24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարություններն ու հայհոյանքի օգտագործումը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:

Այսպես շարունակել չի՛ կարելի:

Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:

Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի Վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար:

ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է:

Ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր:

Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնատակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը:

Կրկնում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա քաղաքականից բացի, շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:

Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական վրեժ», «վենդետա» և նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել է մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը ևս մեկ անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը ազդեցություն չի ունեցել:

Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև դուելի թեման:

Վերը շարադրվածից բացի, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինիքի Վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձևակերպմամբ, ձայն չտալու համար:

Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային և մի շարք այլ իրավունքների խախտմանը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն»,- գրել է Թաթոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ