Եռյակը` աշնանային պատուհանից
Անկախ առավել մանրամասն գնահատականներից, 2014 թվականի աշունն այնքան թեժ չէր, որքան խոստանում էին եռյակի ներկայացուցիչները ու որքան ակնկալում էին իշխանություններն ու քաղաքականությամբ հետաքրքրված հասարակական շերտերը:
Ճիշտ է, հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ երկու հանրահավաք, որոնք կարողացան Ազատության հրապարակը լցնել մարդկանցով, սակայն ըստ էության այդ գործընթացն իր ուղղակի շարունակությունը չունեցավ: Հատկապես այն անձանց համար, ովքեր տեսել էին 2008 թվականի հանրահավաքները, էլ չեմ խոսում 1988 թվականի հանրահավաքների էներգետիկայի մասին, 2014-ի աշնան եռյակային ձևաչափի հանրահավաքները իրենց մեջ ասելիքի ու թափի առումով նորույթ չպարունակով հանրահավաքներ էին:
Փաստացի, ամբողջ նոյեմբերն անցավ համաժողովրդական շարժման ինստիտուցիոնալիզացիայով, որը, սակայն, լայն առումով ոչ այլ ինչ էր, քան արդեն գոյություն ունեցող կառույցների անվանափոխություն, քանի որ մարզերում համաժողովրդական շարժման գրասենյակներ են դարձել հիմնականում ԲՀԿ-ի տարածքային գրասենյակները: Այս պարագայում եռյակի պասիվությունը փոքր ինչ տարօրինակ է: Նրանք այդ բացը փորձում են լրացնել լոկալ միջոցառումներով, բայց հասկանալի է, որ դրանք իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող, հետևաբար, եռյակը ժամանակ ձգելու խնդիր ունի:
Մյուս կողմից, նոյեմբեր ամիսը նշանավորվեց նրանով, որ Եռյակի գործունեությունը մտավ դիրքային պայքարի մի փուլ, որտեղ մարդկային ու ֆինանսական ռեսուրսները կարևոր դերակատարություն էին ձեռք բերում: Իսկ այդպիսի ռեսուրսներով առավել հարուստ էր ԲՀԿ-ն, ինչն էլ նրա համար հող ու հնարավորություն էր ստեղծում եռյակում միանձնյա առաջատարի դիրք զբաղեցնելու համար: Ներեռյակային այս վերադասավորումներն, անշուշտ, չէին կարող չազդել որպես հավասար միավորներ այդ դաշինքի մեջ մտած մյուս երկու քաղաքական ուժերի տրամադրվածության վրա, որոնց փորձերը, սակայն, ինքնուրույն նախաձեռնություններով հանդես գալ, ինքնուրույն ակցիաներ կազմակերպել, հաջողությամբ չպսակվեցին:
ԲՀԿ-ն իր առավելությունն ընդգծելու համար հանդիպումներ շարք նախաձեռնեց արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց ժամանակ անընդհատ բարձրացվում էր ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի դերը, մյուս կողմից այդ քաղաքական ուժերի` եռյակին միանալը տեղի էր ունենում ԲՀԿ-ի միջոցով: Թեև սրանով ԲՀԿ-ն փորձում էր իր ազդեցության մեծացման ֆոն ապահովել, բայց հասկանալի էր, որ միացող քաղաքական ուժերի ղեկավարներ քաղաքական դաշտից վաղուց արդեն համբարձված գործիչներ են, ու դասվում են Լևոն Տեր-Պետրոսյանի դասակարգմամբ` մարգինալների շարքին:
Այսինքն` ի՞նչ տվեց աշունը ոչ իշխանական ուժերին: Նախ` Քառյակը դարձավ եռյակ, որից հետո, չնայած մի որոշ շրջան ՀՅԴ-ի հանդեպ որդեգրած հանդուրժողականությանը, ի վերջո, նախկին քառյակայինները ու մասնավորապես ՀԱԿ-ը, վերադարձան իրենց նախկին դիրքերին ու սկսեցին անխնա քննադատել միմյանց:
ԲՀԿ-ն սկսեց իր դիրքերն ամրացնել եռյակում ու դարձավ հասարակության մեծամասնության կողմից ընկալվող եռյակային առաջատար: Իսկ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հարաբերությունները «Ժառանգության» հետ շարունակեց վատթարանալ` կապված վերջինիս արևմտամետ դիրքորոշման հետ: Փոխարենը` եռյակն ամբողջ աշնան ընթացքում ունեցավ առավելապես քաղաքական հայտարարություններով ամրագրված քաղաքական շարժում:
Այս ամենում ուշագրավն այն է, որ իշխանություններն իրենց գործառույթներն իրականացնելու ճանապարհին ըստ էության, լուրջ կոնֆրոնտացիայի չեն գնացել ոչ իշխանական ուժեի, հետ, թեև վերջիններս հայտարարում էին, թե երկրում առկա է կառավարման ճգնաժամ:
Այսինքն` մի կողմից կար ոչ իշխանական քաղաքական ուժերի դաշինք, որի ներսում անընդհատ գործընթացներ էին տեղի ունենում` թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ շարժառիթներով, մյուս կողմից կար իշխանություն, որին ղեկավարման գործում առկա ընդդիմությունը լուրջ դիմադրություն չէր ցուցաբերում: