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ