ՀՀ-ից 50.000 տոննա երկաթ է արտահանվել. գումարը մտել է Փաշինյանի ու նրա մերձավորների գրպանը. Կոչուբաև. 168.am
2018-2020 թվականներին մետաղի ջարդոնի անվան տակ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 50.000 տոննա մաքուր երկաթ. համեմատության համար նշենք, որ այս ժամանակաշրջանին նախորդող երկու տարում արտահանվել է 2000 տոննա մաքուր երկաթ։
Այս մասին 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Միայն Վանաձորի քիմգործարանի տարածքից դուրս է բերվել շուրջ 15.000 տոննա երկաթ, որը մետաղի ջարդոնի անվան տակ դուրս է բերվել Հայաստանից 2018-2020 թվականների ընթացքում»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստերից մեկի ժամանակ Վահագն Վերմիշյանը կտրականապես դեմ է արտահայտվել սև երկաթը ՀՀ-ից արտահանելու Կառավարության որոշմանը։
«Ես տնտեսագետ չեմ, բայց ուզում եմ մի պատմական ակնարկ անել. 90-ականներին, երբ սև մետաղի ջարդոնն անարգել դուրս էր բերվում հանրապետությունից, հանրապետության ողնաշարը կոտրվեց։ Ամբողջ ծանր շինարարական տեխնիկան, ռելսերը, հաստոցները երկաթե ջարդոնի անվան տակ դուրս եկավ ՀՀ-ից, իսկ Չինաստանը ներմուծում էր դրանք, վերազինում այդ հաստոցներն էլեկտրոնային չիպերով և դարձնում դրանք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Իմ խորը համոզմունքն է, որ սև մետաղը չպետք է թույլ տալ հանրապետությունից դուրս գա։ Հայաստանը պետք է երկաթ ներմուծող և ոչ թե՝ արտահանող լինի»,- նիստի ժամանակ ասել էր Վերմիշյանը։
Փաստաբան Կոչուբաևի խոսքով՝ Վահագն Վերմիշյանի այս դիտարկումը նրա համար եղել է ճակատագրական, որովհետև 50.000 տոննա երկաթից ստացած եկամուտը «մտել է Փաշինյանի և նրա մերձավորների գրպանը»։
«Սա ապացույցներից մեկն է այն իրողության, որ Վահագն Վերմիշյանը կանգնել էր Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորների բիզնես շահերի առջև»,- ասել է Կոչուբաևը։
Հաջորդ խնդիրը, ըստ փաստաբանի, հետևյալն է՝ Վահագն Վերմիշյանն իր պաշտոնավարման ժամանակ աշխատանքային այցով Հոլանդիայում գտնվելու ժամանակ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ բարեկամության շրջանակներում Հոլանդիան մեզ պետք է փոխանցի երկու տեխնիկա, որն առջևից քերում է ասֆալտը, վերամշակում, որից հետո հետևից այն փռում է։
«Այսինքն, եթե մենք ունենում էինք այս տեխնիկաները, մեզ այլևս ասֆալտ պետք չէր գալու։
Ընդ որում, մեկ տեխնիկան կարողանում էր փռել օրը 1 կմ ասֆալտ։ Կրկնում եմ՝ մենք ասֆալստ էլ չէինք գնելու»,- ասել է Կոչուբաևը՝ նշելով, որ, երբ Վահագն Վերմիշյանն իր այս պայմանավորվածության մասին ասել է Սուրեն Պապիկյանին և Նիկոլ Փաշինյանին, նախաձեռնությունը տապալել է, իսկ այդ տեխնիկաները ձեռք է բերել Վրաստանը։
«Մինչդեռ մենք այս տեխնիկան գնելու դեպքում այլևս երբեք չէինք գնելու ասֆալտ և ունենալու էինք տասնյակ-միլիոնավոր դոլարների հասնող խնայողություն, սակայն այդքան եկամտի պակասի էր դա հասցնելու իշխանական շրջանակներին»,- ասել է փաստաբանը։