Վարչապետը՝ Ելփինի համայնքի պատվավոր անդամ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետեւ այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ: “Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի աջակցի գյուղական համայնքներին՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման գործում: Ելփինն ինձ համար հարազատ գյուղ է, մի քանի անգամ եղել եմ այստեղ, ունեմ բարեկամներ: Համոզված եմ, որ այս շփումները հնարավորություն են տալիս անմիջապես գյուղացուց տեղեկանալ համայնքներում առկա խնդիրների մասին”,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը զրուցել է համայնքի բնակիչների հետ՝ հետաքրքրվել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքով, ինչպես նաեւ նրանց հուզող հարցերով: Ելփինցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին համայնքում տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար եւ ներկայացրել առկա խնդիրները:
Ելփին համայնքի ավագանու որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: