ԱԺ-ն չի ներկայացնում հանրության մեծամասնությանը․ դա է ճգնաժամի աղբյուրը․ Չալաբյան
«Ազգային օրակարգ» խուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Նա, մասնավորապես, նշել է. «Անցած ուրբաթ օրը ես գրել էի նրա մասին, որ համավարակային ճգնաժամի պայմաններում, հրամայական է դարձել չեղարկել ի սկզբանե հակասահմանադրական եւ վիճահարույց հանրաքվեն, եւ փոխարենը փորձել լայն հանրային համաձայնություն ձեւավորել երկրի զարգացման առանցքային խնդիրների շուրջ՝ այն ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս բերելու համար։
Ի զարմանս ինձ, տառացիորեն մեկ օր հետո, իր հերթական մարաթոնյան ասուլիսի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունները դիտարկում են հանրաքվեն չեղարկելու հնարավորությունը, փոխարենը ուղիներ են որոնում առկա ճգնաժամը հանգուցալուծելու Ազգային ժողովի միջոցով։ Այս կապակցությամբ ես ցանկանում եմ արձանագրել մի քանի պարզ միտք՝
Ա) Հանրաքվեի հնարավոր չեղարկումը ողջունելի է։ Այն նույնիսկ մինչեւ համավարակը երկու մասի էր բաժանել մեր հասարակությունը, եւ դարձել էր փոխադարձ ատելության եւ անհանդուրժողականության լրացուցիչ աղբյուր։ Այժմ, համավարակից եւ նրա առաջացրած խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամից հետո, նրա անցկացումը պարզապես կրկնակի արկածախնդրություն կլիներ, ուստի այն իսկապես պետք է չեղարկել։ Մեր Սահմանադրությունը որոշ տարբերակներ դրա համար առաջարկում է՝ օրինակ, Հանրապետության նախագահը արտակարգ դրության ավարտից հետո կարող է այլեւս չստորագրել նոր հանրաքվեի անցկացումը, եւ այն ետ ուղարկել Ազգային ժողով վերը նշված հիմնավորումներով, դրանով մեր ժողովրդին զերծ պահելով հերթական փորձությունից։
Բ) Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի միջեւ իսկապես պահպանվում է ճգնաժամային վիճակ, բայց այդ ճգնաժամը ոչ այդքան Սահմանադրական դատարանում է, որն ամբողջ այս ընթացքում սառնասրտորեն կատարում է իր պարտականությունները, եւ հրաժարվեց գործող իշխանության առաջարկած պաշտոնական կաշառքից, որքան Ազգային ժողովի ներսում։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը այլեւս չի ներկայացնում հասարակության մեծամասնությանը, եւ դա է ներկայիս ճգնաժամի հիմնական աղբյուրը։ Այն ընդունում է օրենքներ եւ վավերացնում կոնվենցիաներ, որոնք կոշտ հակազդեցության են արժանանում հասարակության տարբեր հատվածների կողմից։ Նրա կողմից ձեւավորած Կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, եւ առերեւույթ փակուղի է մտցրել Արցախյան կարգավորման բանակցությունները, դա արդեն հնարավոր չի թաքցնել վարչապետի երկարաշունչ ելույթների հետեւում։ Եվ վերջապես, եթե մինչեւ հանրաքվեն Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դեռ փորձում էր «բարոյականության» դիրքերից նշավակել Սահմանդրական դատարանը, ապա մայիսի 8-ի Ազգային ժողովի խայտառակ ծեծկռտուքից եւ դրան նախորդած դեպքերից հետո, այն ցույց տվեց իր իրական դեմքը, եւ այլեւս իրավունք չունի որեւէ մեկին որեւէ հարցում բարոյականության դասեր տալ։
Գ) Բարոյական կողմից բացի, Ազգային ժողովը սահմանադրության ցանկացած փոփոխություն իրականացնելու համար պետք է ստանա Սահմանադրական դատարանի համաձայնությունը, դա հստակ նշված է ՀՀ Սահմանադրության 168 հոդվածի 2) կետում։ Եթե հանրաքվեի դեպքում իշխանության ներկայացուցիչները դեռեւս տարաբնույթ հղումներ էին կատարում ժողովրդի գերագույն կամքին, ապա այս դեպքում, առանց ժողովրդի անմիջական աջակցության, փորձելով շրջանցել Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը պարզապես կգերազանցի իր սահմանադրական լիազորությունները, եւ փաստացի կիրականացնի սահմանադրական կարգի բացահայտ տապալում, եւ ոչ մի Վենետիկի հանձնաժողով նրան այլեւս չի փրկի հետագա իրավական պատասխանատվությունից։ Միակ հնարավորությունը սահմանադրությունը փոփոխելու կայանում է նրանում, որ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլեւ փաստացի հասարակության եւ հեղինակություն վայելող քաղաքական ուժերի մեծամասնությունը, ընդունի փոփոխությունների տրամաբանությունը եւ արդարացիությունը։ Դա կարելի է անել միայն լայն հանրային երկխոսության եւ փոխադարձ ընդունելի լուծումների համատեղ որոնման դեպքում, որոնք արդյունքում պետք է դրվեն հանրաքվեի համավարակի ավարտից հետո, եւ ի վերջո որոշվեն ժողովրդի վճռորոշ քվեով։
Դ) Այսպիսի լուծումներ կարելի գտնել միան այն դեպքում, երբ գործող «սուպերվարչապետական» սահմանադրությունը համակարգային փոփոխության ենթարկվի՝ հավասարակշռվեն իշխանության տարբեր մարմինների իրավունքները եւ պատասխանատվությունը, ուժեղացվեն սահմանադրական հակակշիռները, նվազագույնի հասցվի մեկ անձի կամ կառույցի կողմից իշխանության գերկենտրոնացման հնարավորությունները։ Այդ ընդհանուր տրամաբանության մեջ, Սահմանադրական դատարանի համար էլ կարելի է գտնել լուծումներ, որոնք կարող են որոշակիորեն արագացնել նրա կազմի թարմացումը, մյուս կողմից առանց խաթարելու նրա աշխատանքի շարունակականությունը, կամ ենթարկելու նրան որեւէ մեկ քաղաքական ուժի կամքին։ Այս տարբերակը լրիվ հնարավոր է, եւ այն լավագույնն է՝ դուրս գալու իշխող քաղաքական ուժի անհեռատես գործողությունների արդյունքում ստեղծված իրավական փակուղուց։
Մինչ այժմ, գործող իշխանությունը պարբերաբար փորձել է երկրի զարգացման բարդ խնդիրները լուծել պարզունակ ուժային ճնշման միջոցով, համոզված լինելով հասարակության մեծամասնության աջակցության վրա, սակայն այդ գործելաոճը ավելի շատ բերել է առկա հակասությունների սրման, քան նրանց հանգուցալուծման։ Այսօր, երբ նաեւ այդ աջակցությունը կտրուկ նվազել է, եւ հասարակության տարբեր շերտերում ուժեղանում է ընդվզումը գործող իշխանության դեմ, այն պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից, եւ համեստորեն ու խոհեմաբար վերադառնա քաղաքական երկխոսության դաշտ։ Այդ դեպքում գուցե եւ գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք բխեն մեր բոլորիս հավաքական շահերից, եւ թույլ տան մեզ հանգուցալուծել այս իսկապես աննախադեպ ճգնաժամը։