ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
Բարև ձեզ:
Մինչև ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելը, նախ ցանկանում եմ հակիրճ ներածական խոսք ասել և առաջարկում եմ այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը:
Առաջին հերթին կասեմ, թե ինչու որոշեցի ընդունել ձեր հրավերը և գալ ու պատասխանել այստեղ հնչեցվելիք ցանկացած հարցի՝ չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից և կտրուկ մերժել հրավերը՝ այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ և ոչ կոռեկտ կարծիքներ էին հայտնել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ: Բայց ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, որովհետև ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը` պարտվել: Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները:
Հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ մինչև այսօր համապարփակ և հանրայնորեն չեմ անդրադարձել ապրիլյան պատերազմի մասին տարատեսակ հարցերին և այս թեմայով շահարկումներին: Ասեմ ուղիղ՝ սկզբում չկար դրա անհրաժեշտությունը, իսկ հետո՝ նպատակահարմարությունը: Սա էր պատճառը, որ ես առաջարկում էի իմ մասնակցությամբ հանձնաժողովի քննարկումն իրականացնել արտակարգ դրության ավարտին, որպեսզի լսումներից հետո հնարավորություն ունենայի զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ անդրադառնալ և մեր հանրությանը փոխանցել խնդրո առարկային վերաբերող ամբողջական տեղեկատվությունը:
Այժմ համառոտ անդրադառնամ մի քանի հարցերի, որոնք, ցավոք, շահարկումների թեմա են դարձել, կամ որոշ շրջանակներ արհեստականորեն դարձրել են:
Երբ հրապարակ է նետվում թեզ` հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում:
Ակնհայտ է, որ պատերազմները ինքնանպատակ չեն լինում՝ դրանք միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պատերազմը «քաղաքականության շարունակությունն է»` այլ մեթոդներով: Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահաղացումները: Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը:
Մինչ պատասխանեմ հարցին՝ հաղթե՞լ, թե՞ պարտվել ենք ապրիլյան պատերազմում, կարճ անդրադառնամ այն հանգամանքին, թե արդյո՞ք հնարավոր էր կանխել կամ խուսափել պատերազմից: Համոզված եմ՝ հնարավոր չէր:
Ինչո՞ւ.
Որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր և, համոզված եմ, հիմա էլ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների` իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը:
Այսպիսով, պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր:
Ինչպես ասացի՝ հաղթանակը քաղաքական նպատակների իրագործումն է պատերազմի միջոցով: Որո՞նք էին Ադրբեջանի քաղաքական նպատակները, որ լավագույնս և փաստարկված ձևակերպված են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունների, պատկան մարմինների կողմից իրականացված լայնածավալ վերլուծությունների մեջ, նաև տարբեր երկրների ղեկավարների հետ, ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հետպատերազմյան բազում հանդիպումների ընթացքում և ընդունված որոշումներում:
Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ` խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը:
Երկրորդ՝ Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը, որի ամենազորեղ ապացույցը 1994թ. ստորագրված եռակողմ հրադադարի փաստաթուղթն է:
Երրորդ՝ Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության:
Կարող եմ թվարկել նաև այլ նպատակներ, սակայն այսքանով բավարարվենք:
Հասե՞լ են նրանք իրենց նպատակներին, թե՞ ոչ:
Առաջին՝ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին հայկական կողմերին ու միջազգային հանրությանը կանգնեցնել «կայացած փաստի» առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից. ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում։ Ի դեպ, սա եղել է մեր իշխանությունների թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Եթե անհրաժեշտություն լինի, ավելի հանգամանորեն կբացատրեմ:
Այսպիսով, ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Երկրորդ՝ կրելով անհաջողություններ մարտի դաշտում, Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի մասնակցությամբ: Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին: Բայց մենք մերժեցինք՝ պնդելով որպեսզի վերահաստատվի 1994թ. մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ավելի ուշ ստացանք նաև համանախագահների հստակ դիրքորոշումը` ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994թ. Եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը:
Երրորդ` ինչպես ասացի, Ալիևը պատերազմով ցանկանում էր բարձրացնել սեփական ժողովրդի ու բանակի մարտական ոգին և ստեղծել ինչ որ առասպել «հաղթանակի» մասին։ Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր` սպասվող հաջողություններն արագ հանրայնացնելու համար: Չստացվեց` շնորհիվ մեր քաջարի մարտիկների։
Մի փոքր առաջ անցնելով` ասեմ, որ ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։
Այսքանից հետո՝ հայկական կողմի համար ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:
Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը։
Արդյո՞ք արդյունավետ է աշխատել մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Որոշակի թերացումներով հանդերձ, ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։ Իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ «Հույժ գաղտնի» զեկույցը, որը ենթադրում եմ՝ հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին։
Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը: Կարծում եմ` այո: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս ծնողներ, նոր որբացած երեխաներ, նոր այրիներ:
Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին` անվտանգության գոտին ընդլայնելով նոր տարածքներով: Հաջողության տարբերակը չբացառելով` ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով` ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք` հազարավոր և միգուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր:
Հաշվի առնելով այս հանգամանքները` ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հենվելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Արցախի նախագահի և պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա, որոշում եմ կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը:
Այս գուցե փոքր-ինչ երկար ներածական խոսքս կարևոր եմ համարել հնչեցնել հանձնաժողովի նպատակներից և մանդատից բխող հարցերի շահագրգիռ քննարկման համար: Ես պատրաստ եմ դրանց պատասխանել շիտակ և ուղիղ՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:
Ինքներդ էլ հասկանում եք, որ քառօրյա պատերազմը հայ ժողովրդի համար իր արժանապատվության, ազատության և հարատևման համար մղվող հազարամյա պատմության մի փոքր դրվագն է, իսկ այդ պատերազմը, ցավոք սրտի, չի ավարտվել: Հիշենք սա:
Շնորհակալություն: