Ստալոնեն փնտրում է որդուն սպանողին
Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն մասնավոր խուզարկու է վարձել, որպեսզի պարզի իր որդի Սեյջի մահվան հանգամանքները: Ստալոնեն համոզված է, որ որդուն սպանել են, այդ պատճառով էլ ցանկանում է գտնել մարդասպանին, հաղորդում է “Lifenews.ru”-ն: Նա նաեւ ցանկանում է պարզել, թե ինչ է կատարվել վերջին ընթացքում իր որդու կյանքում` օգտագործել է նա թմրանյութեր, թե` ոչ:
Խուզարկու Սքոտ Ռոսը, ում վարձել է Ստալոնեն, լավագույններից մեկն է իր գործում ԱՄՆ-ում: Հենց նա է ժամանակին հետաքննություն վարել Մայքլ Ջեքսոնի գործով, երբ վերջինիս մեղադրում էին անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություններ թույլ տալու մեջ: Նա է հետաքննել նաեւ երգչուհի Ռիհաննայի` Քրիս Բրաունի կողմից ծեծի ենթարկվելու գործը:
Հարկ է նշել, որ Սեյջի մահվան մեջ մեղադրանքներ ուղղվեցին նաեւ հայր Ստալոնեին: Դերասանի զարմիկ Էդդին Facebook-ի իր էջում գրել է, որ դերասանը բավարար ուշադրության չէր արժանացնում որդուն, ավելին, խուսափում էր շփվել նրա հետ: Նա հավելել է նաեւ, որ ավագ Ստալոնեն չի պատասխանել որդու զանգին նույնիսկ իր ծննդյան օրը, երբ Սեյջը ցանկանում էր պարզապես շնորհավորել:
Սեյջը մահվանից ոչ շատ առաջ ատամնաբույժի մոտ է գնացել` միանգամից 5 ատամ հեռացնելու: Երկար ժամանակ նա ծնոտի ուժեղ ցավեր է ունեցել, որի պատճառով ցավազրկող դեղամիջոցներ է օգտագործել, սակայն նրա սենյակում գտել են նաեւ այնպիսի դեղեր, որոնք վաճառվում են միայն բժշկի թույլտվությամբ:
Սեյջը Ստալոնեի ավագ որդին էր առաջին ամուսնությունից: 1990-ին, երբ նա 14 տարեկան էր, հոր հետ նկարահանվեց “Ռոկկի-5” ֆիլմում, սակայն ֆիլմն անհաջող ստացվեց, Սեյջն էլ այդպես էլ բարձրակարգ դերասան չդարձավ` դրա փոխարեն ընտրելով պրոդյուսերի մասնագիտությունը: 1996-ին նա դարձավ “Grindhouse Releasing” կինոընկերության հիմնադիրներից մեկը: