100 տարի անց ոչինչ չի փոխվել. արգենտինացի գրող Մարիանո Սարավիայի հոդվածը Հայոց Ցեղասպանության մասին
2014թ. սեպտեմբերի 28-ին իսպանական հայտնի “Vegamediapress” կայքում լույս է տեսել արգենտինացի ականավոր գործիչ, գրող Մարիանո Սարավիայի հոդվածը “Հալեպ, հարյուր տարի անց” վերնագրով: Հոդվածում հեղինակը անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության թեմային և ցեղասպանությունից 100 տարի անց Սիրիայի հայաբնակ Հալեպ քաղաքում իրադարձությունների կրկնությանը:
Մասնավորապես հեղինակը նշում է, որ իր նպատակն է հոդվածում ներկայացնել նրանց մասին, ում մեղսակից անտարբերության և ցեղասպանին օժանդակելու պատճառով է, որ Թուրքիան ժխտում է իր կողմից 1915թ. իրականացրած հայերի կոտորածները: Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի մերժողական կեցվածքը պայմանավորված է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար Թուրքիայի աշխարհաքաղաքական կարևորությամբ:
Հեղինակը շեշտում է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի բոլոր նախագահները իրենց նախագահական քարոզարշավներում մշտապես խոսելով հայոց ցեղասպանության մասին, ցանկանում են ստանալ ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական համայնքի օժանդակությունը, իսկ ստանձնելով նախագահի պաշտոնը, մոռացության են մատնում իրենց տված խոստումները և առաջնորդվում միմիայն քաղաքական
շահերով:
100 տարի անց ոչինչ չի փոխվել, իսկ հալեպաբնակ հայերը այսօր էլ ենթարկվում են խոշտանգումների և կոտորածների: Վերջին տասնամյակներում Հաֆեզ ալ Ասադի և Բաշար ալ Ասադի վարչակարգերի օրոք երաշխավորված էր Սիրիայում բնակվող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաև հայկական համայնքի անվտանգությունը, իսկ այսօր Իսլամական պետության ահաբեկիչները իրենց գործողությունների թիրախակետեր են դարձրել հայկական Նոր գյուղը, Զվարթնոց եկեղեցին, ՀՕՄ-ի հավաքատեղին և բազմաթիվ հայկական
թաղամասեր:
Եթե 100 տարի առաջ ցեղասպանության իրականացման համար մեղսակից էին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Երիտթուրքերի և Աթաթուրքի կառավարությունները, ապա այսօր Իսլամիստ ահաբեկիչների գործունեությունը ԱՄՆ-ի մեղսակցության արդյունք է: Ջորջ Բուշ Կրտսերի կողմից Իրաք ներխուժման և Սադդամ Հուսեյնին տապալման, իսկ այնուհետև Բարաք Օբամայի կողմից Սիրիայում անուղղակիորեն գործելու հետևանքով ի հայտ եկավ այս ահաբեկչական խմբավորումը: Իսկ Պենտագոնը իր աշխարհաքաղաքական խաղերի թիրախակետը դարձրել է Սիրիան և վերջինիս դաշնակիցներ Իրաքը և Ռուսաստանը: Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալալեու համար ԱՄՆ-ն պայմանավորություն է ձեռք բերել Ալ Քաիդայի ճյուղ կազմող Ալ Նուսրա
ահաբեկչական խմբավորման հետ, իսկ վերջինիս զինելու և հովանավորելու համար օգտագործում է Սաուդյան Արաբիային և Թուրքիային: Իսկ օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծության հետևանքները ամերիկացիները ներկայացնում որպես են կողմնակի վնասներ. դա այն է, ինչ մենք անվանում ենք անմեղ զոհեր: Իսլամիստ ահաբեկիչների զենքից մազապուրծ եղած հայերը,
ինչպես և 100 տարի առաջ, թողել են իրենց բնակավայրերը և դարձել փախստականներ:
Ինչպես նշել է Ադոլֆ Հիտլերը դեռևս 1939թ. “Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին”: Եվ, իրոք, համայն աշխարհի անտարբերությունը և Թուրքիայի անպատիժ մնալը հանգեցնում է ցեղասպանության կրկնությանը: Հայերի ցեղասպանության հերթական վայրը Հալեպ քաղաքն է: Ինչպիսի՜ ճակատագրի հեգնանք 100 տարի անց: Ինչպես միշտ, մեղսակիցները չեն փոխվել :