Պետք է կարողանաս վերահսկել ինքդ քեզ. Շառլ Ազնավուրը վաղը Մոսկվայում համերգ կտա
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իր 90-ամյակի կապակցությամբ արվող տուրնեի շրջանակներում, վաղը` հոկտեմբերի 3-ին, համերգ կունենա Մոսկվայում: Համերգը տեղի կունենա Կրոկուս սիթի հոլլում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Համերգի առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ազնավուրն ասել է, որ ինքը երջանիկ է, որ կրկին Մոսկվայում է եւ տեղեկացրել է, որ ինքը ներկայացնելու է իր ավանդական երգացանկի երգերը, նոր ստեղծագործություններ չեն հնչելու:
Ազնավուրը նշել է նաեւ, որ ինքը ներկայումս հիանալի ֆիզիկական վիճակում է գտնվում` ամեն ինչում չափավոր լինելու շնորհիվ:
“Սպորտով չեմ զբաղվում, բայց շատ քիչ եմ խմում, այլեւս չեմ ծխում եւ խուսափում եմ այն ամենից, որոնք խորհուրդ չի տրվում անել 50 տարեկանից հետո: Յուրաքանչյուր մարդ պետք է իր ներսում հավասարակշռություն գտնի: Պետք է կարողանաս վերահսկել ինքդ քեզ եւ “չափերիցդ” դուրս չգաս”,- իր երկարակեցության գաղտնիքը այսպես է Ազնավուրը մեկնաբանել լրագրողներին: