29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուկրաինայի աճող պահանջներն ու արևմտյան կարմիր գծերը

Հայկական ալիքը գրում է

Վերջերս Amnesty International-ն աղմկահարույց զեկույց է հրապարակել[1], որում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց առաջին անգամ նման հեղինակավոր կազմակերպության կողմից ռուսական կողմին զուգահեռ թիրախավորվեց նաև ուկրաինական կողմը։ Զեկույցը մասնավորապես անդրադարձել էր ուկրաինական զինված ուժերի՝ բնակելի տարածքներում, դպրոցների և հիվանդանոցների շրջակայքում դիրքավորվելուն և զինտեխնիկա տեղակայելուն և ըստ այդմ՝ խաղաղ բնակչությանն ուղղակիորեն ռուսական կողմի թիրախ դարձնելուն։

Զեկույցը քննադատության առարկա էր դարձել ոչ միայն սոցիալական ցանցերի ուկրաինական և պրոուկրաինական տիրույթում, այլև թիրախավորվել էր անձամբ Ուկրաինայի առաջին դեմքի կողմից վերջինիս ելույթներից մեկում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել էր[2] Amnesty International-ին մեղքն ագրեսորից զոհի վրա բարդելու և դրանով «ահաբեկչական պետությանն» արդարացնելու փորձի մեջ՝ շեշտելով, որ «Ռուսաստանի հարվածն Ուկրաինային» ոչ մի դեպքում չի կարող արդարացվել։ Իրականությունը, սակայն, այն է, որ զեկույցում ոչ միայն Ռուսաստանի գործողությունների որևէ արդարացում չկա, այլև հստակ շեշտված է, որ փաստերը, որոնք ներկայացված են, որևէ կերպ նման միտում չեն հետապնդում։ Բացի այդ՝ զեկույցի ենթադրյալ միտումները թիրախավորելուց զատ Ուկրաինայի նախագահը որևէ առարկայական հերքում չի հնչեցրել։

Վ․ Զելենսկին նաև շեշտել էր, որ հակամարտության սկզբից ի վեր գրեթե 200 կրոնական կառույց, 900 բժշկական հաստատություն և ավելի քան 2200 ուսումնական հաստատություն վնասվել կամ ավերվել են։ Մի կողմ թողնելով թվերի ճշմարտացիության հարցը՝ հարկ է նշել, որ այդ պնդումը գալիս է փաստելու, որ  Amnesty International-ի զեկույցում տեղ գտած պնդումներն իրատեսական են, քանի որ զեկույցը, միտում չունենալով արդարացնել բնակելի տարածքների, դպրոցների, հիվանդանոցների թիրախավորումը, մեղադրում է ուկրաինական կողմին դրանք ռազմական գործողությունների նպատակով օգտագործելու միջոցով թիրախ դարձնելու մեջ, ինչն ինքնին համարվում է ռազմական հանցագործություն։

Խնդիրը, սակայն, ոչ այնքան զեկույցում տեղ գտած փաստերի կամ Վ․ Զելենսկու հայտարարությունների ճշմարտացիության ստուգումն է, որքան հավաքական արևմուտքի հանդեպ Ուկրաինայի արդեն սովորական դարձած պահանջատիրական մոտեցումը և ադեկվատության մնացյալ փշրանքների՝ տեղեկատվական պատերազմի փլատակների տակ մնալը։ Դրա վառ ապացույցն է հստակ փաստերով հիմնավորված զեկույցի հանդեպ գեներացված հուզականտեղեկատվական արշավը՝ առանց որևէ հստակ հակափաստարկի։

Amnesty International-ի համահիմնադիր  Պեր Վեստբերգի և ուկրաինական ենթակառույցի ղեկավար Ակսանա Պոկալչուկի[3]՝ զեկույցի հետ անհամաձայնությամբ պայմանավորված հրաժարականների ֆոնին[4], սակայն, բուն կազմակերպությունը չընկրկեց և չկասկածեց իր հետազոտողների աշխատանքի վրա։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը մասնավորապես շեշտեց, որ ուղղորդված պատերազմական քարոզչությունը՝ ապատեղեկատվության, ֆեյքային և մեդիահարձակումների տեսքով չի կարող խախտել իրենց անաչառությունը։

Նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին հատուկ օգնական Դուգ Բենդոուն իր հոդվածում[5] անդրադարձել էր այս դրվագին և բազմաթիվ այլ դրվագների, որտեղ, ըստ հեղինակի՝ Ուկրաինան պահանջում է արևմուտքից և մասնավորապես ԱՄՆ-ից ստորադասել սեփական շահը հանուն Ուկրաինայի և հիմնվել ոչ թե ճշմարտության, այլ ուկրաինական նարատիվի վրա։ Պետությունները, սակայն, չեն կարող արտաքին քաղաքականություն իրացնել (առավել ևս պրոկսի պատերազմի փաստացի կողմ հանդիսանալու պարագայում)՝ ելման կետ ընդունելով այլ երկրի շահերը, ոչ թե սեփականը։ Ըստ Դ․ Բենդոունի՝ Ուկրաինայում ամերիկյան առանցքային շահը թելադրում է պահպանել վերջինիս անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչը, սակայն, չի ենթադրում, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները մեծ շահագրգռվածություն ունեն Կիևի կողմից տարածքային կորուստները կանխելու, առավել ևս 2014 թ․-ին Ուկրաինայի կորցրած հողերը վերականգնելու հարցում, ինչը պարունակում է պատերազմի ընդլայնման, ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի սահմանների հատման ու ԱՄՆ-ին թակարդը գցելու ռիսկ։

Արդեն ամիսներ ձգվող ռազմական գործողության և դրա ֆոնին արևմտյան երկրներում գեներացվող աննախադեպ ռուսատյացության ֆոնին սթափ արտաքին քաղաքականություն վարելու նմանօրինակ կոչերը, չնայած բավարար չափով պոպուլյար չեն, գնալով շատանում են։ Սրան զուգահեռ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից ուկրաինական կողմի ռազմական հանցագործությունները մատնանշող զեկույցն անուղղակիորեն վկայում է ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ փոխվող ինֆորմացիոն շրջանակի և հատկապես տնտեսական աճող խնդիրների ֆոնին արևմուտքում հանրային տրամադրությունների տեղաշարժի մասին։

Այս համաշարում հարկ է հիշատակել նաև եվրոպական երկրների՝ էներգետիկ անվտանգության առումով Ռուսաստանից անհամաչափ կախման մեջ լինելու և ռուսական կողմի՝ արևմտյան պատժամիջոցներին գազամատակարարման կրճատումներով և երբեմն նաև ի սպառ դադարեցմամբ պատասխանելու քաղաքականության մասին։ Եվրոպային սպառնացող էներգետիկ ճգնաժամն ու արժույթի արժեզրկումն իրենց հերթին չեն կարող անհետևանք մնալ հանրային կարծիքի համար, ինչն էլ կոնսոլիդացված ժողովրդավարությունների պարագայում ուղղակի հետևանքներ է ունենալու այդ երկրների իշխանությունների համար։ Հանուն այլ երկրի տարածքային ամբողջականության սոցցանցերում լայքեր և քաջալերող մեկնաբանություններ գրելը մի բան է, գալիք ձմռանն էներգետիկ ճգնաժամի ֆոնին անցկացնելու սպառնալիքը՝ մեկ այլ բան։

Աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա և Հարավային Կովկաս գետնի վրա իրողությունները գնալով ստիպում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար սեփական երկրի շահերն ստորադասելու պատրաստ շրջանակներին առերեսվել մի պարզ ճշմարտության հետ․ երբ պատերազմող կողմերից որևէ մեկը քո երկիրը չէ, չկան բարի և չար կողմեր, կան պատերազմող կողմեր՝ իրենց օրակարգերով և որպես երրորդ երկիր առնվազն խելամիտ չէ հանուն ուրիշի օրակարգի սեփական ժողովրդի շահն ու բարօրությունը վտանգի տակ դնելը։ Իսկ տեղեկատվական մանիպուլյացիաների՝ էմոցիաների վրա ազդելուն ուղղված և բանականությունը մթագնող փոշին գուցե ինչ-որ մակարդակում ազդում է հանրության որոշ շերտերի, բայց նորմալ պետություն ունենալու պարագայում՝ ոչ երբեք պետության արտաքին քաղաքական որոշումների վրա։

Քնարիկ Ջալաթյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ