29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հակասահմանադրական կրքեր․ Լիա Իվանյանի հոդվածը

Փետրվարի 6-ի ԱԺ նիստը ավելի քան ակնհայտ ցույց տվեց, որ իրական ճգնաժամն Ազգային Ժողովում է, այլ ոչ թե Սահմանադրական դատարանում։ Մինչ իմքայլականները բոցաշունչ միտինգային ելույթներով արդարացնում էին ՍԴ-ից ազատվելու իրենց «հայրենանվեր» առաքելությունը, նույն այդ ժամանակ ՍԴ դատավորները նշում էին ՍԴ հիմնադրման 24-ամյակը։

Այնուհետև երեկոյան Երևանի փողոցներով քայլելով՝ նախանձելի համբերությամբ և անբռնազբոս պատասխանում էին համառ լրագրողի սադրիչ հարցերին։ Եվ փողոցում ոչ ոք չասաց, որ Հրայր Թովմասյանը «բոբո» է։

Հիշեցնենք, որ վերջինն ընդամենը հղում է ԱԺ մի պատգամավորուհու այն արտահատությանը, որ անգամ մանկապարտեզի երեխան կասի՝ Հրայր Թովմասյանը «վատ մարդ է»։ Ահա մեծամասնություն կազմող քաղաքական ուժի մակարդակը։ Իհարկե սա անմեղ թոթովանք է ԱԺ ամբիոնից վարչապետի սփռած ատելության խոսքի ու փաստացի սպառնալիքների կողքին, մարդկանց հակապետականների ու նվիրյալների բաժանման կողքին։ Իսկ հակապետական կհամարվեն այն ուժերը, ովքեր կփորձեն «իրավական կամ այլ ճանապարհներով խոչընդոտել» ՍԴ-ի այս կազմից ազատվելու հանրաքվեն։

«Այլ ճանապարհով» խոչընդոտելը մի կերպ կարելի է հասկանալ, բայց ո՞վ կարող է արգելել իրավական ճանապարհով սեփական կարծիքը հայտնելու անձի կամ քաղաքական ուժի իրավունքը։ Այսինքն, արդեն ժողովրդավարական և իրավական պետությո՞ւն չենք։ Գուցե հանրաքվեի դրվի նաև բացարձակ միապետության անցնելո՞ւ հարցը, եթե արդեն իշխանավորների ենթագիտակցության խորքերում այդ երազանքն է առկա։ Առաջ չընկնենք, բայց «Կիկոսի մահ» հիշեցնող այդ հանրաքվեն ավելի շուտ կդառնա իշխող ուժին անվստահություն հայտնելու միջոցառում։

Արդեն իսկ անվստահության տարրեր են հնչել եվրոպական կառույցների հայտարարություններում, որոնք իշխանություների կողմից շարունակաբար անտեսելու կամ սեփական ցանկությամբ մեկնաբանելու պարագայում շատ ավելի մեծ ճնշումների կվերածվեն։ Ունե՞ն իշխանությունները այդքան հնարավորություն ու ռեսուրս՝ ներսի և դրսի միաժամանակյա ճնշումներին դիմակայելու համար։ Հազիվ թե։ Ներսում, դրսում, բարի ու չար նպատակներով, փողատու, պատվիրատու, թոշակառու ու շահառու՝ բոլորը սպասում են խոստումների իրական արդյունքներին, ինչը գնալով ավելի անիրական է դառնում։ Այդ բոլոր չիրականացած սպասելիքներն են գործընթացները շրջում են հենց իշխանությունների դեմ։

Բայց սպասենք հանրաքվեի անցկացման հստակեցմանը, ՀՀ նախագահի ստորագրել-չստորագրելուն։ Իսկ մինչ այդ այնպիսի տպավորություն է, որ այս նախագիծը հերթական ճնշման գործիք է ՍԴ դատավորների դեմ՝ շանտաժով ստիպելու նրանցից գոնե մեկին հեռանալ, կամ կաշառք-թոշակի առաջարկն ընդունել։ Ահա այստեղ է, որ օրենք ու Սահմանադրություն երևույթները մակերեսայնորեն ընկալող մարդկանց պատեհապաշտ խաղիկները բախվում են օրենքի իսկական գիտակների հետ։ Եվ սրանից էլ բխում է առաջինների ջղաձիգ շտապողականությունը և երկրորդների ինքավստահ կեցվածքը։

Փետրվարի 6-ին ԱԺ ընդունած որոշումն իր նախապատմությամբ՝ 37 իմքայլականի ստորագրությամբ Արտահերթ հրավիրելու, նախագիծը հապճեպ հետ կանչելու, հանրաքվեի դնելու հանգրվաններով, անգամ ոչ իրավաբանների մոտ բազմաթիվ հարցերի տեղիք տվեց։ Հաջորդ օրը իրավաբանական համայնքն իր փաստարկներով հաստատեց, որ նախագիծն իրոք խնդրահարույց է։ Այս պայմաններում, ՍԴ դատավորները բնականաբար, խորքով են ըմբռնում կատարվածը, և ամենայն հավանակությամբ հասկանում են, որ կատարվածը ԲԼԵՖ է։

Հ․Գ․ Ճակատագրի ինչպիսի հեգնանք․․․ ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված և մոտ երկու տարի չապացուցվող Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ոչ հեռավոր ապագայում կգտնի իր իսկական հասցեատերերին։

Լիա Իվանյան, հրապարակախոս

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ