Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի ունեցավ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ /լրացված/
ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը ”Թվիթրի” իր էջում նշել է, որ սկսել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումը: Հանդիպումը եռակողմ է, մասնակցում է նաեւ ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին:
ժամը 00,07
Նյուպորտում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:
Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:
Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:
Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը: