Մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի գյուղեր են. Իմքայլական պատգամավորը՝ Տավուշից հնարավոր զիջվող գյուղերի մասին
Hraparak.am-ը գրում է.
«Չնայած Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններն ադրբեջանցիների կողմից դեռ մնում են զավթված, սակայն «ԻՔ» պատգամավորները վստահեցնում են, որ դրանից իշխանության վարկանիշը չի իջել, եւ հունիսի 20-ի ընտրություններին իրենք առնվազն 50+1 են հավաքելու։
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական հազարից ավելի զինվորներ եկել բնադրվել են Սյունիքում, զավթել Սեւ լճի՝ փաստացի ՀՀ տարածքը։ Իսկ Արցախի հանձնումը մարսած իշխանությունները մատը մատին խփելու փոխարեն պատրաստվում են երրորդ փաստաթուղթը ստորագրել, որով, ըստ էության, կկատարեն Ադրբեջանի նախագահի պահանջը։ Եվ Սեւ լճից հետ նահանջելու փոխարեն կստանան տավուշյան սահմանամերձ որոշ համայնքներ եւ Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին։ Թեեւ իշխանությունները հույժ գաղտնի են պահում ստորագրվելիք փաստաթղթի իրական բովանդակությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իմքայլական պատգամավորներից ոմանք արդեն հող են նախապատրաստում զիջումների գնալու համար եւ հայտարարում են, որ Տավուշում ադրբեջանական տարածքներ կան մեր տնօրինության տակ։ Նախօրեին Փաշինյանի քավոր, պատգամավոր Վահե Ղալումյանն անգամ թվարկեց այդ համայնքները։ «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար․ քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են»,- ասել էր ծնունդով իջեւանցի պատգամավորը՝ ըստ էության մատնելով, թե որ գյուղերն են հանձնվելու թշնամուն։
Երեկ նա մեզ հետ զրույցում փորձեց խմբագրել իր աղմուկ հանած հայտարարությունը՝ ասելով, թե նշել է նաեւ, որ մեր «բազմաթիվ» տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ ինքը չի ասել, թե իր թվարկած համայնքները հանձնելու են հակառակորդին, պարզապես նշել է, որ ադրբեջանական են։ Հարցին՝ դուք հիմա Ադրբեջանի՞ շահերն եք պաշտպանում, թե՞ Հայաստանի։ Նա կրկնեց, որ քարտեզով դա է իրականությունը։ «Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք»,- վրդովվեց նա։
Ղալումյանը ստորագրվելիք փաստաթղթին ծանոթ չէ, չի կարող ասել՝ սահմանազատման արդյունքում ինչ պատկեր կունենանք․ «Հանձնաժողովը կձեւավորվի, աշխատանք կանեն, կնստենք կխոսենք, թե որ կտորը, որ հատվածը ոնց է լուծվում»։ Բայց մինչ այդ աշխատանքները կսկսվեն, Դուք արդեն իրենց օգտին խոստովանություն եք արել, սա նշանակում է, որ անհնարին է լինելու նշված համայնքները մեզ պահելը։
«Որ նման տարածքներ կան, դա գաղտնիք չէ, էլի եմ ասում»։ Պատգամավորն ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ այդ գյուղերը բնակեցված չեն․ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են։ Դրա փոխարեն մենք ունենք Բերքաբերից հսկա տարածք իրենց մոտ, Կոթի գյուղից, Բերդի տարածաշրջանից»։
Առարկեցի՝ ես գիտեմ, որ Այգեպարը բավականին ծաղկուն գյուղ է, բնակեցված։ «Չէ, ես Այգեպարի անունը չեմ տվել»,- ասաց նա՝ Ոսկեպարի մասին եմ խոսել․ «Ոսկեպար, թե Ոսկեփուռ, ժողովրդի մեջ էդպես էր ընդունված»։ Նկատեցինք, որ եթե անգամ բնակեցված չեն, անվտանգության գոտի են ծառայում, բացի այդ՝ եթե հանձնելու ենք, իսկ նրանք մեր տարածքները հե՞տ են վերադարձնելու, օրինակ՝ Արծվաշենը։ «Նախ եկեք պայմանավորվենք, որ չենք հանձնելու»։ Լավ, վերադարձնելու եք։ «Չենք վերադարձնելու»։ Փոխանակելո՞ւ եք մեր՝ իրենց վերահսկողության տակ գտնվող համայնքների հետ։ «Չենք էլ փոխանակելու, հանձնաժողովի աշխատանքների արդյունքում է որոշվելու՝ սահմանը որտեղով կանցնի։ Մենք մի ձեւով պիտի հասնենք երկարաժամկետ խաղաղության, որի ժամանակ հարյուրավոր անմշակ հեկտարներ ունենք, որ մարդիկ կմշակեն, հիմա իրենց նշանառության տակ են»։ Այսինքն՝ մտածում եք, որ 44-օրյա պատերազմից հետո հայն ու ադրբեջանցին կարող են կողք-կողքի խաղաղ գոյակցե՞լ։
«Մենք ուրիշ տարբերակ չունենք, մենք հարեւաններ ենք, խաղաղ ապրելն էլ մեր գործողություններից է կախված, պիտի էս կնճռոտ հարցերը հարթեն, որ խաղաղ լինի»։ Իսկ մենք ի՞նչ գործողություն էինք արել, որ եկել զավթել են Սեւ լիճը։ «Ոնց եկել են, այնպես էլ գնում են, արդեն կեսը վերադարձել են, խելոք են՝ մյուս կեսն էլ կգնա»։ Ինչպե՞ս։ «Բանակցություններով»։ Իսկ թե ով եւ ինչ է բանակցում, ու ինչի դիմաց են իբր նահանջել, Ղալումյանը չցանկացավ գաղտնազերծել։ Բայց վստահեցրեց, որ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը չի ազդել իշխանության վարկանիշի վրա, որ առաջիկա ընտրություններին 50+1 են հավաքելու»։