Սիսիանում իշխանական թեկնածուի հետ «բազարները» շարունակվում են. Հրապարակ
Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում: Նրանցից ով կընդունի առաջարկը, նրա հետ էլ Զաքարյանն իշխանությունը ստանձնելու կոալիցիա կկազմի։
Հիշեցնենք, որ Սիսիանում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Առավել շատ ձայն է ստացել իշխող ՔՊ-ն, երկրորդն «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը երրորդն է` 4 մանդատով, եւս երկու ուժ է անցել ավագանի` Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։
Փաստորեն, համայնքապետի թեկնածուն դեմ է գնում իրեն առաջադրած կուսակցությանը, որը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, թե իրենք որեւէ պարագայում ՔՊ-ի հետ դաշինք չեն կազմի։ Ավելին՝ խոսակցություններ են հասնում, որ եթե իշխանությունը ճնշումները մեծացնի գործարարի նկատմամբ, չի բացառվում, որ Զաքարյանը դուրս գա խմբակցությունից եւ քվեարկի ՔՊ թեկնածուի օգտին:
Բայց մինչ այդ պետք է նախ լուծեն Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուի հարցը, ով անձնական տարաձայնություններ ունի ՔՊ թեկնածուի հետ եւ չի ցանկանում միավորվել ՔՊ-ի հետ:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: