Ադրբեջանցիները Հայաստան գալու փոխարեն թող մեր գերիներին տան. գալիս են, որ ի՞նչ անեն. Արտակ Զաքարյան
Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակներում ադրբեջանցիներն առաջին անգամ Հայաստան են ժամանել դեռևս 2012-ին: Այդ ժամանակ «Եվրանեսթի» պատվիրակության ղեկավարն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն էր, որի գնահատմամբ՝ այն ժամանակ ու այժմ բոլորովին այլ Հայաստանում էինք ներկայացնում, և ըստ այդմ՝ մեր դիրքերն ու կարգավիճակն էլ այլ էր:
Այն ժամանակ, հիշում է Զաքարյանը, իրենք միջազգային հանրույթի հետ քննարկում էին արցախահայության ինքնորոշման խնդիրն ու պայքարում իքնանորոշման իրավունքի ճանաչման համար: Ադրբեջանցիներն էլ, իրենց կարողությունների չափով, պայքարում էին նույն այդ իրավունքի դեմ:
Նույն 2012-ին կրկին «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում էլ ադրբեջանցիներն էլ Երևան են այցելել, բայց նրանց՝ այդ ժամանակվա այցերն, ըստ նախկին փոխնախարարի, ստորադասված կարողություններով էին: Երբ 2012-ին Բաքու էին այցելել, հիշում է, հենց Միլի Մեջլիսում կարողացել են չեզոքացնել ադրբեջանցիների կեղծ ու ագրեսիվ հռետորաբանությունը:
«Յուրաքանչյուր պետություն իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան նիստին, բայց ո՞րն է մեր իշխանության օրակարգը»,- հարց է բարձրացնում նա: 2015-ին երբ «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը Զաքարյանն էր, պատվիրակությունը պահանջել ու հասել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը, որին գրեթե բոլոր երկրները կողմ են քվեարկել: Իսկ այժմ, ըստ նախկին պատգամավորի, Փաշինյանի իշխանությունը եվրոպական այս հարթակում միայն խաղաղասիրություն է խոսելու:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահը շեշտում է՝ «Եվրանեսթի» ընդունած բանաձևերն ու հայտարարությունները քաղաքական առաջնահերթություն են սահմանում Եվրամիության գործադիր մարմնի համար: Հետևաբար, նմանատիպ զեկույցների ու բանաձևերի ընդունման համար պետք է գործադրել ամեն ջանք:
Հետագայում «Եվրանեսթի» կողմից ընդունված բանաձևերի տեսքստերն ուղարկվում են Եվրամիության ու Արևելյան գործընկերության անդամ երկրների կառավարություններին՝ որպես քաղաքական փաստաթուղթ: Կընդունե՞ն կառավարությունները, թե՞ ոչ, դա այլ հարց է, պարզապես պետք է ընկալել, որ այդ աշխատանքների արդյունքում է ձևավորվում ու արտացոլվում պետության արտաքին քաղաքականությունը:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
armlur.am