30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հեղափոխության» փայատերերից մեկն էլ Ալիեւն է ու իր «փայն» է պահանջում։ Էլ ի՞նչ կոմպրոմատներ ունի Հեյդարի որդին Նիկոլ Վովայիչի վրա

Փաշինյանն իր տարերքի մեջ է` հերթական աղմկահարույց փուչիկ «նախաձեռնությամբ» փորձում է շեղել հասարակության ուշադրությունն իր համար անցանկալի զարգացումներից։

Այս դեպքում` Մատենադարանում «Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը» թեմայով կարդացած ձանձրալի երկարաշունչ դասախոսությամբ փորձում է ստվերել ադրբեջանցի «գործընկերոջ»` «կառուցողական և կիրթ» Ալիևի սպառնալիքները և Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունների վերաբերյալ «սենսացիոն» բացահայտումները։ Վաղը մի նոր բան կհնարի Ադրբեջանի բռնապետի սկանդալային հայտարարություններն աղմուկի մեջ խլացնելու մասին, բայց փաստը` որ Ալիևը պատրաստվում է պատերազմի և քարոզչական ֆոն է ստեղծում դրա համար, դրանից չի փոխվում։

Հեյդարի որդի Իլհամի բացահայտումների մեջ, իհարկե, մեծ հաշվով, նոր, առավել ևս սենսացիոն ոչինչ չկա։ Նա ընդամենը ասել է այն, ինչի մասին երկու տարի է` գործնականում անընդմեջ, ահազանգում են Փաշինյանի ընդդիմախոսները. որ կոնֆիդենցիալ` օտար աչքից հեռու «թեթ ա թեթ» հանդիպումներում ձեռք բերված «քիչ կրակելու» համաձայնությունն Ալիևին պետք էր Ադրբեջանի ռազմական և բանակցային դիրքերը, Փաշինյանին`սեփական իշխանությունն ամրապնդելու համար։

Նրա՛ համար, որ քրեական քաղաքական հետապնդումներ սանձազերծի Արցախի փուլային կապիտուլյացիային ո՛չ ասող պետական, քաղաքական, ռազմական գործիչների, առաջին հերթին` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, չեզոքացնի հնարավոր դիմադրության օջախները, «ժողովրդին նախապատրաստի խաղաղության» և ժամանակի իքս պահին «Ադրբեջանի համար ընդունելի» միակ լուծումը` իր չունեցած «տարածքային ամբողջականության վերականգնում» ասածը պարտադրի նույն ժողովրդին։

Սա էր այն չարչրկված «զրոյական կետը», որտեղից Փաշինյանն սկսեց իր ասելով` «չեղած» բանակցությունները` զրոյացնելով այն, ինչին հայկական կողմը հասել էր Ադրբեջանի կողմից օվացիաներով ընդունված տերպետրոսյանական փուլային կարգավորման չեղարկումից հետո անցած 20 տարում` բանակցվող փաստաթղթում ամրագրելով Արցախի հանրաքվե անելու և ավելորդ անգամ ինքնորոշվելու իրավունքը։ Եվ «ձեռքի թեթև շարժումով» ջուրը գցեց Ապրիլյան պատերազմում զոհված տղաների արյան գնով ձեռք բերված Վիեննայի և Սանկ Պետերբուրգի պայմանավորվածությունները`մեր դիրքերը բանակցային գործընթացում հասցնելով «պլինտուսից» ցածր մակարդակի։

Բայց ազգադավ այդ ծրագիրը չաշխատեց: Փաշինյանն, ինչպես միշտ, սխալվել էր իր հաշվարկներում։ Պարզվեց` Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցելն այնքան հեշտ չէ, որքան թվում էր իրեն և իր թելերը շարժող անդրօվկիանոսյան հովանավորներին. տխրահռչակ Մեթյու Բրայզան և հայկական հողերի հաշվին Ադրբեջանին լավություն անելու մյուս «գաղափարախոսները» մինչև հիմա չեն համակերպվում այդ փաստի հետ` կոկորդիլոսի արցունքներ են թափում Փաշինյանի հետ կապված չարդարացված հույսերի և կորսված հնարավորությունների մասին` նայե՛ք ադրբեջանական մամուլը, և կհամոզվեք ինքներդ։

Երկու տարի ժամանակով «բիրդան կառուցողական» դարձած Ալիևը խոր հիասթափության մեջ է`չարաչար ափսոսում է, որ վստահել է Նիկոլին ու իր փուչիկ «հեղինակությանը», հավատացել, թե սա կախարդական փայտիկ ունի և կարող է հարցը լուծել իր երազած սցենարով։ Եվ հիմա վրեժ է լուծում դրա համար` բարձրաձայնում է այն, ինչ Նիկոլենք հուսահատորեն փորձում են կոծկել, թե բա` բանակցություններ չկան ու չեն եղել, Լավրովը ստում էր` հայտարարելով, որ սեղանին դրված է 98-ին մերժված փուլային «կարգավորման» նախագիծը, ու Նիկոլն իրենց «քցել» է` իրենից չկախված պատճառներով խախտել է պայմանավորվածությունը։

Եվ սա դեռ սկիզբն է։ Փաշինյանը, «գեշ» սովորության համաձայն, Ալիևին էլ է փորձել կռուտիտ անել, ներկայացնել այնպես, թե դեռ ամեն ինչ կորած չէ, ժամանակ է պետք Արցախի հարցը Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով լուծելու «մեգանպատակին» հասնելու համար։ Ինքն ու իր արտգործնախարարը դրա համա՛ր էին համառորեն խուսափում «Արցախի անկախության ճանաչում», «Արցախի հանրապետություն» ձևակերպումներից` բավարարվելով «Արցախի բնակիչների ինքնորոշում` առանց սահմանափակումների», «Արցախի բնակչություն» լղոզված, ոչինչ չասող արտահայտություններով, և սայլը դնելով ձիուց առաջ` առաջին պլան բերելով «անվտանգությունը» և երկրորդական պլան մղելով ինքնորոշման իրավունքը։ Բայց Ալիևի համբերությունը հատել է` էլ չի ուզում սպասել։

Եթե այդպես չէ, Ալիևը խեղաթյուրում է փաստերը` նման պայմանավորվածություններ չեն եղել, ինչո՞ւ չի հերքում, ինչո՞ւ չի հակադարձում Ալիևի մեղադրանքներին, ինչո՞ւ երեսին չի շրխկացնում իր «ճշմարտությունը»։ Վախենում է, որ «խիյարը» էլի կարող է թարս բուսնե՞լ։ Ինչ իմանաս` է՛լ ինչ կոմպրոմատներ ունի «կառուցողական» Ալիևը Նիկոլի վրա կամ Նիկոլի դեմ, ինչ նկատի ուներ` ասելով, որ ինքը և իր երկիրը լուրջ ներդրում են ունեցել 2018-ի «հեղափոխության» մեջ։ Ասել է թե` «հեղափոխության» փայատերերից մեկն էլ ինքն է ու իր «փայն» են պահանջում։

Մնում է` բացի փակագծերը. հատ-հատ ներկայացնի` կոնկրետ ինչպես, ինչ միջոցներով, ում միջոցով, ինչ չափով է օգնել Նիկոլին` ձևավորելու «հեղափոխական» նոր իշխանություն, որ հանձն կառներ`անելու այն, ինչ երկրորդ և երրորդ նախագահները երբեք չէին անի ու չեն արել։

Իսկ ամենաողբալին այն է այս պատմության մեջ, որ Արցախից էլ որևէ պաշտոնական արձագանք չկա Ալիևի սադրիչ հայտարարություններին։ Որովհետև առաջին անգամ վերջին 30 տարիների ընթացքում Արցախը ամբողջությամբ Նիկոլի բռի մեջ է` Արցախի նախագահը մտել է «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի» նշանակովի մարզպետի դերի մեջ, ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանի և Արցախի տեսակետները նույնական են, ու չի՛ կարող, չի էլ պատրաստվում «վերադասի» ասածին «չէ» ասել։

Էն, որ Նիկոլը ասում էր` «Հայաստանը Արցախ է, և վե՛րջ», հե՛նց դա նկատի ուներ. որ Արցախն այլևս ինքնուրույն միավոր չէ, Հայաստանի «անվճար» կցորդն է, Արցախի ղեկավարն էլ իր դրածոն է` տեղապահը, և վե՛րջ…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ