Առջևում մեր ապրելու համար կռիվն է և մենք պետք է հաղթենք այդ կռվում
Սիրելի հայրենակիցներ,
երեկ տեղի ունեցավ ի աջակցություն Արցախի և ի պաշտպանություն Հայաստանի «Միասնության» հանրահավաքը։
Հանրահավաքը կարևոր էր առաջին հերթին մեկ շաբաթ առաջ Արցախում կայացած հանրահավաքին արձագանքելու առումով։ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից մեկ շաբաթ անց՝ ի աջակցություն այդ հնարահավաքի և այնտեղ հնչած հստակ արձանագրումների, Հայաստանում՝ սոցիալական ցանցերում գրառումներից զատ, որևէ ֆորմատով կարևորագույն հանրահավաքին անդրադարձ չի եղել, իսկ իշխանության և նրա սպասավորների կողմից միայն քննադատություն և հեգնանք է հնչել Արցախում կայացած հանրահավաքի վերաբերյալ։
Երեկվա հանրահավաքի կայացման համար գործադրվել են հսկայական ջանքեր։ Երկար կարող եմ խոսել այդ ջանքերի և վերջին 2 տարիների` բոլոր քաղաքական նախաձեռնություններից և դրանցից յուրաքանչյուրում ցանկացած քաղաքական ուժի տեղի, դերի, արածի և չարածի մասին։ Գուցե դրա անհրաժեշտությունը կա, բայց այս պահին դա մեր ընդհանուր գործին օգուտ չի տա:
Շարունակում եմ առաջնորդվել այն համոզմամբ, որ հիմա ներխմբակային հարցերի պարզաբանման ժամանակը չէ, հիմա հանուն հայ ժողովրդի գործելու ժամանակն է։
Վստահ եմ, որ գործընթացների ավարտից հետո հայ ժողովուրդը հնարավորություն է ունենալու գնահատել յուրաքանչյուր անհատի և ուժի պահվածքը։ Սա նաև ազգային դաշտի բյուրեղացման շրջան է։
Այդ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ կարևորին։
Երեկ բեմից հնչեց թերևս ամենակարևոր խոսքը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը։ Երեկ նահատակված հերոսի մայրը, կամավորը, սփյուռքից հայրենադարձված հայը վերահաստատեցին պայքարը շարունակելու պատրաստակամությունը։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի․ դուք հայ ժողովրդի հույսն ու լույսն եք, դուք մեր կոտրված արժանապատվության բեկորներն եք, դուք ազգային դաշտի ունեցած ամենամեծ իրական ռեսուրսն եք։
Երեկ միասին մենք որոշեցինք, որ ցանկացած պայմանագիր, որը սահմանափակելու է Արցախի ինքնորոշման իրավունքը, վտանգելու է մեր գոյությունը՝ ճանաչվելու է առոչինչ։
Երեկ նաև խոսեցինք, այն մասին, որ ազգային ուժերը և նրանց առաջ բերած օրակարգերը լայն հանրային աջակցության կարիք ունեն:
Երեկ խոսեցինք, այն մասին թե ինչպես պետք է երկիրը դուրս բերել այս իրավիճակից՝ ներկայացնելով մեր ծրագրերը:
Այո՛, մենք ստիպված ենք բանակ կառուցել և կռվել միաժամանակ, բայց մի անգամ մեզ դա արդեն հաջողվել է, պիտի հաջողենք նաև այս անգամ։
Պարտությունները, անհաջողությունները միայն թույլերի համար կարող են պայքարից հրաժարվելու առիթ դառնալ։
Հայաստանը երեկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում և ամբողջ աշխարհում երեկ լսեցին այդ արձագանքը․ այս պահին դա կարևոր էր, և մենք դա արեցինք միասին։
Այստեղ միայն ցանկանում եմ վերահաստատել բազմաթիվ անգամներ հնչեցրած տեսակետը, որը մեր համոզմունքն է․ մենք մեր կռիվը մինչև վերջ տալու ենք և բոլոր ուժերով ու ռեսուրսներով կանգնել ու կանգնելու ենք հանուն Արցախի և Հայաստանի ցանկացած նախաձեռնության կողքին։
Առջևում մեր ապրելու համար կռիվն է և մենք պետք է հաղթենք այդ կռվում։
Աստված պահապան մեր ժողովրդին։
Իշխան Սաղաթելյան