«Ծաղրել եք Փաշինյանին, ասել եք՝ Տարոն Մարգարյանի հետ փորձում է մրցել մարդ, ով նույնիսկ համատիրություն չի ղեկավարել». Ագնեսա Խամոյանը՝ Գրիգոր Մինասյանին
«Կարծում եմ՝ դագաղի մեխը խփված էր անցյալում, երբ երբեք նման քննարկումներ չէին լինում, և երբ դատավորին իր լիազորությունից դուրս ենթադրյալ ապօրինություններ գործելու համար պատասխանատվության չէին ենթարկում։ Այդ ժամանակ պետք է ձեր մտահոգությունը հայտնեիք, որպես լրագրող»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, որ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմամբ կարող են ասել, որ հոգեվարքի մեջ գտնվող արդարադատության դագաղի վերջին մեխը խփվեց։
Ագնեսա Խամոյանը նաև հարց ուղղեց Գրիգոր Մինասյանին՝ նկատելով, որ արդարադատության ոլորտի մարդիկ պետք է որոշակի արժեհամակարգ ունենան։
«Հիմա ես ու հանրությունն ուզում ենք հասկանալ, թե ինչպիսի՞ն է պատկերը ձեզ մոտ։ Դուք ՀՀԿ անդամ եք եղել, ՀՀԿ ավագանու անդամ, մասնակցել եք Տարոն Մարգարյանի քարոզարշավին, այդ ընթացքում ծաղրել եք Նիկոլ Փաշինյանին։ Դուք Նիկոլ Փաշինյանին ասել եք, որ Տարոն Մարգարյանի հետ փորձում է մրցել մարդ, ով նույնիսկ մի համատիրություն չի ղեկավարել։ Այս իշխանությունները տարիներ շարունակ քննադատել են ԽԾԲ մեթոդով նշանակումները պետական համակարգում։ Կարծում եմ՝ հասարակությանը, նաև ինձ հետաքրքիր է, թե ինչո՞վ էր, ի վերջո, պայմանավորված ձեր նշանակումը Արդարադատության փոխնախարարի պաշտոնում։ Չեմ փորձի մտնել ազգակցական դաշտ, դա անձնական է, ինձ թույլ չեմ տա։ Ի՞նչը, ի վերջո, Ձեզ գայթակղեց փոխնախարարի պաշտոնում նշանակվելու համար»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։
Գրիգոր Մինասյանը հարցը որակեց ելույթ՝ նշելով, որ այն առնչություն չունի քննարկվող նախագծի հետ։
«Ցավում եմ, որ դուք ձեր պատգամավորական գործունեությունը խառնում եք լրագրողական գործունեության հետ։
Ինչ վերաբերում է նրան, որ ես իբրև թե ծաղրել եմ ինչ-որ քաղաքական գործչի, դա սուտ է, հերյուրանք, երբեք նման բան չի եղել։ Եղել են քաղաքական դեբատներ, քաղաքական հայտարարություններ, որոնք երբեք ծաղրանք չեն եղել։
Իսկ թե ինչու եմ ես այսօր այս պաշտոնին, որովհետև Արդարադատության նախարարի հետ երկար տարիների փորձ ունենք, ես կիսում եմ այն սկզբունքները, որոնք ունի թիմը։ Ուզում եմ իմ փորձով մի լավ բան անեմ»,- եզրափակեց Գրիգոր Մինասյանը։