Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան
Վերջին օրերին չափազանց շատ են փաստերն այն մասին, որ իշխանությունները, հատկապես մարզերում, անթաքույց աշխատանքից հեռացնում են մեր դաշինքի աջակիցներին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սկսեցին հիմնավորվել իմ այն մտավախությունները, որ առանց այդ էլ երկրին այսքան վնաս հասցրած այս իշխանությունն անցել է սեփական ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների՝ օգտագործելով իշխանական լծակները։ Դրանք կիրառվում են սովորական քաղաքացիների դեմ, որոնք համարձակվել են սեփական քաղաքացիական դիրքորոշումն ունենալ։ Ես այդ բոլոր մարդկանցից ներողություն եմ խնդրում, որովհետև դրանում, ինչ տեղի է ունենում այսօր, կա նաև իմ մեղքի բաժինը։ Վստահեցնում եմ ձեզ, շուտով դուք նորից ծառայելու եք մեր երկրին:
Նախկինում մենք շատ սխալներ ենք թույլ տվել։ Երկրում ձևավորվել են մենաշնորհներ, միաժամանակ պետությունն ինքը կորցրել է սեփական քաղաքացիների հետ հարաբերությունների բացառիկ մենաշնորհը։ Մենք աշխատել ենք, սակայն սխալների վրա «տնային աշխատանք» չենք կատարել, այդ պատճառով բազմաթիվ անարժան մարդիկ հայտնվել և մնացել են քաղաքականության մեջ։ Այնտեղ, որտեղ նրանք առհասարակ չպետք է լինեին։
Նկարագրված երևույթները այսօր ընդունված է անվանել «նախկիններ»։ Բայց դա մասնակի ճշմարտություն է։ Արդարության համար պետք է ընդունել, որ «նախկիններ» եղել ենք բոլորս՝ և´ նրանք, ովքեր խախտում էին խաղի կանոնները, և´ նրանք, ովքեր համակերպվում էին՝ չբռնելով խախտողի ձեռքը։ «Նախկին» պետք է դառնանք բոլորս այս եռամյա աղետալի ազգային էքսպերիմենտից հետո: Բայց մենք չպետք է մնա´նք նախկին։
Մեր խղճի վրա է, որ այսօր իշխանության ղեկին գտնվող ֆրանկենշտեյնը սպառնում է ոչնչացնել երկրի հոգևոր և ինտելեկտուալ էլիտան։ Նա հինգ հազար հոգու ուղարկում է անխուսափելի մահվան, սակայն շատերին համոզում է, թե փրկել է ուրիշների կյանքը։ Սա մեր ազգային ինքնագիտակցության գենետիկ արատների դրսևորումն է։
Գուցե Բարձրյալը գտավ, որ մենք պետք է անցնենք այս փորձության միջով, որպեսզի սկսենք հասկանալ, թե ինչ է համախմբվածությունը, հայրենասիրությունը, հանդուրժողականությունն ու առաջադիմականությունը։ Մենք պետք է դա ինչ-որ կերպ հասկանայինք, որ կարողանանք ապրել 21-րդ դարում։
Մենք պետք է հասկանայինք, որ մեզնից շատերը չեն կարողանում գնահատել հաղթանակը, որ մենք շատ ենք նյութապաշտ (մերկանտիլ): Մենք դարձել ենք մի հասարակություն, որը չի ձգտում կատարելության, առավելության։ Մենք դարձել ենք ծայրահեղությունների հասարակություն։ Մենք, մեծամասամբ լինելով կիրթ ժողովուրդ, 21-րդ դարում մեզ թույլ ենք տալիս ունենալ իր բնույթով ֆաշիստական իշխանություն։ Դա մի երևույթ է, որն առհասարակ անհամատեղելի է հայկական ինքնության ավանդական քրիստոնեական արժեքների հետ։
Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը: Մենք շատ թանկ գին ենք վճարել՝ թույլ ենք տվել կործանել մեր ժողովրդի մի ամբողջ երիտասարդ սերնդի ճակատագիրը։ Մենք թույլ ենք տվել, որ չծնվեն այդ երիտասարդների երեխաները, որ որբանան սպաների ու կամավորների երեխաները։ Բայց հենց հանուն այդ լուսավոր երիտասարդների ու հայրերի հիշատակի՝ մենք կուղղենք անցյալի բոլոր սխալները և թույլ չենք տա նոր «մուտացիաներ»։ Մեր հասարակության գիտակից հատվածն արդեն իսկ իր վրա վերցրել է այդ պատասխանատվությունը»: