26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իշխանություն ունե՞նք, որ իշխանության քայլերը գնահատեմ»․ Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ շարունակվում է, ինչո՞վ եք սա բացատրում և այդ համատեքստում իշխանության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Իշխանություն ունե՞նք, որ իշխանության քայլերը գնահատեմ։ Հայաստանում, իմ խորին համոզմամբ, իշխանություն չունենք, եթե իշխանություն ունենայինք՝ այս ամիսների ընթացքում կլուծեինք գերիների խնդիրը, չէր կազմվի հունվարի 11-ի արձանագրությունը, թույլ չէին տա, որ Սև լիճ ներխուժեին ադրբեջանցիները, կպաշտպանեին մեր պետական ու ազգային շահը, նախընտրական շրջանում կխոսեին արժանապատիվ խաղաղության հասնելու ռազմավարական-ծրագրային թեզերի մասին, այլ ոչ թե մուրճը աջ ու ձախ կթափահարեին ու այսպես շարունակ։

Իհարկե իրավիճակը շատ վատ է։ Ասել եմ, որ Հայաստանում իշխանություն չկա, մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Ցավով եմ ասում, այսօրվա կառավարություն կոչվածն ի զորու չէ մեր խնդիրները լուծելու, ըստ էության ոչինչ չի անում։ Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում է, կառավարության այսօրվա նիստը նայե՞լ եք։

– Հենց այդ մասին էր իմ հաջորդ հարցը, ինչպե՞ս եք վերաբերվում կոմունիկացիաների ապաշրջափակմանը տարածաշրջանում և, այս համատեքստում, Փաշինյանի հնչեցրած այսօրվա հայտարարություններին։

– Ասում է՝ Ադրբեջանի տարածքով մենք Իրանի հետ կհաղորդակցվենք կամ Ադրբեջանի հարավով կգնանք Ռուսաստան։ Ես էլ հարց եմ տալիս․ Հայաստանը Իրանի հետ ունի ուղիղ կապ, Իրանը Հայաստանի համար ունի ստրատեգիական, կենսական նշանակություն, կարելի՞ է այդքան մանիպուլացնել, ո՞րն է Հայաստանի շահը, չերեզ Ադրբեջան գնալը, հա՞, եթե Իրանի հետ մենք ուղիղ կապ ունենք։

Այդ միջանցք կոչվածը կամ այդ՝ իրենք որ հիմա ապաշրջափակում են ասում, բացառապես Թուրքիայի պանթուրքիստական երազանքն է եղել, գրեթե բոլոր թուրք ղեկավարները խոսել են այդ մասին։ Ով տեղյակ չէ, չգիտի, նրանց կարող են խաբել։ Դա թուրքական Մեծ Թուրանի նպատակն է՝ Նախիջևանով կապվեն Ադրբեջանի հետ, այնուհետև՝ միջինասիական թուրքական, Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ։ Ու դա ներկայացնել որպես Հայաստանի շա՞հ, դա անթույլատրելի է, ձեռառնոցի է, ներկայացնել, թե դա Հայաստանի համար կենսական նշանակություն է։

Եթե դա Հայաստանի համար կենսական նշանակություն ուներ, իրենց ընդունած ազգային անվտանգության ռազմավարության մեջ ինչո՞ւ ներառված չէր, ինչո՞ւ չէին ասում՝ պետք է այդ ճանապարհն անպայման բացենք։

Ադրբեջանի հարավով թող չկապվի Ռուսաստանի հետ, ուրիշ ճանապարհ առաջարկեմ․ ունենք երկաթուղի, որը մինչև Իջևան գնում է, այնտեղից Ղազախով թող գնա Ռուսաստան։ Ադրբեջանին և Թուրքիային սպասարկելը չի կարելի ներկայացնել, թե մեր կենսական շահերն ենք սպասարկում։

– Արձանագրո՞ւմ եք, որ իշխանությունը թուրք-ադրբեջանական շա՞հն է սպասարկում, պարո՛ն Շարմազանով։

– Արձանագրում եմ մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը, փաստերով եմ խոսում։

– Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ անհրաժեշտություն կա հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով տեղակայելու ռուս սահմանապահներ, որպեսզի սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան առանց միջադեպերի ու հանգիստ պայմաններում անցնեն։ Կա՞ այդ անհրաժեշտությունը, եթե բանակցությունների արդյունքում որոշվի ռուս սահմանապահներ տեղակայել, ի՞նչ կտա դա Հայաստանին։

– Բազմիցս նշել եմ՝ չի կարելի Խորհրդային Ադրբեջանի քարտեզները հիմք ընդունելով՝ իրականացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա, որովհետև այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այսօրվա Ադրբեջանը 1918-20 թվականի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, հետևաբար ի՞նչ Խորհրդային Միության քարտեզներ։

Այդ քարտեզներով Արցախն Ինքնավար Մարզի կարգավիճակով Խորհրդային Ադրբեջանի կազմում է եղել։ Կամ ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, այսինքն՝ ո՞րն է մեր շահը, ինչ թուրքն ուզում է՝ մենք անում ենք, բա մեր շահը ո՞րն է։

Քանի որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել մեր պետական շահը, Ալիևն ամեն ինչ անելու է, որ օգտվի ստեղծված իրավիճակից և հնարավորինս շատ բան կորզի։

Ռուս սահմանապահների մասով. քանի որ ինֆորմացիա չունեմ, բայց տեսնելով հետպատերազմյան ժամանակաշրջանը՝ ՀՀ-ն ի զորու չէ պաշտպանելու իր սահմանները, բնականաբար ռուս խաղաղապահները պետք է գան։

Բայց ինքը հա՛մ ռուս խաղաղապահ է ասում, հա՛մ ասում է միջազգային, հա՛մ ասում է ԵԱՀԿ, հա՛մ ասում է ՀԱՊԿ, սաղ խառնել է իրար։ ՀԱՊԿ-ի մեջ մի քանի երկիր է մտնում, ո՞ր երկիրը նկատի ունի, երբ ասում է ՀԱՊԿ։ Եվրոպացիներին մի բան է ասում, Մոսկվային՝ ուրիշ, Ալիևին՝ այլ, շատ բարդ իրավիճակ է, ինքը՝ որպես պետության ղեկավար, անարդյունավետ է։ Իր հախուռն պահվածքով բերեց պատերազմի ու այդ ընթացքում սխալ որոշումների հետևանքով ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Հստակ եմ ասում՝ ունեցել է հնարավորություն պատերազմը կանգնեցնելու հոկտեմբերին ավելի լավ պայմաններով, բայց չի արել։

– Ձեր խոսքում ասացիք, որ իշխանություն չունենք, իսկ ընդդիմություն ունե՞նք, եթե այո՝ նրանց քայլերն ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակում։

– Առհասարակ, էական չէ՝ ընդդիմությունը լավն է, վատն է, ինձ իմ պետության շահն է հետաքրքիր։ Շատ մարդկանց համար կարող է սա լինել իշխանություն-ընդդիմություն պայքար, բայց ինձ համար սա այդ պայքարը չէ, ինձ համար այսօր Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է։

Մենք կորցնում ենք, հասկանո՞ւմ եք, մեր պետության ռազմավարությունը ո՞րն է՝ չեն ասում այս մարդիկ։

– Այստեղ ընդդիմության դերը ո՞րն է, պարո՛ն Շարմազանով, ի՞նչ պետք է անի, որ չկորցնենք։

 – Ընդդիմության դերը շատ մեծ է, բայց մեզանում ընդդիմությունը ընդդիմություն կոչվածներ են, էլի։ Շատ հարաբերական է, կա խորհրդարանական, իբր արտախորհրդարանական ընդդիմություն, կա ընդդիմություն, որը ընդդիմությանն է ընդդիմություն, ընդդիմություն, որ Փաշինյանին պաշտպանում է ընդդիմությունից։

Մեր քաղաքական միտքը հասկանո՞ւմ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք են, եթե չէ՝ ես իրենց ասելու բան չունեմ։

– Նորընտիր խորհրդարանի ընդդիմությունը կարո՞ղ է ինչ-որ բան անել, որ, ինչպես նշեցիք, Հայաստանը չկորցնի։ Ի վերջո, ելքը ո՞րն է ստեղծված իրավիճակից։

– Ելքը հասարակության մեջ պետական, ոչ թե պոպուլիստական գաղափարի բարձրացումն է, կապիտուլյանտ իշխանության հեռացումը և պրոֆեսիոնալ, ազգային, ոչ կուսակցամոլ, պետականամետ բոլոր կարող ուժերի ընդգրկմամբ կառավարության ձևավորումն է և բոլոր պետականամետ քաղաքական ուժերի՝ վերմակը միայն իր վրա քաշելու քաղաքականության բացակայությունը։

Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի անվտանգությունը, ինչպիսի՞ անվտանգային ռազմավարություն է ներկայացնում այս իշխանությունը, որևէ բան չի ասում։ Արտգործնախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն ասում է Լեռնային Ղարաբաղի տարածք, ու որևէ մեկը չի խոսում, բացի Հանրապետականից։

– Անվտանգության խորհրդի ռազմավարություն են մշակել Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ, Փաշինյանի վարչապետության պարագայում։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» տերմինը հանված է, գրված է «Լեռնային Ղարաբաղ» սա պատահականությու՞ն է։

– Փաշինյանը մի բանում էր ազնիվ, երբ խորհրդարանում ասաց՝ «իզմեր» չունի, չգիտեմ՝ այդ մարդն ինչի կողմնակից է, իր համար կարևորը՝ աթոռը տակը լինի, իշխանություն լինի, կապ չունի՝ էդ աթոռը կլինի թուրքական, ռուսական, եվրոպական, կապ չունի, և այսօրվա իրավիճակն էլ դրա հետևանքն է։

– Ձեր նշած ելքն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա՞ իրականացնել, մարդկանց համախմբել կհաջողե՞ն, ինչը չկարողացան անել նախընտրական շրջանում։

– Հուսանք, հուսանք։ Չեմ ասում, որ Հայաստանում առողջ քաղաքական ուժերը սահմանափակվում են խորհրդարանական ընդդիմությամբ, տարբեր քաղաքական թիմերով պետք է կարողանան։ Հիմա կուսակցամոլությամբ զբաղվելու ժամանակը չէ։ Այս երեքուկես տարին ապացուցեց, որ Փաշինյանինը իշխանություն չէր, այլ կապիտուլյանտ, հողատու իշխանություն էր։ Սա ցավով եմ ասում պետության համար։

Փաշինյանն այլևս լուծումներ չունի, հայտնվել է մի իրավիճակում, երբ իր դիմաց դնում են լուծումներ՝ ասում են՝ ընտրի՛ր, այ սա՛ է ամենավատը։ Լուծումներ են դնում վատի ու վատթարագույնի միջև ու ասում, վերջ, ընկե՛ր, սա՛ է քո լուծումը։

Մեր պետության գլխավոր խնդիրն այն է, որ այս իշխանությունը պարբերաբար, ինչպես ինքն է ասում այն հայտնի ձայնագրության մեջ, իրեն գժի տեղ դնելով՝ պայմանավորվածություններ է խախտել, իսկ միջազգային դիվանագիտությունը իրեն գժի տեղ դնողներին պատժում է, պետությունն է տուժում, մենք վստահելի գործընկեր չենք ոչ մեկի համար։

Միջազգային հանրությանը պետք է այս թնջուկի լուծումը, թե ո՛ւմ օգտին կլինի այն՝ կախված է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ