29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ …

Էկզյուպերիի նամակն անծանոթուհուն

Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։

Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։

Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․ ”Դա ընդամենը հեքիաթ էր․․․”։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտությունն են։

Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։

Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այն լսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։

Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։

Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ “Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել”։

Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։ Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։

Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում: Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։ Վարդենին ինձ կհարցնի․ ”Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար”։

Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․ ”Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛”։

 

Ֆրանսերենից թարգմանությունը` Լուսիեն Բլբուլյան-Շուքուրյանը

Granish.org

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ