«28 տարի առաջ այս օրը, այս ժամին մենք արդեն գիտեինք, որ գիշերը պետք է լավ նորությունների սպասել։ Մեր հայրերը պատրաստվել էին դրան»
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի տարի առաջ երջանկություն եմ ունեցել մասնակցելու 90-ականների սկզբին շրջափակված և ամեն օր ոչնչացվող Ստեփանակերտի մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի ստեղծման աշխատանքներին։ Իսկ դրանից ավելի առաջ՝ հենց բուն պաշարման ժամանակ, բախտ եմ ունեցել ապրել Ստեփանակերտում՝ ֆիլմում ներկայացված մարդկանց հետ։
Մեր ընտանիքում պատերազմի տարիները երանությամբ ենք հիշում։ Ճիշտ է, կորուստների ցավը միշտ մեծ էր, բայց նույնիսկ ամենացավալի կորուստներն իմաստավորված էին։ Անիմաստ ոչինչ չկար այն ժամանակ։ Ընդհանրապես ոչինչ։ Եվ մարդիկ էին ուրիշ։ Իրարով էին ապրում ու իրար համար։ Եվ դա հաղթանակներ էր մեզ նվիրում։ Ամեն օր ու ամեն ժամ։
Այդպիսի հաղթանակներից մեկն էլ հենց Խոջալուի ազատագրումն էր։ 28 տարի առաջ այս օրը, այս ժամին մենք արդեն գիտեինք, որ գիշերը պետք է լավ նորությունների սպասել։ Մեր հայրերը պատրաստվել էին դրան։ Ամեն ինչ արել էին, իսկ մենք հավատում էինք։ Եվ ուրեմն շրջափակման ճեղքումն անխուսափելի էր։ Տարիներ անց Հարյրս այդ գործողությունը Հայկական զենքի փառահեղ հաղթանակ կոչեց։ Դե, իհարկե, ոչ միայն զենքի։
Այսօր ուզում եմ հիշենք այդ հաղթանակը։ Կամքի ու ոգու հաղթանակը։ Նաև հիշենք բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը՝ լինեն նրանք այս աշխարհում, թե այն։ Ուժեղ, թե տկար։ Առողջ, թե հիվանդ… Այդ մարդիկ կյանք են ապրել, նրանք գիտեն, թե ինչ է նշանակում պայքար ու արժանապատվություն։ Նրանք գիտեն նաև, թե ինչ է նշանակում ինքնազոհաբերություն։ Ու ոչինչ, որ նրանցից երկուսը հենց այսօր նստելու են մեղադրյալի աթոռին։ Մենք հո գիտենք, որ դա նրանց հարցը չէ, այլ մեր բոլորիս արժանապատվության։ Այդ մենք մտածելու բան ունենք, ոչ թե իրենք։ Հիշեք դրա մասին»։