Ընտանիքի վիշտը կմեղմվի, բարոյական զորակցություն կցուցաբերվի. զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։
Ըստ պատգամավորի՝ այն զորակոչիկները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Պատգամավորի խոսքով՝ գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիասնում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։
Ըստ Սարգսյանի՝ այս քայլի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները։
Արդյոք օրենքի ընդունումից հետո կընկնի զինված ուժերի մարտունակությունը կամ արդյոք լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան, պատգամավորը պատասխանեց՝ ոչ, որևէ անվտանգային խնդիր չի կարող առաջանալ այն պատճառով, որ օրենքի շահառուների թիվը լինելու է բավականին քիչ։
Արդյոք օրենքը կտարածվի նաև կամավոր ռազմաճակատ մեկնած և զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա, պատգամավորը պատասխանեց՝ այո, կամավորականները նույնպես համարվում են զինվորականներ։
Օրենքից կարո՞ղ են օգտվել նաև անհետ կորած, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամները, պատգամավորը նույնպես դրական պատասխանեց՝ նրանց ընտանիքի անդամները նույնպես կօգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից։
«Բոլոր այն զորակոչիկները, որոնք կօգտվեն օրենքից և կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, սամանված կարգով կհաշվառվեն պահեստազորում, ինչը հնարավորություն կտա նրանց անցնել պայմանագրային զինվորական ծառայության կամ աշխատել այլ ուժային կառույցներում», – հավելեց ՔՊ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության համար զոհված և ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքի եղբայրներին և որդիներին և օրենքը տարածել միայն պաշտպանության համար զոհված զինծռայողների ընտանիքի անդամների վրա։
«Ես համաձայնել եմ այս փոփոխության հետ, քանի որ հետապնդած հիմնական նպատակը պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի վիշտը մեղմելն է և բարոյական զորակցությունը։ Ոչ մարտական գործողությունների ժամանակ, սակայն, զինվորական ծառայություն իրականացնելիս մահացած զինծառայողների ընտանիքի անդամները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից միայն այն դեպքում, երբ հանդիսանան ընտանիքի միակ արու զավակը»,- հավելեց Հայկ Սարգյանը։