Ինչու են հայկական հին ֆիլմերն ավելի սիրված

Կինոռեժիսոր Հարութ Շատյանի խոսքով՝ Հայաստանում ռեժիսորությամբ զբաղվելը մեծ ընկերությունների համար եկամտաբեր է, անհատների համար հիմնականում՝ ոչ: «Հեղինակային ֆիլմերի ռեժիսորներին, ովքեր չունեն այդ ներդրումները, անում են զուտ միգուցե իրենց հաճույքի համար, որովհետև միայն այդ են կարողանում անել, օրինակ` ես միայն դա եմ կարողանում անել, դրա համար էլ չեմ գնում օրինակ պատուհան դնեմ, այնպես չէ, որ փող կա հեղինակային կինոյում, բայց նաև կա անունը բարձրացնելու, քո մասին հնչեցնելու, քեզ ցույց տալու հնարավորություն: Իսկ դա, իմ կարծիքով, եթե քո մոտ լավ է ստացվում, հետագայում բերում է արդեն փողով աշխատանքներ»,-Henaran.am-ի հարցին, թե եկամտաբեր է ռեժիսորի համար ֆիլմ նկարահանելը Հայաստանում, ասաց նա:
Ինչ վերաբերում է հայկական կինոյին, ապա ռեժիսորը նշեց, որ կոմերցիոն դաշտում այն բավականին լավ վիճակում է գտնվում, քանի որ նկարահանված ֆիլմերը հիմնականում բավական դիտումներ են ունենում կինոթատրոններում: «Մարդիկ նկարում են, գնում են, նայում, ամեն տարի ավելի են զարգանում, սկսում են համագործակցություններն այլ երկրների հետ, դա արդեն ողջունելի է ու գնալով կզարգանա»:
Սակայն, Հարութ Շատյանի կարծիքով, հեղինակային կինոն խնդիր ունի: «Որովհետև հիմա այստեղ մենք նկարում ենք այն, ինչ հինգ տարի առաջ Եվրոպայում էին նկարում, մի քանի տարի մի քիչ հետ ենք մնացել: Դա իր պատճառներն ունի. այն ռեժիսորներն, ովքեր աշխատում են հեղինակային ֆիլմում, չեմ ասի՝ չեն հետևի համաշխարհային կինոյի զարգացմանն, ուղղակի հնարավորություն չունեն գնալու այլ երկրներ` տեսնելու, հասկանալու, թե ինչ են անում այնտեղ»:
Հարցին՝ ինչու մեր ծնողներն ավելի մեծ սիրով դիտում են հին հայկական ֆիլմերը, ռեժիսորը պատասխանեց. «Այն ժամանակ արտադրվում էր օրինակի համար՝ երեք ֆիլմ, իրենք դրանցից այն կողմ ոչինչ չէին տեսնում, և լավը լիներ, վատը լիներ, միևնույնն է, սիրելու էին, որովհետև դա հայկական էր, լավ ու վատի մասին չէ խոսքը, իրենք դա են տեսել: Հիմա ժամանակները փոխվել են, ու ֆիլմերը շատ են բացի հայկականից: Երբ բացվեց այդ վարագույրն, ու դրսի ֆիլմերն էլ սկսեցին ներս գալ, բացի հնդկական ֆիլմերից, որ ժամանակին մեծ համբավ ունեին Հայաստանում, մարդկանց ընտրությունը շատացավ, ու վիճակագրությունը փոխվեց»:
Հարութ Շատյանի համոզմամբ՝ հին հայկական ֆիլմերում հիմա կարող ենք թերություններ գտնել, սակայն այնքան դրանք լավն են, որ չենք էլ ցանկանում թերությունները գտնել, բացի այդ այդ ֆիլմերը իրենց ժամանակի համեմատությամբ բավականին հաջողված են եղել: