Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը /վիդեո/
Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը տոնում է Անկախության օրը` հյուսիսամերիկյան նահանգների` Մեծ Բրիտանիայից անկախացման հռչակագրի 236-ամյակը: Օրվա ամենակարեւոր իրադարձությունը Վաշինգտոնում ընթացող Անկախության օրվա շքերթն է:
Բացի մայրաքաղաքից, երկրի մյուս քաղաքներում եւս այս օրն անց են կացվում շքերթներ, ներկայացումներ եւ համերգներ, որոնք սովորաբար ավարտվում են հրավառություններով: Ամերիկացիների մեծ մասն այս օրն անց է կացնում ընտանիքի հետ` տանը կամ զբոսախնջույք կազմակերպելով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունելություն է կազմակերպել զինվորականների հետ` խորովածով, խաղերով եւ ռազմածովային նախագահական նվագախմբի ելույթներով: Ի դեպ, Անկախության օրը համընկնում է Օբամայի դստեր` Մալիի ծննդյան օրվա հետ, ով այսօր 14 տարեկան է դառնում:
Անկախության օրն ԱՄՆ-ում նշում են 1776-ից: Հենց այդ թվականի հուլիսի 2-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում Ամերիկյան Կոնգրեսի կողմից ընդունվեց անկախության հռչակագրի փաստաթղթի նախնական տարբերակը: Հռչակագրի ներքո ստորագրել են նոր ստեղծվող երկրի օրենսդիր ժողովի քարտուղար Չարլզ Թոմսոնը եւ նախագահ Ջոն Հենքոքը: Եւս 2 օրից Կոնգրեսը հաստատեց փաստաթղթի փոփոխված տարբերակը եւ հրաման տվեց, որպեսզի այն տպագրվի եւ բաժանվի երկրի բնակչությանը: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի “ծննդյան” եւ Անկախության օրը համարվում է հուլիսի 4-ը: