Մենք աշխատել ենք այդ պայմաններում, վերջին ձևի արհամարհված ենք, ու մեր ձայնը ոչ ոք չի լսում»․ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել
Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով, որ իրենցից անաշխատունակության թերթիկ են պահանջել, ու մոտ 80 հոգի քիչ աշխատավարձ է ստանալու։
«Մոտ 22 բուժաշխատող հիվանդացավ կորոնավիրուսով, մի մասին տեղափոխեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, մյուս մասին էլ մեկուսացրեցին, իսկ մյուսներս ինքնամեկուսացանք մեր տներում։ Երկու անգամ թեստ է անցկացվել, ու արդյունքները եղել են բացասական։ Հիմա մի կերպ եկել ենք աշխատանքի, քանի որ մեզ թույլ չեն տվել աշխատել, ստիպում էին երրորդ անգամ թեստավորվել, բայց մենք գիտեինք, որ ինքնամեկուսացողներին երրորդ թեստավորում չկար, եթե երկու թեստն էլ բացասական էր։ Անցանք աշխատանքի, ու հիմա մեզ ասում են, որ պետք է վճարվենք անաշխատունակության թերթիկով»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից ընտանեկան բուժքույր Աննա Այվազյանը։
Նրա փոխանցմամբ՝ մի քանի անգամ դիմել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ով պատասխանել է, որ մարզի Առողջապահության վարչությունից ասել են, որ անպայման անաշխատունակության թերթիկ է անհրաժեշտ։
«Գրավոր ոչ մի հրաման չկա։ Ինչ ասում են՝ բանավոր է։ Եթե օրենքով է, կա գրավոր հրաման, որ մեր աշխատավարձը լինի 80 տոկոս, այսինքն՝ անաշխատունակության թերթիկով, մենք հարմարվենք այդ մտքի հետ։ Իսկ եթե չկա, ինչպե՞ս կարելի է բանավոր կերպով մարդու աշխատավարձ հաշվարկել։ Բացի դա՝ ստիպում են մեր բժշկուհուն, որ քաղաքացիներին բյուլետեն տա։ Իրար հակասող օրենքներ են․ եթե բժշկուհին բյուլետենի մեջ է, ինչպե՞ս կարող է մեկ ուրիշին բյուլետեն տալ․.. այս հարցերի պատասխանը չունենք։
Անցած շաբաթ զանգեցինք Առողջապահության նախարարության թեժ գծին, պարետատուն, իսկ ամենավերջում մեզ հաջողվեց գտնել Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի հեռախոսահամարը։
Նրան ներկայացրեցինք խնդիրը, տիկին Վարդանյանը պատասխանեց, որ դա համաձայնեցված է մարզի առողջապահության վարչության հետ, մենք պետք է վճարվենք անաշխատունակության թերթիկով։ Երբ հարցրեցի՝ իսկ շտապօգնության բուժաշխատողներն ինչպե՞ս պետք է վճարվեն, շատ խիստ զայրացավ՝ պատասխանելով, թե ես կարո՞ղ եմ արթիկցուն, գյումրեցուն վճարել 100 տոկոս, մարալիկցուն էլ։ Տարբերությունն այն է, որ մերոնք գտնվել են ինքնամեկուսացման մեջ»,- մանրամասնեց բուժքույրը՝ հորդորելով, որ խնդրին անդրադառնա Առողջապահության նախարարը, որպեսզի, եթե գրավոր հրաման կա՝ իրենք իմանան։
«Մենք գիտենք, որ պարետի հրամանով աշխատավարձը պետք է պահպանվի, այն էլ՝ բուժաշխատողինը։ Նաև հիվանդացած բժիշկներին պարտավոր են վճարել 100 տոկոսով։ 22 հոգի է եղել հիվանդանոցում, հիմա քիչ-քիչ ինքնամեկուսանում են»,- հավելեց նա։
Վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Գևորգյան Սիրվարդն էլ ասաց, թե իրենք հիվանդ չեն, ինչո՞ւ պետք է բյուլետենով վճարվեն։
Լաբորատորիայի աշխատակից Արմինե Այվազյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նկատեց․
«Երկրում համաճարակային իրավիճակ էր, իսկ այս հիմնարկում բուժաշխատողները ոչ մի պաշտպանիչ միջոց չունեին։ Նույնիսկ ձեռնոց չեն տվել․ մարդիկ պատերազմ են գնացել՝ առանց զենքի։ Ամենասկզբում շտապօգնության աշխատակիցներն օրը 20 կանչ էին ստանում, որովհետև խառնաշփոթ էր։ Ձեռնոց, արտահագուստ, դիմակ չունեին ու ամբողջ օրը գնում էին։ Եթե ոչ մեզ, ապա նրանց պետք է վճարեն, անգամ պարգևավճար տան։ Վարդանյան եղբայրները Հայաստանի բոլոր բուժաշխատողների համար գումար են ուղարկել․ դա էլ հո Հայաստանի բյուջե՞ն չէ, թող մի քիչ քիչ լափեն ու տան շտապօգնության աշխատողներին։ Բուժաշխատողներն ապրիլյան քառօրյայի երեխեքի նման անզեն պատերազմել են»։
Շտապօգնության հերթապահ բուժքույր Անահիտ Հակոբյանն էլ հիշեցրեց, որ Առողջապահության նախարարը, վարչապետն ասել են, որ բուժաշխատողի աշխատավարձը 30 տոկոսով ավելացել է, բայց իրենք դա էլ չեն տեսել, ասել են՝ 20 տոկոս։
«Եթե 30 տոկոսի փոխարեն՝ մեզ 20 տոկոս են տվել, հիմա էլ ինչի՞ մասին խոսենք, պարգևավճարի կամ շնորհակալությա՞ն։ Նախքան արտակարգ իրավիճակը՝ առանց որևէ պաշտպանիչ միջոցների, մեկ դիմակով անընդհատ կանչերի ենք մեկնել՝ առանց իմանալու՝ քաղաքացին ջերմո՞ղ է, թե՞ հիպերտոնիկ։ Մարալիկը քարտեզի վրա չկար, հիմա լավ է՝ եղավ սենսացիա, հիվանդանոցը փակվեց, երկու գյուղերն էլ հետը՝ կարանտինի պատճառով։ Մենք աշխատել ենք այդ պայմաններում, վերջին ձևի արհամարհված ենք, ու մեր ձայնը ոչ ոք չի լսում։ Օրը 24 ժամ ենք աշխատում, ընդ որում՝ սպասարկում ենք 60 կմ շառավղով։ Հիվանդանոց չկա, ստացիոնար բուժման կարիք ունեցող յուրաքանչյուր հիվանդի տեղափոխում ենք Գյումրու համապատասխան հիվանդանոց կամ ծննդատուն։ Անիպեմզայի մի կանչի դեպքում մենակ 150-160 կմ վազք ենք կատարել, ու ամենացածր դրույքավճարը մեզ համար է ներկայացված»,- նշեց շտապօգնության հերթապահ բուժքույրը։