Խաղաղության բանակցությանն ընդառաջ Պուտինը ելույթից հանել է Ուկրաինայի քննադատության հատվածը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր ելույթից, կարծես թե, կտրել էր սուր քննադատությունն` ուղղված Ուկրաինայի իշխանությանը՝ ձգտելով խաղաղ համաձայնության գալ իր հարևանի հետ, գրում է Interpress.am-ը` TIME-ին հղումով:
Պուտինի ելույթի սևագիր տարբերակում, որն առկա է նաև TIME-ի մոտ, նախագահը պետք է ուկրաինական իշխանություններին մեղադրեր Մոսկվայի կողմից հովանավորվող անջատողականների հետ ընթացիկ կոնֆլիկտի ժամանակ «իրենց սեփական քաղաքացիների զանգվածային ոչնչացման» մեջ: Սակայն վերջին պահին Պուտինը, կարծես թե, բաց է թողել այդ տողը: Դեկտեմբերի 5-ի ճառի ժամանակ նա ոչ մի նշում անգամ չի կատարել Ուկրաինայի վերաբերյալ:
Երկուշաբթի Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչո՞ւ է նախագահը բաց թողել ողջ այս հատվածը, երբ նա ասել է իր ճառը Կրեմլում կեսօրին: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է Պուտինի կողմից Ուկրաինայի հանդեպ դիրքորոշման փոփոխություն՝ Պեսպովը նշեց. «Ո՛չ, բացարձակապես ոչ»:
Սակայն Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ արդեն իսկ մեղմվել է խաղաղ բանակցությունների հերթական փուլին ընդառաջ, որ տեղի է ունենալու այս շաբաթվա վերջին: Այս բանակցությունները, որոնց կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի ու Ուկրաինայի արևելյան մի մեծ հատված վերահսկողության տակ պահող անջատողականների ներկայացուցիչները, ինչպես նաև եվրոպացի միջնորդներ, բոլոր կողմերին լավ հնարավորություն կընձեռեն հասնել հրադադարի ութամսյա կոնֆլիկտում, որն արդեն 4000 մարդկային կյանք է խլել: (Բանակցությունների օրը, որը նախապես դեկտեմբերի 9-ն էր, հնարավոր է մի քանի օրով հետաձգվի անջատողականների խնդրանքով, ովքեր մի քանի օր ավել ժամանակ են խնդրել պատրաստվելու համար):
Այս բանակցություններին ընդառաջ՝ Պուտինը կարծես թե առավել հաշտարար դիրք է գրավում, քանի որ Արևմուտքը Ռուսաստանին քաղաքական ու տնտեսական լուրջ ճնշման է ենթարկում՝ պահանջելով չաջակցել ուկրաինացի անջատողականներին: Մինսկում բանակցությունների սկսվելու նախնական ժամկետից երեք օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անակնկալ այցելեց Մոսկվա, և Պուտինը տարօրինակ քայլի դիմեց՝ Օլանդին դիմավորելով օդանավակայանում, փոխանակ Ֆրանսիայի առաջնորդը գնար նրա մոտ, ինչպես պահանջում է դիվանագիտական էթիկան:
Վնուկովո օդանավակայանում Ուկրաինայի վերաբերյալ երկու երկրների նախագահները երկժամյա քննարկումների ընթացքում Պուտինը ասաց. «Մենք պետք է լուծենք» հակամարտությունը: Հաջորդած դռնփակ հանդիպումից հետո Պուտինը լրագրողներին ասաց, որ Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ցանկանում է այն վերականգնված տեսնել:
Օլանդը հետո զրուցել է իր գերմանացի գործընկերոջ՝ Անգելա Մերկելի հետ Ռուսաստանի հետ կապված «առաջընթացի ի հայտ եկած հեռանկարների» մասին: Սակայն հինգշաբթի Պուտինի կողմից վերջին պահին ելույթի խմբագրումը հնարավոր է հռետորաբանության մեջ փոփոխությունների բացահայտ նշան է: Նա որպես կանոն Ուկրաինայի հակամարտության ողջ ընթացքում ոչ մի հնարավորություն բաց չի թողել դատապարտելու Ուկրաինայի ղեկավարներին էթնիկ ռուսների իրավունքները ոտնահարելու համար, իսկ Կրեմլում մարդու իրավունքների պաշտպանների հետ ուրբաթօրյա հանդիպումը թվում էր կատարյալ հնարավորություն է այս պնդումները ևս մեկ անգամ հնչեցնելու համար:
Կրեմլի մամլո ծառայության ուրբաթ տարածած ելույթի սևագիր տարբերակի համաձայն՝ Պուտինը իր ունկնդիրներին պետք է ասեր. «Մարդու իրավունքների պաշտպանության ո՛չ միջազգային ակտերը, ո՛չ կառույցները չկարողացան դադարեցնել Ուկրաինայի առաջնորդների կողմից սեփական քաղաքացիների զանգվածային ոչնչացումը: Չնայած Ուկրաինայում միջազգային դիտորդների ներկայությանը՝ ժողովուրդը ունակ չէ դադարեցնելու բռնությունները իրենց հիմնական իրավունքի՝ կյանքի իրավունքի դեմ»:
Կրեմլի նախկին խորհդական Գլեբ Պավլովսկին նշեց, որ խմբագրումը կարծես թե Ռուսաստանի առավել լայն հաղորդագրության մի քայլ էր: «Ուկրաինայի հարցում շրջադարձը հստակ է, անգամ ակնհայտ», նշեց նա: «Պուտինը այժմ ցանկանում է ամրապնդել ընկերասիրության ուղերձը, և Կրեմլը բոլոր ճանապարհներով փորձում է հանգցնել ուկրաինական խնդրի կրակը»:
Ռուսաստանի պետական հեռուստաալիքները, օրինակ, աստիճանաբար դադարում են իրենց հաղորդումներում Ուկրաինայի իշխանություններին «ֆաշիստական» անվանելը և շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի՝ անջատողականների կողմից վերահսկվող արևելյան հատվածները անվանեց երկրի մարմնի վրա «բաց վերքեր», որոնք պետք է լավանան: Անգամ մեկ ամիս առաջ դժվար էր պատկերացնել, որ ապրիլից ի վեր Ուկրաինայի դեմ կռվող անջատողականներին պաշտպանող կրեմլյան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման խոսքեր կհնչեն: Պավլովսկին նաև նշեց, որ «Մոսկվան այժմ փորձում է հեռու մնալ անջատողականներից»:
2011թվականին նախագահության սկզբից ի վեր Պուտինի իմիջմեյքերներից մեկը՝ Պավլովսկին, ասում է, որ նախագահի համար իր սփիչռայթերների պատրաստած ճառում վերջին պահին փոփոխություն կատարելը հազվադեպ երևույթ չէ: Եվ նա գրեթե անկասկած հաստատել է բուն տարբերակը, որը դատապարտում էր Ուկրաինայում իրավունքների խախտումները, նշում է Պավլովսկին: «Հակառակ դեպքում այդ մասին ճառում ոչինչ չէր լինի: Բայց վերջին պահին նա ըստ երևույթին որոշել է, որ դա նպատակահարմար չէ»:
Պատճառը կարծես թե Ռուսաստանի տնտեսության ահազանգող իրադրությունն է: Վերջին ինը ամիսների ընթացքում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փուլ կիրառեցին, որպեսզի ստիպեն Կրեմլին փոխել Ուկրաինայի հանդեպ ինտերվենցիոնիստական քաղաքականությունը, և այս պատժամիջոցներին հաջողվեց ցավալի հարված հասցնել ռուսական էլիտային ու պետության հետ կապված ընկերություններին: Այդ նույն ժամանակ, Ռուսաստանի արտահանման ամենակարևոր ապրանքի՝ նավթի գնի կտրուկ անկումը ոչնչացրեց դաշնային բյուջեներն ու ազգային փոխարժեքը, ինչը տարվա սկզբից սկսած կորցրեց իր գնի 40 տոկոսը դոլարի համեմատ:
Սակայն Ուկրաինայի հանդեպ կուրսի հանկարծակի փոփոխությունը կարող է վնասել Ռուսաստանի նախագահին: Այս մասին զգուշացնում է Պավլովսկին: Կրեմլի քարոզչական ալիքները ամիսներ են ծախսել անջատողականության պատճառների վերաբերյալ հասարակական աջակցությանը հասնելու համար, և նախագահը կարող էր ականատես լինել իր բարձր ռեյտինգի անկմանը, եթե կտրուկ փոխի իր վերաբերմունքը: Այդ պատճառով Պավլովսկին կարծում է, որ Կրեմլում չեն ցանկանում, որ հասարակությունը այդ փոփոխությունը նկատի միանգամից:
Աղբյուր` Interpress.am