17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա բուհի շահառուների նկատմամբ անհավասար ու անարդարացի վերաբերմունք է. Գիտությունների դոկտորն ահազանգում է

Բարձրագույն կրթության և գիտության օրենքի նախագծի մասին առաջարկներ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի կողմից՝ ուղղված ԿԳՄՍ նախարարին.

Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:
Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև,
1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն,
2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից,
3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»:
Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա:

Հոդված 17, մաս 8.
Նախագծում` «Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ընդունելության համար ներկայացվող ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից չունեն ավարտական գնահատական, կարող են դրա փոխարեն քննություն հանձնել օտար լեզվից՝ Կառավարության կողմից սահմանված ընդունելության կարգի համաձայն»: Սա հակասում է հոդված 17-ի 7-րդ մասին, այն է` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության վկայագիրը պարտադիր է»: Ուստի առաջարկում ենք հանել 8-րդ մասը, քանի որ իրավական ակտի մասերը չպետք է հակասեն իրար` համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի:

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան բարձրագույն գիտական կոչումներ ունեցող և Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականների ինքնակառավարվող միավորում է, որի հիմնական գործառույթը գիտության զարգացման և գիտահետազոտական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև հանրապետության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին խորհրդատվության տրամադրումն է:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպական-իրավական ձևի և գործունեության առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:
Սույն շարադրանքն առաջարկում եմ հանել, քանի որ ակադեմիայի մասին օրենք կա, և կարիք չկա ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` այն փոխարինելով ակադեմիայի մասին այս ճապաղ շարադրանքով:

Հոդված 26. Բուհի կառավարման խորհրդի ձևավորումը
Նախագծում` «2. Կառավարման խորհուրդը բաղկացած է 12 անդամից:
3. Կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝
1) 1-ը՝ ուսանողության ներկայացուցիչներից, որին առաջադրում է բուհի ուսանողական խորհուրդը,
2) 4-ը՝ բուհի հիմնական ակադեմիական կազմից, որոնց առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը,
3) 1-ը՝ բուհի հետ համագործակցող կազմակերպություններից, որոնց ներկայացուցչին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, ելնելով բուհի առանձնահատկություններից և ոլորտային ուղղվածությունից,
4) 6-ին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ գործարարներից, կրթության, գիտության, մշակույթի կամ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներից»։
Ինչպես տեսնում ենք, առաջարկված նախագծում ուսանողությանը տրվում է 1 տեղ, իսկ կառավարությանը` 6 տեղ: Սա բուհի շահառուների նկատմամբ անհավասար ու անարդարացի վերաբերմունք է: Այդ դեպքում պետությունը պետք է պարտավորվի նույն համամասնությամբ վճարել բուհին, իրականում բուհին փող տալիս է հիմնականում ուսանողը, հետևաբար պետք է բուհը կառավարի նախ և առաջ ուսանողը, ոչ թե չնչին գումար վճարող պետությունը` ի դեմս օրվա կառավարության, ինչն առաջարկված է նախագծում:
Նախագծի այս ձևաչափը չի բխում բուհական ինքնավարությունից, ինչը ըստ օրինագծի 4-րդ հոդվածի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է («բուհական ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության ապահովումը» (հոդված 4, մաս 1, կետ 2), նաև «բուհերի և գիտական կազմակերպությունների հետ պետական մարմինների և մասնավոր գործընկերների համագործակցության ամրապնդումը՝ բուհի և գիտական կազմակերպության ինքնավարության սկզբունքի պահպանմամբ» (հոդված 4, մաս 1, կետ 10):
Նախագծի այս ձևաչափը նախարարությունից կախվածության մշակման փորձ է: Ավելին` հոդված 27-ի 4-րդ մասով նախագծում առաջարկվում է. «Կառավարման խորհրդի նախագահ կարող է լինել միայն բուհի հետ համագործակցող կազմակերպությունից կամ լիազոր մարմնի կողմից նշանակված անդամը», որով ամեն ինչ ասված է, մինչդեռ գործող օրենքում իրավացիորեն սահմանափակվում էր միայն ուսանողի` կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու իրավունքը, իսկ խորհրդի մյուս բոլոր անդամները` այդ թվում նաև բուհերից ներկայացված անդամները կարող էին ընտրվել խորհրդի նախագահ։
Առաջարկում եմ` բուհերի ինքնավարությունը պահպանելու նպատակով կառավարման խորհուրդներում շահառու ճանաչել 33.3 տոկոս ՀՀ կառավարությանը` լիազոր մարմնի հետ միասին, 33.3 տոկոս բուհի աշխատակիցներին և 33.3 տոկոս ուսանողությանը: Միաժամանակ բուհական ինքնավարության սկզբունքից ելնելով` կառավարման խորհդի անդամների քանակն առաջարկում եմ սահմանել բուհերի կանոնադրությամբ` հաշվի առնելով տվյալ բուհի առանձնահատկությունը:

Հոդված 27. Մաս 7, կետ 6-րդ
«7. Կառավարման խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
«հանդիսանում է տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ». ամոթ է նման լեզվական մակարդակով բարձրագույն կրթության օրենքի նախագիծ գրելը. առաջարկում եմ շարադրել գրական հայերեն, այն է` «տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ է»:
Հոդված 31. Բուհի ռեկտորը
«2. Բուհի ռեկտորի (այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և՝
1) բուհում դասավանդման և վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ,
2) գիտական և վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ,
3) բարձրագույն կրթության կամ գիտության համակարգի ղեկավար աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ»:
Բուհը գիտակրթական հաստատություն է, և պետք է ղեկավարի կայացած գիտնականը, ոչ թե պատեհապաշտությամբ գիտական աստիճան ստացած և, ինչպես սիրում են այժմ կրկնել, «ՀԻՆ» Հայաստանում վարչական պաշտոն զբաղեցրած անարժան մեկը: Առաջարկում եմ պահպանել բուհական ինքնավարության սկզբունքը, և այս շարադրանքը փոխարինել հետևյալ արտահայտությամբ. «Բուհի ռեկտոր կարող է ընտրվել բուհի կանոնադրությամբ սահմանված պահանջներին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին»:
Միաժամանակ հաշվի առնելով այսօր բուհերում ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ օրենքով սահմանել ռեկտորի թափուր պաշտոնի` պաշտոնակատարով փոխարինման առավելագույն ժամկետ` 3 ամիս:
Նույն հոդվածի 8-րդ մասի 15 կետով ռեկտորը.
«15) ակադեմիական խորհրդին է ներկայացնում բուհի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը», մինչդեռ ռեկտորը հաշվետու է իրեն ընտրող կառավարման խորհրդին, ինչը չի սահմանված օրենքի նախագծում, ուստի առաջարկում եմ «ակադեմիական» բառը փոխարինել «կառավարման» բառով.
«15) կառավարման խորհրդին է ներկայացնում բուհի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը»: Կառավարման խորհրդի նիստը դռնբաց է և կարող են մասնակցել նաև ակադեմիական խորհրդի անդամներն ու բուհի բոլոր շահառուները:

Հոդված 32. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորումը

Եթե մենք այս կամ այն առիթով պնդում ենք, թե ինտեգրվում ենք եվրոպական կրթական համակարգին, ապա ներկայացնում եմ եվրոպական երկրներում ընդունված մոտեցում, և առաջարկում եմ հոդված 32-ում ավելացնել հետևյալ ձևակերպումը.
«Կառավարությունը ստանձնում է պետական բուհերի ֆինանսավորման առնվազն 80 տոկոսը»:

Հոդված 36, մաս 2.
Նախագծում` «2. Բուհում սահմանվում են՝ ակադեմիական (պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ և դասախոս, իսկ ռազմաուսումնական հաստատությունում` ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս): Առաջարկում եմ ակադեմիական կազմի մեջ ավելացնել նաև ամբիոնի վարիչի պաշտոնը. «Բուհում սահմանվում են՝ ակադեմիական (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ և դասախոս……………….»:

Հոդված 36, մաս 11.
Նախագծում` «11. Բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է բաց մրցութային կարգով՝ 3-5 տարի ժամկետով: Ակադեմիական կազմի գործունեության արդյունքների գնահատման հիման վրա աշխատանքային հարաբերությունները կարող են շարունակվել 3 տարի ժամկետով՝ առանց մրցութային ընտրության»:
Շատ տեղին է, որ գործող օրենքի մինչև 5-ը դարձել է 5, սա կանխում է գործատուների կամայականությունը, որը միաժամանակ կոռուպցիոն ռիսկ էր պարունակում, այս դեպքում ևս 3-5-ը նման վտանգ ունի, ուստի առաջարկում եմ երկու դեպքում էլ հստակ գրել 5 տարի:
Հոդված 36, մաս 12.
Նախագծում` «Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ բուհի ռեկտորը՝ ամբիոնի առաջարկությամբ, կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով»:
Առաջարկում եմ օրենքի նախագծից հանել այս հատվածը: Սա բաց մրցույթի տրամաբանության դեմ է, ավելին` մարդու իրավունքի սահմանափակում, առավել ևս գիտնականների մեծ մասը այդ տարիքի մարդիկ են:

Հոդված 36, մաս 16, կետ 3.
Նախագծի` «իր հայեցողությամբ կրթական ծրագրի շրջանակներում կազմել դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրել դասավանդման և ուսումնառության մեթոդներ» արտահայտությունը առաջարկում եմ լրացնել «իր հայեցողությամբ կրթական ծրագրի շրջանակներում կազմել դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրել դասավանդման և ուսումնառության մեթոդներ, այդ թվում` դասընթացի ստուգման ձևերը»:

Հոդված 38, մաս 10.
Նախագծի անցումային դրույթներում` «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը, բացառությամբ գիտությունների թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճանների շնորհման մասով նույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթի ուժի մեջ մտնելը»: Առաջարկում եմ հանել գիտության և ակադեմիայի մասին բոլոր դրույթները և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրամշակել առանձին: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում առաջարկում եմ գիտության թեկնածուի գիտական աստիճանը համապատասխանեցնել եվրոպական PhD աստիճանին, իսկ գիտական աստիճանաշնորհման կարգում պահպանել երկրորդ աստիճանը` գիտության դոկտորի աստիճանը, որը նույնական է եվրոպական հաբիլիտիացիային: Հակառակ դեպքում մենք իմիտացիա ենք անում, թե ինտրեգրվում ենք եվրոպական արժեքներին, սակայն մեր գիտությունը դնում ենք հարվածի տակ` զրկելով գիտության բարձրագույն աստիճանից` եվրոպական հաբիլիտիացիայից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ