Դատարանը հրաժարվում է ապահարզան տալ խաբված կնոջը
Ընտանիքի հարցերով Մյունխենի դատարանը մերժել է հաստատել մի կնոջ ապահարզանը, որը հայտնվել է կեղծ ամուսնության հետ կապված խաբեության մեջ: Մի կողմից դատարանը կարծում է, որ ամուսնության վկայականը կարելի է վավեր համարել, մյուս կողմից` այդ միությունն իրականում գոյություն չունի:
Այս արտասովոր դեպքը գերմանական դատարաններում քննվում է 2008-ից: Փաստաթղթերում ասվում է, որ Գերմանիա ժամանած Աննան, ով մի քանի տարի այնտեղ բնակվելուց հետո քաղաքացիություն է ստացել, իր համար պոտենցիալ փեսացու է փնտրելիս եղել: Ամուսնական գործակալը նրան ծանոթացրել է 20-ամյա մի հնդիկ փախստականի հետ, սակայն վերջինս Աննային դուր չի եկել:
Մի քանի օրից Աննան փոստով նամակ է ստացել, որում գրված է եղել, որ ինքն ամուսնացել է այդ հնդիկ երիտասարդի հետ: Վկայականը հաստատվել է Բոսնիա եւ Հերցեգովինայում: Աննան պնդում է, որ իր ստորագրությունը կեղծված է: Ենթադրվում է, որ հնդիկ փախստականը պատճենել է Աննայի անձնագրային տվյալները, քանի որ հանդիպման ժամանակ անձնագիրն Աննայի մոտ է եղել, եւ օգտագործել է դրանք կեղծ ամուսնություն գրանցելու համար, որպեսզի հնարավորություն ունենա մնալ Գերմանիայում:
Նամակն ստանալուց հետո Աննան անմիջապես դատարան է դիմել` ամուսնությունը չեղյալ հայտարարելու պահանջով, սակայն մինչ օրս այդ խնդիրը չի լուծվել: Դատարանաը համարում է, որ Աննան երբեւիցե ամուսնացած չի եղել եւ կարիք չկա, որ նա բաժանվի: Սակայն, քանի որ գոյություն ունեցող փաստաթուղթը հակառակն է վկայում, նա առայժմ չի կարողանում ամուսնանալ իր ներկայիս ընկերոջ հետ: