26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, կորուստները ժամ առ ժամ են աճում․ Մարտին Շյուպ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և  ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։

Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից մեկը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունից, ով երկու երեխաների հայր էր։ Եվս երկու կամավոր վիրավորվել է։ ԿԽՄԿ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհված կամավորի ընտանիքին և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը։

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, իսկ դրանց հետևանքներից առաջին հերթին տուժում է տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը։ Քաղաքացիական անձանց շրջանում կորուստները ժամ առ ժամ են աճում, կյանքը խեղող վիրավորումներ ստացողների թիվը՝ ևս։ Բացի այդ, զգալի վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին։

Սեպտեմբերի վերջին՝ հակամարտության սրացման սկզբից, ԿԽՄԿ-ն հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային օբյեկտները։ Այս ամենը սոսկ բարի կամքի դրսևորումներ չեն․սրանք կոնկրետ պարտավորություններ են՝ ստանձնված միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։

ԿԽՄԿ-ն գաղտնապահ երկխոսության ձևաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Այն սարսափելի տեսարանները, որոնց անընդհատ ականատես ենք լինում, պարզապես չպետք է շարունակվեն»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ