17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Հայաստան” հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն Արցախում երկու համայնքային կենտրոն կկառուցի

Հունիսի 24-ին անցկացվեց Տորոնտոյի տեղական մարմնի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որն այս տարի նվիրված էր  “Հայաստան” հիմնադրամի 20-ամյա հոբելյանին: Երեկոյի բանախոսն էր Վահե Ճազմադարյանը, ով այս 20 տարիների ընթացքում հանդես է եկել որպես կառույցի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: Ավելի քան 315 հազար ԱՄՆ դոլար է հավաքագրվել դրամահավաք-ճաշկերույթի արդյունքում:

Միջոցառման հանդիսավար Թենի Նիկողոսյանը հյուրերին տեղեկացրեց, որ հավաքագրված գումարներով երկու համայնքային կենտրոն կկառուցվի Արցախում:

Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում բարձր գնահատեց Հիմնադրամի դերը Հայաստանի ու Արցախի կայացման գործում, մասնավորապես անդրադառնալով նաեւ Տորոնտոյի տեղական մարմնի ձեռնարկներին:

Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը ներկայացրեց վերջին 12 ամիսների ընթացքում կանադահայերի նվիրատվություններով իրականացված ծրագրերը. Շուշիի կրթամշակութային կենտրոնի, Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նեֆրոլոգիայի եւ դիալիզի բաժանմունքի եւ Նորքի ծերանոցի հիմնանորոգում, ինչպես նաեւ 400 արցախցի աշակերտներին դպրոցական համազգեստների, իսկ Շոշ գյուղի դպրոցին միկրոավտոբուսի տրամադրում:

Վահե Ճազմադարյանը, ով երեկույթին մասնակցելու նպատակով ժամանել էր Ֆրանսիայից, վերստուգիչ հանձնաժողովի անունից վստահեցրեց ներկաներին, որ շնորհիվ տարեկան ֆիզիկական եւ ֆինանսական աուդիտների` Հիմնադրամը վայելում է թափանցիկ գործելաոճ ունեցող կազմակերպության համբավ: Նա խոսեց նաեւ 20 տարիների ընթացքում Հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին:

Միջոցառման ավարտին նվիրաբերվեց 135 հազար ԱՄՆ դոլար, որին գումարվեց նաեւ մեկ նպատակային նվիրատվություն` 180 հազար ԱՄՆ դոլարի չափով: Երեկույթի արդյունքում հավաքագրված 315 հազար ԱՄՆ դոլարով Տորոնտոյի տեղական մարմինը երկու համայնքային կենտրոն կկառուցի Արցախում, մեկը Դրախտիկում, մյուսը` մեկ այլ սահմանամերձ գյուղում: Կենտրոնները կունենան բուժկետ, հղի կանանց սպասարկման սենյակ, համակարգչային սենյակ, գրադարան, դահլիճ եւ գյուղապետի գրասենյակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ