Աստվածաշունչը` էլեկտրոնային տարբերակով
Բրիտանական Նյուքեսլ քաղաքի “Hotel Indigo” հյուրանոցը իր համարներում փոխարինել է Աստվածաշնչի գրքային տարբերակները էլեկտրոնային “Kindle” ընթերցանության սարքերով: Գրքի տեքստերը ներբեռնած են սարքի հիշողության մեջ:
Հյուրանոցի բնակիչները կարող են այնտեղ ներբեռնել կրոնական բնույթի այլ աշխատանքներ եւս միայն մեկ պայմանով, եթե դրանց գինն ինտերնետ-խանութներում չի գերազանցում 5 ֆունտը: “Kindle”-ով ընթերցելու համար գեղարվեստական գրականության ստեղծագործություններ գնելը եւս հնարավոր կլինի:
Աստվածաշնչի գրքային տարբերակից հրաժարվելը որոշել են կատարել իբրեւ փորձ: Ընթերցանության համար նախատեսված սարքերը հյուրանոցի համարներում կգտնվեն հուլիսի 2-16-ը: Եթե փորձարկումը հաջող լինի, սարքերը կմնան տեղում եւ միգուցե հայտնվեն նաեւ ցանցի մյուս հյուրանոցներում:
Հյուրանոցի կառավարիչ Ադամ Մանդին պատմել է, որ նման փորձի համար ներշնչանք է հանդիսացել Նյուքեսլի գրական ժառանգությունը: Լոնդոնի գրադարանից հետո հենց այդ քաղաքի անկախ գրադարանն է ամենախոշորը: Իսկ 18-րդ դարում Նյուքեսլը գրատպության կենտրոններից մեկն էր:
“Kindle” ընթերցանության սարքերը թողարկում է “Amazon” ինտերնետային խանութը: Բացի “Kindle Fire” մոդելից, դրանք բոլորը սեւ-սպիտակ էկրաններով են` էլեկտրոնային թանաքով: