Պետդումայի անդամները Գյումրիում էին
Ռուսական կողմի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Պետդումայի պատվիրակությունը, որի կազմում են “Եդինայա Ռոսիա”-ից խորհրդարանական անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը, ԱՊՀ-ի գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, նույն կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը և Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ու պատգամավորների ուղղեկցությամբ այցելեցին Գյումրի: ՙ
“Շիրակ” գերեզմանատանը ռուս պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Ավետիսյանների շիրիմներին: Ի հիշատակ նրանց խոնարհեցին ծաղկեպսակ ու ծաղիկներ:
Պետդումայի պատգամավորներն իրենց խոսքում ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները գործի քննության թափանցիկությունն ապահովելու և ոճրագործին արժանի պատիժ տալու համար: Նրանք չթաքցնելով հուզմունքը նշեցին, որ կատարվածը ցնցել է բոլորին ու հավելեցին, որ հայ ժողովրդի հետ հավասարապես սգում են, քանի որ երկու ազգերին միացնում են դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը: Առաջիկայում Պետական Դումայի ու ՀՀ ԱԺ-ի միջև կստեղծվի պատգամավորների խումբ, որն իր անմիջական ուշադրության կենտրոնում կպահի Գյումրիի ողբերգության գործի քննության ընթացքը: