Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը /տեսանյութ/
Օրերս «TikTok»–յան շրջանակներում հայտնի տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութ է հրապարակել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ վերջինս երեխայի հետ այցելել է այգի։ Տեսանյութում «2_2_2_lava»-ն ծաղրում է կենդանիներին, իսկ որ ամենակարևորն է՝ խախտում է ԵԿԱ անվտանգության կանոնները՝ վտանգի ենթարկելով առյուծներից մեկի առողջությունը։ Տիկտոկերն իր պահվածքը ցուցադրել է ինչպես երեխային, այնպես էլ՝ իր 100 հազարավոր հետևորդներին։ Վերջինս «TikTok» սոցիալական հարթակում ավելի քանի 113 հազար հետևոդ ունի և 7 մլն-ից ավելի հավանում, սակայն, ինչպես ակնհայտ է տեսանյութերից չի կարողացել յուրացնել անվտանգության մի քանի պարզ կանոն։
Կենդանիները հաճախ են սոցիալական հարթակներում հետևորդներ ներգրավելու մոլուցքի զոհը դառնում։ Շատ ակտիվ օգտատերեր կենդանիներին օգտագործում են որպես զվարճանքի միջոց, նկարահանում այդ ամենը և տարածում սոցիալական հարթակներում՝ նպաստելով այդ անպատասխանատու վարքի տարածմանը։ Նման վարքն անընդունելի և անթույլատրելի է, հատկապես, որ կարող է վնաս հասցնելու կենդանու առողջությանը։
Տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութում առյուծների ազատվանդակի բարձր ցանկապատից ներս է նետում իր գլխարկը՝ ասելով․ «Գլխարկը գցում եմ իրանց խաղալու․․․ նվեր իրանց»։ Առյուծը վերցնում է գլխարկն ու հեռանում, իսկ հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ծամծմում այն։
Աշխարհի շատ կենդանաբանական այգիներում են արձանագրվում դեպքեր, երբ այցելուի անպատասխանատու վարքի հետևանքով տուժում են կենդանիները։ Օրինակ՝ 2021 թվականի մարտ ամսին Մոսկվայի կենդանաբանական այգում անկել է մեկ սպիտակագլուխ անգղ։ Անգղը մարտի 13-ին վատ տեսք է ունեցել, նրան տեղափոխել են կլինիկա, 4 կենդանաբույժ պայքարել են թռչնի կյանքի համար, բայց փրկել չի հաջողվել։ Հայտարարությամբ ասվում է․ «Տանջվեց մեկ օր և մահացավ։ Պատճառ է հանդիսացել աղիներում հայտնաբերված ձեռնոցը։ Ոչ աշխատանքային ձեռնոց, այլ՝ այցելուի»։
Մոսկվայի կենդանաբանական այգին հայտարարել է, որ անգղն անկել է մեկ այցելուի քմահաճության պատճառով, որը ձանձրույթից որոշել է ծաղրել թռչնին։
Նման դեպքեր պատահում են աշխարհի շատ կենդանաբանական այգիներում և կապված են որևէ այցելուի անպատասխանատու վերաբերմունքի և քմահաճության հետ։ Այսպիսի դեպքերի կանխարգելման ամենաարդյունավետ տարբերակը հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումն է, այս դեպքում՝ տիկտոկեր «2_2_2_lava»-ին անհրաժեշտ է տեղեկացնել իր քայլերի հնարավոր հետևանքների մասին, եթե վերջինս չի կարողացել ինքնուրույն հասկանալ սեփական արարքի անմտությունը։
Նյութի աղբյուրը` http://econews.am/?p=12061&l=am