Առաջին դեմքի օրինակը դառնում է վարակիչ․ «Հրապարակ»
․ «Ինչո՞ւ են մանկավարժները պնդում, որ ավելի մեծ դաստիարակչական ազդեցություն ունի վարքը, քան խոսքը։ Ինչքան ուզում է որդուդ համոզես, որ ծխելը վտանգավոր է՝ եթե դու ծխում ես, քոռ գրոշի արժեք չունի քո խոսքը։ Եթե նրա ներկայությամբ հայհոյում ես, զերծ չես մնում ստելուց, հարբում ես՝ «դեբոշներ» սարքում, մի զարմացիր, որ վաղը զավակդ էլ քեզ կխաբի կամ հանրային վայրում ծեծկռտուքի պատճառով կհայտնվի ոստիկանությունում։ Նույնը իշխանություն-հասարակություն հարաբերություններում է։ Յուրաքանչյուր հասարակություն ընդօրինակում է իր իշխանությունների, իր համար հեղինակավոր անձանց վարքն ու բարքը, լեքսիկոնը, անգամ՝ շարժուձեւը։ Երբ իշխանության առաջին դեմքերը ժուժկալ են, համեստ, աշխատասեր, օրինապահ, հասարակությունն էլ է սկսում նմանվել նրանց։
Առաջին դեմքի օրինակը դառնում է վարակիչ։ Եթե պետության ղեկավարը թերթ է կարդում եւ քարոզում, թերթ կարդալը դառնում է պոպուլյար։ Պետության ղեկավարը փնովում է լրագրողներին եւ ծախված անվանում, հասարակությունը, նրա օրինակին հետեւելով, սկսում է հայհոյել լրագրողներին ու թերթ չկարդալ։ Առաջին դեմքը մարզվում է, շատ է աշխատում, մշակութային օջախներ է այցելում, հայկական արտադրանքն է օգտագործում, հասարակությունը, նրա օրինակին հետեւելով, անում է նույնը։ Իսկ եթե առաջին, երկրորդ, երրորդ եւ մյուս «դեմքերը» ողջ օրն անցկացնում են Ֆեյսբուքում, լայվերի ժամանակ հայհոյախառն ու ագրեսիվ խոսք են տարածում, կերուխումերի լուսանկարներ են հրապարակում, դիմակ չեն գործածում, սոցիալական տարածություն չեն պահպանում, հասարակությունն էլ է դառնում անկառավարելի՝ Ֆեյսբուքում հայհոյանքն ու ագրեսիան աճում են, կորոնավիրուսը թափ է հավաքում, ծնունդ-կնունք չանելը դառնում է համազգային ողբերգության պատճառ»։
Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում: