24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ եղան միլիարդների հասնող ներդրումային ծրագրերը. 168 Ժամ

168.am-ը գրում է․ «Վերջին տասնամյակում ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում էապես վատացել է։ Հիմնական միջոցներում ներդրումները 41 տոկոսից իջել են մինչև 17 տոկոսի։ Ակնկալվում էր, որ իրավիճակը կփոխվի իշխանափոխությունից հետո։ Բայց չի փոխվում։

Անցած տարվա արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց կառավարությունը նույնիսկ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցության վատացում է կանխատեսում։ Այս տարվա համար ևս սպասումները մեծ չեն։ Ակնկալվում է ընդամենը 0,6 տոկոսային կետով բարելավում։

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվություն չկա։ Կառավարության ներդրումային քաղաքականությունը, եթե այդպիսին կա, առայժմ արդյունք չի տալիս։ Վերջին շրջանում ներդրումային ծրագրերի մասին գրեթե չի էլ խոսվում։ Այնինչ, ցույց տալու համար, թե ինչպիսի լուրջ հետաքրքրություններ կան Հայաստանի տնտեսության նկատմամբ` ժամանակին հայտարարվում էր ընդհուպ մինչև մի քանի միլիարդ դոլարի հասնող ծրագրերի առկայության մասին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ խոսել են վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը։ Չի բացառվում նույնիսկ, որ այսօր արդեն հաշվառված ծրագրերի ֆինանսական առաջարկն անցած լինի 5-6 միլիարդից։

Բայց դա չէ կարևորը։ Կարևորը փաստացի ներդրումներն են, որոնք շատ քիչ են։

Ինչքան էլ ասենք, որ ներդրումները ժամանակ են պահանջում, այնուհանդերձ անհնարին է չընդունել, որ մեկուկես տարին քիչ ժամանակ չէ։ Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում որևէ նոր, քիչ թե շատ խոշոր ներդրումային ծրագիր չի մեկնարկել։ Եթե նույնիսկ մեկնարկել է, ապա եղել է նախկիններից մնացած։

Այդպիսի մի ծրագիր, թերևս, կարելի է հիշել. խոսքը Երևանի նոր ջերմային կայանի կառուցման մասին է, որի հիմնարկեքը արեցին նախկինները, նորերը եկան թարմացրին։ Բայց դրանով, իհարկե, բան չփոխվեց։ Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ դա նախկինների կատարած աշխատանքի արդյունքն է։ Իսկ նորերի աշխատանքը` ներդրումային ծրագրերի իրականացման առումով, դեռ տեսանելի չէ։ Այդպիսի կոնկրետ օրինակներ չկան։

Վերջերս վարչապետը մասնակցեց մի քանի ոչ մեծ ներդրումային ծրագրերի մեկնարկի, սակայն հետո պարզվեց, որ դրանք ևս գալիս են նախկինից։ Ավելին, դրանց մի մասը մեկնարկից կարճ ժամանակ անց նույնիսկ կանգնել է խնդիրների առաջ։

Ակնհայտ է, որ կառավարության ներդրումային սպասելիքները չեն արդարանում։ Արտաքին կապիտալը հետաքրքրված չէ Հայաստանում գործ սկսելու համար։ Ու դա պարզորոշ երևում է նաև պաշտոնական ցուցանիշներից։

Անցած տարվա առաջին 9 ամիսներին (տարեկան ցուցանիշները դեռևս հայտնի չեն) օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նույնիսկ ավելի քիչ էին, քան 2018թ. նույն ժամանակահատվածում։ Այն պարագայում, երբ 2018թ. քաղաքական բուռն գործընթացների ժամանակ և դրան հաջորդող շրջանում Հայաստանի տնտեսության մեջ անգամ գործող ներդրումային ծրագրերով ֆինանսական հոսքերը գրեթե դադարել էին։ Այդքանից հետո 2018թ. իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 127 մլն դոլար, 2019թ. կազմեցին ընդամենը 67 մլն դոլար։ Այսինքն` նվազեցին գրեթե կիսով չափ։

Ահա սա է արտաքին կապիտալի հետաքրքրությունը հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Ու դրա հիմնական պատճառն այն է, որ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անում է ներդրողներին վանելու համար։ Զարմանալի չէ, որ ներդրումային կապիտալի մեծ արտահոսք կա Հայաստանի տնտեսությունից։ Անցած տարվա միայն առաջին 9 ամիսներին դրանք կազմեցին գրեթե 389 մլն դոլար։

Գնալով ավելանում է այն ներդրողների թիվը, որոնք լրջագույն խնդիրների են բախվում կառավարման մարմինների հետ հարաբերություններում։ Դրանցից մեկն էլ դարձավ «Սանիթեքը», որը քաղաքապետի համառ ջանքերով դուրս մղվեց Երևանում սանմաքրման ծառայություններ մատուցելու գործընթացից։

Ճի՞շտ էր այդ քայլը, թե՞ սխալ, կարևոր չէ։ Ինչպես հայտնի է, «Սանիթեքը» հայտարարել է միջազգային արբիտրաժ դիմելու մտադրությունների մասին։ Իսկ դա ամենևին էլ չի բխում Հայաստանի ներդրումային շահերից։ Միայն այն, որ օտարերկրյա ներդրողը պատրաստվում է իր իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում, արդեն բավական է` ազդելու պոտենցիալ ներդրողների վարքագծի վրա։

Առավել ևս, որ վերջին շրջանում նման ահազանգերը շատացել են։ «Լիդիանի» օրինակը դրա լավագույն վկայությունն է։ Չնայած վերջինս դեռևս չի շտապում մտնել միջազգային արբիտրաժ, այնուհանդերձ ձեռք է բերել այդ իրավունքը։ Ու բնավ կարևոր չէ` կօգտվի՞ այդ իրավունքից, թե՞ ոչ։

Այն, ինչ վերջին մեկուկես տարում տեղի է ունենում Հայաստանում օտարերկրյա ներդրողների շուրջ, բավական է մյուսներին՝ զգուշանալու և հետևություններ անելու համար։ Էլ չասենք, թե պոտենցիալ ներդրողներն ինչպիսի վերաբերմունքի են արժանանում պետական կառավարման մարմինների կողմից։

Ու այդ ամենին ավելանում են այն անորոշությունները, որոնք իշխանափոխությունից գրեթե 2 տարի հետո պահպանվում են։ Սպասումները՝ տնտեսական բարեփոխումների հետ կապված, չեն իրականանում։ Եվ դա շուտով կարող է վերածվել հիասթափության, ինչը շատ ավելի վտանգավոր է։

Այսքանից հետո, թերևս, զարմանալի չէ, որ այդքան սպասված արտաքին կապիտալը չի գալիս Հայաստան։ Ու չի գա, ինչքան էլ միջազգային կազմակերպությունները բարձրացնեն Հայաստանի սուվերեն վարկանիշը, իսկ կառավարությունը կուրծք ծեծի, թե ստեղծել է լավ պայմաններ ներդրումների համար։ Նման բաները ներդրողներին քիչ են հետաքրքրում։ Նրանք առաջնորդվում են ոչ թե խոստումներով, այլ փաստերով։ Իսկ փաստերը չեն խոսում Հայաստանի ներդրումային գրավչության ու նպաստավոր մթնոլորտի մասին։

Ներդրումներին խանգարող պատճառաբանությունները, որոնք ժամանակին բերում էին իշխանությունները, սին դուրս եկան։ Նույնիսկ դրանց վերացումից հետո ներդրողները շարունակում են պասիվ լինել։ Չկան Ազգային ժողովի ընտրություններից առաջ և անմիջապես հետո կառավարության հայտարարած միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերը։

Դժվար չէ պատկերացնել, թե այս տեմպերով գնալու դեպքում դեռ ինչքան պիտի սպասենք, որպեսզի հասնենք ՀՆԱ-ի մեջ ներդրումների նախկին ծավալներին։ Իսկ դա օդ ու ջրի պես հարկավոր է Հայաստանի տնտեսությանը։ Առանց ներդրումների՝ անհնարին է պատկերացնել տնտեսության ոչ միայն բարձր, այլև երկարատև ու կայուն աճը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ