26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձախողումը ձախողման հետեւից. Հրապարակ

Երկու տարի առաջ այս օրերին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը շրջանառության մեջ դրեց իր, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը, որում հատուկ ընգդծում էր, թե ստեղծված իրավիճակի հարցում պատասխանատվություն է վերցնում իր ուսերին։ Ըստ այդմ, ճանապարհային քարտեզի միջոցով իր անելիքները նա նախատեսում էր վեցամսյա ժամկետով։ Բայց հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված բարդ իրադրությունը՝ շատերը հետահայաց կարգով կարող են արդարացնել նրան, թե 6 ամսում հեշտ չէր կարևոր խնդիրներին լուծումներ տալ, դրա համար տևական ժամանակ էր հարկավոր, ուղղակի այդ ժամանակ Փաշինյանը փորձել է հանգստացնել հանրային բորբոքված կրքերը։ Համոզեցիք:
Բայց արդեն անցել է չորս այդպիսի «վեց ամիս», ու ճանապարհային քարտեզում նախանշված ուղղություններին արդեն կանդրադառնանք 2 տարվա հեռավորությունից։ Թերևս պետք է ընդունել, որ 2 տարին ահռելի ժամանակահատված է անհրաժեշտ քայլեր կատարելու համար, եթե, իհարկե, դրանց իրականացման համար կա անհրաժեշտ տրամադրվածություն և կամք։ Ու ցանկություն: Հիմա եկեք դիտարկենք, թե ինչ խնդիր է դրել իր առաջ Փաշինյանի իշխանությունը, ու փաստացի ինչ իրավիճակ ունենք այժմ։ Ճանապարհային քարտեզում առաջնահերթ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:
Սակայն այսօր ունենք մի այնպիսի իրադրություն, որ Ադրբեջանը հրաժարվում է քննարկել Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ հարց, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որպես միասնական կառույց, ուղղակի չի գործում։ Անգամ վերջերս դրա մասին խոստովանեց ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահների միջև փոխգործակցությունը չի աշխատում։ Ճանապարհային քարտեզում Փաշինյանը նաև խոստանում էր ապահովել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ և վերականգնել Արցախի բնականոն կյանքը։ Բայց մինչև հիմա տեղահանված արցախցիների՝ հայրենի օջախներ վերադարձի հարցը լուծված չէ։ Օրինակ՝ հադրութցիները, որոնք ադրբեջանական բանակի կողմից Հադրութի օկուպացիայի արդյունքում հեռացել են իրենց օջախներից, մինչև հիմա չեն վերադարձել հարազատ բնակավայր։
Ավելին, արցախցիների հայրենազրկումը շարունակվել ու շարունակվում է։ Գումարած՝ Ադրբեջանը Արցախ գնացող նոր ճանապարհի կառուցման և միջանցքի ուղու տեղափոխման միջոցով հասավ պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայաթափմանը։ Արդյունքում Արցախից այսօր մնացած մի փոքր հատվածի հայաթափումն ուղղակի ժամանակի հարց կարող է լինել, քանի որ ՀՀ իշխանությունները բացեիբաց խոստովանում են, որ ՀՀ-ն այլևս ներուժ չունի՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Բացի այդ, ճանապարհային քարտեզում ներառված է գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը, սակայն պատերազմի ավարտից տևական ժամանակ հետո Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում բոլոր գերիներին, այլև ժամանակ առ ժամանակ սադրանքների է դիմում՝ նոր գերիներ վերցնելով։
Իսկ որոշ դեպքերում գերիները թշնամու կողմից ուղղակի դաժանորեն սպանվում են, ինչի վերաբերյալ տեսանյութերից մեկն էլ վերջերս հայտնվեց համացանցում և լուրջ աղմուկի պատճառ դարձավ։ Մի քանի միջազգային կառույցներ դատապարտեցին հայ գերիների սպանությունը, և դրանով ամեն ինչ ավարտվեց, որևէ իրավական հետևանքներ չեղան Ադրբեջանի համար։ Ճանապարհային քարտեզում հատուկ առանձնացված էր նաև զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման և բարեփոխումների մեկնարկի հարցը։ Բայց, ինչպես տեսնում ենք, պատերազմից երկու տարի անց էլ իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտության մասին, տարբեր օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, սակայն, միևնույնն է, ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ խոցելի վիճակում։
Դրա արդյունքում է, որ թշնամին, կանխատեսելով, որ հաջողություններ է գրանցելու, մեկը մյուսի հետևից սադրանքների է դիմում ու օկուպացնում է ՀՀ ինքնիշխան տարածքները, իսկ այդ ընթացքում բարեփոխումների մասին ավելի շատ խոսվում է, քան գործ է կատարվում։ Իշխանություններին անգամ չի հաջողվում սպառազինությունների մատակարարումները նորմալ կազմակերպել, այլապես Փաշինյանը չէր հայտարարի, թե Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել մեր դաշնակիցների հետ հարաբերություններում, ու մենք չենք կարողանում սպառազինություն ստանալ նույնիսկ այն պարագայում, երբ գումարը վճարել ենք։ Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ հորդանանյան ընկերությունը սպառազինությունը չի մատակարարել, և հիմա հայկական կողմը տուգանք է պահանջում դրա համար։ Ինչպե՞ս է ստացվում, որ այսպիսի դեպքերը հենց կոնկրետ Փաշինյանի իշխանության ընթացքում են տեղի ունենում։
Հետաքրքրական է, որ ճանապարհային քարտեզում Փաշինյանը նշում էր նաև տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման և ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի իրականացման մասին։ Սակայն տնտեսության վիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ չէ՝ չհաշված, որ պատերազմի արդյունքում ահռելի տարածքներ ու ռեսուրսներ ենք կորցրել։ Իսկ եթե մարտ ամսից սկսած էլ որոշակի տնտեսական ակտիվություն է նկատվում, ապա այն իշխանությունների ձեռնարկումների հետ ընդհանրապես կապ չունի։ Շատ է խոսվել այն մասին, որ դա աշխարհաքաղաքական պրոցեսների արդյունքում Հայաստան ժամանած ռուսաստանցիների հաշվին է, և լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։ Ու այս ամենի հետ մեկտեղ մասնագետները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանի ժողովրդագրական վիճակը տխուր է, իսկ արտագաղթը շարունակվում է։
Նշված ուղղությունները ճանապարհային քարտեզի ամենակարևոր կետերն էին, սակայն դրանք բոլորն էլ անխտիր ձախողվել են։ Իսկ եթե Փաշինյանը 2 տարի առաջ հայտարարում էր, թե պատասխանատվություն է վերցնում իր ուսերին, հիմա ինչո՞ւ պատասխան չի տալիս իր տապալումների համար։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշ արտաքին ուժեր պաշտպանում են Փաշինյանին, որպեսզի դրսից պարտադրվող ծրագրերը հերթով իրականացնի։ Խնդիրն այն է, որ նրան հաջողվում է սպասարկել դրսի օրակարգը՝ միաժամանակ մանիպուլացնելով հանրությանը՝ ձախողումների համար նախկիններին մեղադրելու ու դրանց պատճառները հանգամանքների վրա բարդելու միջոցով»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ