Ի՞նչ սպասել կառավարությունից․ 168.am
168.am-ը գրում է․ «Կառավարությունը պատրաստվում է ապրիլի 1-ից մեկնարկել իր հակաճգնաժամային ծրագրերը։ Ներկայացված ծրագրերի արդյունքների մասին դեռ ժամանակ կլինի խոսելու։ Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ծրագրերի մեծ մասից դժվար է լուրջ ակնկալիքներ ունենալ։
Սոցիալական ոլորտում կառավարությունը նախատեսել է 4 ծրագիր։ Դրանց շրջանակներում շահառուներին կհատկացվի միանվագ դրամական օգնություն։
Կառավարության հաշվարկներով՝ միայն ծրագրերից մեկով, որը նախատեսված է առավել տուժած ոլորտների աշխատողների համար, շահառուների թիվը կարող է հասնել 127 հազարի։ Չնայած կասկած չկա, որ օգտվողների քանակն իրականում շատ ավելի քիչ է լինելու։ Բայց ոչ այն պատճառով, որ մարդիկ չունեն այդ գումարների կարիքը, այլ այն պատճառով, որ բախվելու են արհեստական բարդությունների հետ. մի մասը դժվարություններ կունենա՝ հայտերի լրացման, մյուս մասը՝ ներկայացման, երրորդը՝ այլ առումներով։
Շատ ավելի մեծ խնդիր է լինելու այն, որ կառավարությունը նախատեսում է գումարները տրամադրել անկանխիկ եղանակով։ Դրա համար մարդիկ պետք է բանկային հաշիվներ ունենան։ Մինչդեռ այսօր քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատավարձերը ստանում են կանխիկով։
Դա խնդիր է դառնալու հայտարարված օժանդակությունից օգտվելու համար։ Արդյունքում՝ բազմաթիվ շահառուներ դուրս են մնալու և չեն կարողանալու օգտվել այն՝ թեկուզ և ոչ մեծ, աջակցությունից, որ պատրաստվում է տրամադրել կառավարությունը։
Խոսքը նվազագույն կամ, առավելագույնը՝ նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի մասին է։ Թեև հասկանալի է, որ հիմնական մասի դեպքում օժանդակությունը լինելու է հենց նվազագույն աշխատավարձի չափով։
Եթե տուժած ոլորտի աշխատակիցն ընտանիքի միակ կերակրողն է, ապա դժվար չէ պատկերացնել, թե ընտանիքն ինչպես է այդ գումարով ապրելու մի ամբողջ ամիս։ Առավել ևս, այնպես չէ, որ 1 ամիս հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը։
Ոչ մեծ օժանդակություններ կլինեն նաև մյուս սոցիալական ծրագրերով։ Բայց այդ դեպքերում շահառուների շրջանակն անհամեմատ ավելի փոքր է։ Կառավարությունը կարծես ամեն ինչ արել է, որպեսզի դրանցում հնարավորինս քիչ մարդիկ ընդգրկվեն։
Ծրագրերից մեկով 100 հազար դրամ օգնություն կստանա ընտանիքի անչափահաս երեխան, որի ծնողները կամ նրանցից մեկը մարտի 13-25-ը զրկվել է աշխատանքից, իսկ մյուսը չի աշխատում։
Թե ինչու հենց մարտի 13-25-ը, հավանաբար որոշակի պատճառաբանություններ կբերվեն։ Բայց այնպիսի տպավորություն է, թե մարտի 13-ից առաջ և մարտի 25-ից հետո աշխատանք կորցնողներ չեն եղել և չեն լինելու։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, ապա փաստ է, որ այս ընթացքում անգամ աշխատանք ունեցող բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են եկամուտ ստանալու հնարավորությունից։ Դրանք հազարների, եթե ոչ՝ տասնյակ-հազարների են հասնում։
Երբ վարչապետը հայտարարում է, որ Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան, դա դեռ չի նշանակում, որ այդպես էլ կա։ Ու դա որևէ կապ չունի գրանցված կամ չգրանցված, ստվերում կամ ստվերից դուրս աշխատող լինելու հետ։ Նույն վարսավիրը կամ մատուցողը կարող են լինել գրանցված, բայց օրավարձով աշխատող։ Կամ, ասենք՝ տաքսու վարորդը։ Ու երբ այս կարգի աշխատողները պարտադրված դուրս չեն գալիս գործի, նշանակում է՝ եկամուտ չեն ստանում։ Ամսվա վերջին ոչ մեկը չի բերում և նրանց աշխատավարձ վճարում։ Կարևոր չէ՝ մարդը գրանցվա՞ծ է, թե՞ չգրանցված, լիցենզիա ունի՞, թե՞ չունի։
Այսպիսի քաղաքացիների թիվը, որոնք այսօր սոցիալական աջակցության լուրջ կարիք ունեն, Հայաստանում շատ է։ Եվ որքան էլ կառավարությունը հայտարարի, որ դեմ է նպաստներ բաժանելուն, միևնույն է, այս պահին այլ տարբերակ չունի։ Մարդիկ ոչ թե չեն ուզում աշխատել, այլ աշխատելու տեղ և հնարավորություն չկա։ Առաջիկայում այս խնդիրն ավելի է սրվելու։
Այն ծրագիրը, որը կառավարությունը մտադիր է իրականացնել փոքր և միջին բիզնեսի համար՝ աշխատատեղերը պահպանելու ակնկալիքով, հեռու է բավարար լինելուց։ Յուրաքանչյուր 5-րդ աշխատողի հաշվով մեկ աշխատավարձի չափով օժանդակությունը մեծ բան չէ։ Փոքր ընկերությունների դեպքում, որոնք ունեն մինչև 5 աշխատող, աջակցությունը կարող է հասնել հազիվ 50-60 հազար դրամի։ Դա հիմք չէ բիզնեսին շահագրգռելու համար։
Առավել ևս, որ կառավարությունը շատ տարօրինակ պահանջներ է դրել ծրագրում։ Դրանից օգտվելու համար այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընկերությունը չպետք է ունենա աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում։
Իսկ եթե վերջինս տնտեսական վատ վիճակի հետևանքո՞վ է ստիպված եղել աշխատող կամ աշխատավարձ կրճատել։ Հիմա ի՞նչ, նրան պետք է ասենք՝ քեզ օժանդակություն չի հասնում, դու գնա կործանվի՞։ Այն դեպքում, երբ օժանդակության կարիք առաջին հերթին նման ընկերություններն ունեն։
Բայց կառավարությունը որոշել է գնալ այլ ճանապարհով։ Եվ ոչ միայն այս դեպքում։
Վարկային օժանդակություն է պատրաստվում տրամադրել փոքր և միջին գործարարության ոլորտում գործող այն ընկերություններին, որոնց ֆինանսական վիճակը նախկինում համեմատաբար ավելի լավ է եղել, նրանք կարողացել են ժամանակին կատարել իրենց վարկային և հարկային պարտավորությունները։ Իսկ նրանք, ովքեր ֆինանսական դժվարությունների պատճառով, ասենք՝ 1-2 օրով ուշացրել են իրենց պարտավորությունները, զրկվում են կառավարության օժանդակությունից ու, ըստ ամենայնի, հայտնվում ավելի դժվարին դրության մեջ։
Հարց է առաջանում. ո՞րն է կառավարության այս ծրագրի նպատակը՝ օգնել դժվարին կացության մեջ հայտնվածների՞ն, թե՞ նրանց, ովքեր նախկինում համեմատաբար բարվոք վիճակում են գտնվել։
Կառավարության առաջարկած հակաճգնաժամային միջոցառումներից լավագույնը, թերևս, գյուղատնտեսության օժանդակության ծրագիրն է, որն իսկապես կարող է աջակցություն լինել ոլորտում զբաղվածներին։ Բայց շատ կարևոր է, որպեսզի այն տեղայնացվի, և աջակցությունը հասանելի լինի գյուղացուն։
Հաճախ են նման ծրագրեր ներկայացվում, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա։ Այս անգամ ևս նույնը կլինի, եթե կառավարությունը բավարարվի միայն ծրագիր ներկայացնելով և քայլեր չանի այն իրականացնելու ուղղությամբ։
Հույսը միայն գյուղացիության ինքնակազմակերպման վրա դնելով՝ սպասել, որ Հայաստանում կոոպերատիվներ կձևավորվեն ու կկայանան, անմտություն է։ Այդպես երբեք արդյունքի չենք հասնի, ինչպես չենք հասել մինչև հիմա»։