Ես էլ եմ եղբայր, ես էլ եմ հայր, ես էլ եմ որդի.գլխավոր դատախազը՝ ցուցարարներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը քիչ առաջ նորից հանդիպեց Գյումրիում ցուցարների հետ: Գլխավոր դատախազն իր խոսքում ասաց, որ ինչպես եւ խոստացել էր ինքը՝ տղամարդավարի լսելու է եւ քննարկելու բոլորի պահանջները: “Մեր եւ ձեր ցանկությունը նույնն են. մենք բոլորս էլ ուզում ենք, որ այդ ոճրագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ողղակի, չգիտես ինչու, դուք չեք ուզում վստահել մեր համակարգին: Ես էլ եմ եղբայր, ես էլ եմ հայր, ես էլ եմ որդի ու գիտակցում եմ եղելության լրջությունը եւ պատասխանատվություն կրում այս դեպքի համար”,- ասաց Կոստանյանը:
Ըստ գլխավոր դատախազի, ստեղծված լարված իրավիճակը կարող էր եւ չլինել, եթե ցուցարարներն ավելի վաղ լսեին իրեն:
“Ես առավոտ ժամը 10-ից ասում եմ, որ կլսենք ձեզ, կքննարկենք ձեզ հետ: Գուցե այս ամենը չլիներ, գուցե վիրավորներ չլինեին, ձեր ընկերները ոստիկանություն չլինեին, եթե դուք լսեիք ինձ: Բայց հիմա եղավ այն, ինչ եղավ”,- ասաց Գեւորգ Կոստանյանը՝ հավաքվածներին կոչ անելով չանել այնպիսի քայլել, որոնք կվնասեն իրենց կողքիններին:
ՀՀ Գլխավոր դատախազը եւս մեկ անգամ հավաքվածներին խոստացավ, որ հանցագործը պատժվելու է օրենքի ողջ խստությամբ :