Իշխանական պատգամավորները «քաստինգի» են մասնակցում․ «Փաստ»
«Հայաստանյան ներքաղաքական կյանքում կարելի է հանդիպել բազմաթիվ տարօրինակ և հակասական իրավիճակների։ Այդպես, եթե անցած տարվա նոյեմբերի 9-ին կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրությունից հետո «Իմ քայլի» պատգամավորները չքացել էին, նրանց հնարավոր չէր գտնել ու բերել ԱԺ, ապա հիմա նրանք ջրի երես են դուրս եկել ու կամաց-կամաց գլուխ են բարձրացնում։ Ավելին, հիմա սկսել են ինքնագոհ հոխորտալ ու անգամ ամոթանքներ տալ արդեն ուրիշներին։
Այս առումով տպավորություն է առաջանում, թե «քայլողների» վրա կարծես թե հատուկ չափիչ սարք է դրված, յուրատեսակ «սպիդոմետր», թե ում ձայնն առավել բարձր կհնչի, կամ ով ավելի շատ կքծնի շեֆին, ով ավելի պոռոտախոս կլինի։ Ուբացարձակ կարևոր չէ, թե նրանց ասածները քաղաքական առումով ինչ-որ բովանդակություն կամ տրամաբանություն կարտահայտե՞ն, թե՞ ոչ, այս դեպքում կարևորը միայն տեսախցիկների առաջ երևալն ու ինչ-որ ձևակերպումներով Փաշինյանին արդարացնելն ու գովերգելն է։
Արդյունքում նրանցից ոմանք անզուսպ մրցակցության շրջապտույտի մեջ են հայտնվել միմյանց հետ, թե ով ավելի շատ կարդարացնի դավաճանությունը, Արցախը հանձնելը, հինգ հազարից ավելի զոհերի պատճառ դառնալը և հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղելը, ապիկար կառավարումն ու պետության ողնաշարը կոտրելը։ Մյուս կողմից՝ կարծես թե նրանց քաղաքական կյանքի էլիքսիրն այն է, թե ով ավելի հզոր ձայնով ու հիստերիկայով կհիշի նախկիններին, նրանց կմեղադրի գործած ու չգործած բոլոր մեղքերում, ով ավելի ուժգին կծափահարի ու գովեստի անզուգական խոսքեր կշռայլի շեֆին։ Կարճ ասած՝ Փաշինյանին քծնելու համար մի մեծ քաստինգ է հայտարարված։
Նույնիսկ այնպիսի գրոտեսկային իրավիճակներ են ստեղծվում, որ անհնար է առանց հումորի մոտենալ։ Օրինակ՝ օրերս Փաշինյանի անվան խմբակցության անդամներից մեկը ԱԺ ամբիոնից նրան սկսել է համեմատել ոչ ավել, ոչ պակաս Պետրոս Մեծի հետ։ Այդպես էլ վաղը նրան կարող են համեմատել Ալեքսանդր Մակեդոնացու, Նապոլեոնի հետ ու անգամ լուրջ դեմքով նրան ներկայացնել որպես Սուն Ցզիի պես ստրատեգ կամ Արիստոտելի նման քաղաքական մտքի գիգանտ։ Այսինքն, զարմանալի էլ չէ, եթե մարդն իրեն գրեթե Հիսուսի հետ է համեմատում, մյուսների հետ համեմատությունն ինչ է, որ իր թիմակիցները չանեն։
Լավ, ինչո՞ւ են քայլողներն այսպես ծայրահեղ վիճակում հայտնվել, իրո՞ք Փաշինյանին դուր են գալիս քծնանքի այս շքերթները։ Երևի թե՝ այո, որովհետև նրա թիմում բոլորը նրա կամքն են կատարում, ոչ ավելին: Իսկ կամքը կատարելու մրցույթն արդեն այլ հարց է: Չէ՞ որ առջևում ընտրություններ են, ու ընտրացուցակի մեջ տեղ ունենալու հարց կա, իսկ թե ով կարող է ընդգրկվել ցուցակում կամ անցողիկ տեղ զբաղեցնել, կախված է միայն շեֆի ցանկությունից։ Դրա համար էլ, թվում է, ցուցակում տեղ ունենալու համար մրցույթ է հայտարարված, թե ով կարող է ավելի շատ շեֆի աչքը մտնել։ Հենց այստեղ է, որ իր գործը կատարում է պաշտոնի հասնելու մոլուցքը և թիմակիցներին գերազանցելու ցանկությունը։
Մյուս կողմից էլ՝ քանի որ հանրությունը մինչ այժմ քայլողների մեծամասնությանն այդպես էլ չի ճանաչում, նրանք որևէ կերպ աչքի չեն ընկել իրենց մասնագիտական և ինտելեկտուալ կարողություններով, ապա փորձելու են ընտրություններին ընդառաջ հայտնի դառնալ իրենց սկանդալային ու ամպագոռգոռ հայտարարություններով։ Ու նրանց թվում է, որ եթե անընդհատ արդարացնեն սեփական թիմի սխալներն ու թութակի պես կրկնեն, թե Հայաստանին պայծառ ապագա է սպասվում, ապա այդպես էլ լինելու է։ Իսկ իրականում այդ մարդիկ ընդամենը գերի են Փաշինյանի ձեռքում: Օրինակ՝ թիմից հեռացած պատգամավորի վրա Փաշինյանի մուննաթ գալը նախ և առաջ մյուսներին էր ուղղված՝ «կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» սկզբունքով։
Իսկ թե սպառնալիքների միջոցով ու պաշտոնի խոստումներով ինչքան երկար է հնարավոր երկարաձգել սեփական քաղաքական թիմի արհեստական «ամրությունը», ցույց կտա ժամանակը»: