24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոյեմբերի 10-ից հետո երկիրը մնացել է անտեր։ Որևէ մեկը տեր կանգնելու՞ է էս երկրին

Նոյեմբերի 10-ից հետո երկիրը մնացել է անտեր՝ բառի բուն իմաստով։
 
Պետությունը նմանվել է վթարից հետո իներցիայով իր ընթացքը շարունակող ավտոմեքենայի։ Բոլորը սպասում են, թե երբ է մեքենան վերջնականապես կորցնելու ինքնակառավարումը և, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, վերջնականապես գահավիժելու անդունդը, կամ, լավագույն դեպքում, դեմ առնելու ճամփեզրի քարերին ու կանգ առնի։
 
Կաթվածահար եղած պետական համակարգը ոչ միայն կորցրել է վերահսկողությունը պատասխանատու ոլորտներում, այլև խուսափում է ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ինքնակործանման ճանապարհը բռնած երկրի դեմն առնելու համար։
 
Բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյաներն իրենց արդարացումները փորձում են կառուցել վարչապետի մանևրումների շրջանակներում, իսկ առավել ցածր էշելոններում՝ մասնավորապես պատգամավորները, իրենց գործառույթը դեռևս տեսնում են վարչապետին ինքնամոռացաբար պաշտպանելու առաքելության մեջ։
 
Այս երկու տարբերակներն առայժմ աշխատում են, հաշվի առնելով մի կողմից խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի անհամաձայնեցված գործելաոճը, մյուս կողմից՝ պետության ակնհայտ կործանման նկատմամբ հասարակության աննախադեպ անտարբերությունը։ Իրավիճակն առավել քան անհանգստացնող է։
 
Անհրաժեշտ են հստակ, համարձակ և կտրուկ քայլեր երկիրը, թեկուզ ժամանակավորապես, կայունության որևէ հանգրվանի բերելու, հետագայում այն առաջընթացի մեկնարկային հարթակ դարձնելու համար։
 
Այստեղ հարկավոր է ամուր բռունցք՝ արդյունավետ կառավարման փորձ, ճգնաժամային իրավիճակներում համարձակություն և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ օժտված անհատի դեմքով։
Կա՞ն նման անհատներ, իհարկե՝ այո, և այդպիսի մի քանիսին առնվազն ճանաչում ենք։
 
Տիրապետու՞մ են այդ անհատները համապատասխան ներուժի, ռեսուրսների և հեղինակության՝ իրավիճակը տիրապետելու և կայունացնելու համար, կարծում եմ՝ այո։
 
Կա՞ն նախադրյալներ “նախկին”, “ներկա” և “ապագա” կարող ուժերի խելամիտ սինթեզի շնորհիվ երկիրը կրկին երթևկելի հատված դուրս բերելու՝ միանգամայն այո։
 
Արդարացվու՞մ է վերջիններիս հապաղումը, ոչ միայն չի արդարացվում, այլև աններելի է։
Նստել սպասել, թե դեռևս ինչե՞ր պետք է հարկադրաբար ստորագրի պարտված առաջնորդը և, ըստ այդմ ապահովագրվել անպատվաբեր ձախողումներից՝ հավասարազոր է հանցակցության երկրի շարունակական կործանման հարցում։
 
Կաշկանդվել “նախկին” կամ այլ նմանատիպ ու ասոցացվող բնութագրումներով՝ հավասարազոր է հայրենասիրության ու հայրենանվիրության դրսևորման բացակայության, անկախ որևէ հիմնավորման։ Ինչպես ասում են՝ “Ղեկավարել, երբ ամեն ինչ կործանվում է, չափազանց ծանր որոշում է” բայց և՝ հենց այդպիսի իրավիճակներում է դրսևորվում անշահախնդիր ու անմնացորդ հայրենասիրությունը։
 
Մ՛ի սպասեք, որ ձեզ խնդրեն, համարձակ կերպով ինքնաառաջադրվե՛ք, պարոնա՛յք։ Վե՛ր բարձրացրեք գետնին տապալված եռագույնը, ազգը կքայլի իր դրոշի ետևից…
 
Արմեն Գեւորգյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ